ՀԵՐԹԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

Գայանե Մկրտչյան, A1+ - www.iwpr.net

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն պնդում է, որ իրեն պատկանող հանքաարդյունաբերության թափոնների պոչամբարի վերագործարկումը վտանգ չի ներկայացնում տեղական բնակչության համար:

Հայ բնապահպանները մտահոգվում են, որ հանքաարդյունաբերական թափոններով լեցուն պոչամբարի վերաշահագործումը կարող է սպառնալ տեղական բնակչության առողջությանը:

Ներկայումս «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող, 35 տարի առաջ կառուցված հանքաարդյունաբերության թափոնների կուտակման վայրը փռված է 5 հա տարածքի վրա` Հայաստանի հյուսիս արևմտյան հատվածում` Լոռու մարզի Ճոճկան եւ Այրում գյուղերի մեջտեղում:

Դեռևս 20 տարի առաջ խորհրդային իշխանությունները դադարեցրեցին այն շահագործել՝ թափոններով լցվելու պատճառով: ԽՍՀՄ փլուզումից հետո պոչամբարը մնաց բացված վիճակում՝ վտանգելով շրջակա միջավայրը:

Այժմ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերագործարկել պոչամբարը:

Տեղացիները շատ վատ պատկերացում ունեն պոչամբարի պարունակության ու վտանգների վերաբերյալ, իսկ շահագործման մասին ընդհանրապես տեղեկություն չունեն:

«Էկոլուր» տեղեկատվական բնապահպանական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ասում է, որ «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի»-ին ստեղծում է բնապահպանական տեսանկյունից վտանգավոր նոր օբյեկտ առանց հասարակական լսումներ անցկացնելու:

«Ընկերությունը նախ պարտավոր է հանրային քննարկումներ կազմակերպել, գյուղացիներից հարցնել՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ իրենց քթի տակ նման վտանգավոր օբյեկտ գործի: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի»-ն պետք է հանրությանը ներկայացնի պոչամբարի վերակառուցման նախագիծը, թե ինչ մեխանիզմով է գործելու, ինչը մինչ օրս չի արել: Մենք չենք տեսել պոչամբարի շահագործման սերտիֆիկատը: Մեր կարծիքով, դա անօրինական գործունեություն է», - անհանգստացած է Զառաֆյանը:

Պոչամբարի շրջակայքում բնակվող գյուղացիները բողոքում են, որ տարիներ շարունակ հանքաարդյունաբերական թափոնները աղտոտել են իրենց հողը:

«Պոչմաբարի կողքին 3 հա մշակվող հողատարածք ունենք, արոտավայրեր ու թփուտներ: Երբեմն պոչամբարի ջրերը հայտնվում են գյուղի ոռոգման ջրում, քանի որ գյուղի հողերը սնող ոռոգման ջրերն անցնում են պոչամբարին մոտ տարածքով, - ասում է Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը: - 90 ականներին սկսել էին հողով ծածկել, հիմա ինչն են հիմք ընդունել, որ նորից շահագործում են, չգիտենք»:

Գյուղացիները պնդում են, որ ոչինչ չգիտեն «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» ընկերության` պոչամբարի վերաշահագործման ծրագրերի մասին:

Ճոճկանցի Անահիտ Վահրամյանն ասում է` իրենք տեսնում են, որ պոչամբարի կողքին շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց չգիտեն, թե ինչ նպատակով. «Մենք ապրում ենք ուղիղ կողքին, ու ամենաառաջին տուժողը մենք ենք: Բայց ով է մեզ բանի տեղ դնում, որ մի հատ էլ ասեն»:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական տեխնիկայի գծով խորհրդական Վլադիմիր Աբելյանը զարմանում է բնապահպանների ու մասնագետների բարձրացրած աղմուկի վրա:

«Էն ժամանակ, որ այդ պոչամբարը անտերության էր մատնված, ոչինչ չէին ասում, հիմա, որ սկսել ենք վերակառուցել` խոսում են», - ասում է նա եւ ցույց տալիս ՀՀ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից տրված եզրակացությունը, որի հիման վրա էլ պոչամբարում սկսել են շինարարական աշխատանքները:

Նահատակի պոչամբարի վտանգերի մասին է նաեւ բարձրաձայնում Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոնը:

«Պոչամբարի դրենաժային համակարգը չի գործում, խողովակները, որով պոչամբար մտնող ջուրը պետք է շրջանառություն կատարի, փակված են, եւ ջուրը մնում է պոչամբարում` գոյացնելով հեղուկ մասսա: Հորդառատ տեղումների կամ երկրաշարժի ժամանակ այդ մասսան կարող է հոսել ներքեւ եւ թունավորել շրջակա միջավայրը», - ահազանգում է կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը:

Մինասյանի գնահատմամբ` եթե Նահատակի պոչամբարը նորմերին համապատասխան վերակառուցվի եւ շահագործվի, կոմբինատի համար այն ամենալավ լուծումը կլինի:

«Հակառակ դեպքում պոչամբարի պարունակությունը` 22 միլիոն խմ թույն, կարող է ամեն վայրկյան թափվել անդրսահմանային Դեբեդ գետը, ծածկել ճանապարհը և երկաթգիծը», - ասում է Մինասյանը:

Վլադիմիր Աբելյանը հերքում է 22 միլիոն խմ թույնի մասին տեղեկատվությունը եւ ասում, որ այն չի համապատասխանում իրականությանը: Նա մատնանշում է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից տրված եզրակացությունը, որտեղ նշվում է, որ Նահատակի պոչամբարը նախատեսված է եղել 3 մլն խմ պոչանքների համար:
Նա նշում է, որ կոմբինատը տարեկան մշակում է 200-250 հազար տոննա հանքաքար: Ըստ Աբելյանի` նման արտադրական հզորությունների դեպքում կոմբինատը կկարողանա Նահատակի պոչամբարը օգտագործել 6-7 տարի:

«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի տեղեկություններով` այս պահին իրենք վերականգնում են միջանկյալ պոչամբարից մինչեւ Նահակատի պոչամբար ձգվող պոչատարը, Նահատակի պոչամբարից մաքրված ջրերի հարստացուցիչ ֆաբրիկա վերադարձող ջրատարը` իր պոմպային տնտեսությամբ, ինչը կբացառի օգտագործված ջրերի արտահոսքը շրջակա ջրավազաններ:

«Անձրեւաջրերի ներհոսքը պոչամբար կանխելու համար մաքրվել եւ վերականգնվել է հեղեղատարը», - ասում է Աբելյանը:

Այնուհանդերձ, պոչամբարի շրջակայքում ապրողները, բնապահպաններն ու ոլորտի մասնագետները տեղեկացված չեն այս ամենի վերաբերյալ, որովհետեւ կոմբինատն աշխատանքները սկսելուց առաջ չի անցկացրել հասարակական լսումներ:

«Շատ լավ է, որ այդ եզրակացությունը գոյություն ունի, բայց թող բարի լինեին անցկացնել լսումներ, մինչեւ աշխատանքները սկսելը, երբ կհամաձայնեցնեին նաեւ հասարակության հետ», - ասում է Ինգա Զառաֆյանը:

Սեպտեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր