ԸՆԴԵՐՔԻ ԴԵԺԱՎՅՈՒ` ԸՍՏ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ԸՆԴԵՐՔԻ ԴԵԺԱՎՅՈՒ` ԸՍՏ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ

News.am

Սեպտեմբերի 3-ին կառավարության նիստի ընթացքում լուրջ բանավեճ ծավալվեց «Ընդերքի մասին» օրենքի նախագծի շուրջ։

Ընդհանրապես, հազվադեպ է պատահում, որ այս կամ այն հարցի վերաբերյալ կառավարության նիստի ընթացքում լուրջ քննարկում ծավալվի, կամ նախարարները բարձրաձայնեն իրենց դժգոհությունների մասին։ Սովորաբար, բոլոր հարցերը համաձայնեցվում են մինչ կառավարության նիստը, այսպես կոչված «նախարարական կոմիտեում», իսկ կառավարության նիստը պարզապես ֆորմալ բնույթ է կրում։ Սակայն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշեց խախտել կարծրատիպերն ու բավական կտրուկ քննադատության ենթարկեց «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը։

Նա ասաց, որ նախագիծը լիարժեք հաշվի չի առնում Համաշխարհային բանկի փորձագետների առաջարկությունները, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա։ Օրինակ՝ ՀԲ-ն առաջարկել է հանքի շահագործման լիցենզիա տալիս, իրականացնել միայն սոցիալական եւ բնապահպանական փորձաքննություն, այնինչ առաջարկվող նախագիծը ենթադրում է նաեւ տեխնիկատնտեսական փորձաքննություն։ «Իմ համար դեժավյու է, երբ պետությունը ստուգելու է, թե ինչ կռազով պետք է հանքը փորվի»,- ասաց Ն. Երիցյանը։ Նրա հաջորդ առարկությունը կապված էր տեսչության կարգավիճակի հետ։ Մեջ բերելով համաշխարհային փորձը՝ Երիցյանն ասաց, որ այս ոլորտում տեսչության փոխարեն պետք է ստեղծել գործակալություն, որը առանձնացված կլինի պետությունից, սակայն հեռու կլինի նաեւ բիզնեսից։ Այդ գործակալության հիմնական խնդիրը պետք է լինի լիցենզիաների տրամադրումը եւ դրանց նկատմամբ վերահսկողության սահմանումը։ Այնուհետեւ էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ «էլի խնդիրներ կան, որ ՀԲ-ն առաջարկում է, սակայն նախագծում արտացոլված չեն»։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հիմնականում անարձագանք թողեց էկոնոմիկայի նախարարի դիտողությունները, սակայն թվարկեց իր ներկայացրած նախագծի մի շարք առավելություններ։ Օրինակ՝ շրջակա միջավայրի փորձաքննություն պահանջվելու է արդեն երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, կամ՝ հանքը փակելուց 2 տարի առաջ շահագործողը պետք է ներկայացնի հանքի փակման ծրագիր եւ այլն։

Այնուամենայնիվ՝ կառավարության անդամների ելույթներն ու հարցերը շարունակվեցին, ինչը ստիպեց վարչապետ Տիգրան Սարգսյանին հետաքրքրվել, թե ո՞ր գերատեսչություններն են ներգրավվել աշխատանքային խմբում։ Պարզվեց՝ էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այնտեղ բացակայել են։ Այնուամենայնիվ՝ վարչապետը հակված էր նախագիծն ընդունել առանց էական փոփոխությունների, ասելով, որ դրա վրա «լուրջ թիմ» է աշխատել, իսկ օրենքի նախագծի սեփականության իրավունքը պետք է մեզ պատկանի, այլ ոչ թե Համաշխարհային բանկին։

Ի դեպ՝ կառավարությանն առաջարկվել է նաեւ ստեղծել ընդերքի նախարարություն՝ հաշվի առնելով պաշարները եւ այն մեծ դերը, որ խաղում է ընդերքը երկրի  տնտեսությունում։ Բարեբախտաբար՝ կառավարությունը ձեռնպահ է մնացել հերթական նախարարության ստեղծումից։

Սեպտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր