

ԷկոԼուր
Մաշտոցի այգում իրավիճակը կտրուկ սրվել է: « Այս պահին Մաշտոցի պուրակում քսանից ավելի ոստիկաններ են հավաքվել բանվորների հետ: Ակտիվիստների թիվը մոտ 10 է: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին և պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը: Խնդրում ենք միանալ քաղաքացիներին Մաշտոցի պուրակում: Խնդիրը շատ հրատապ է: ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻԱՑԵՔ»: «ԷկոԼուր»-ն այս ահազանգը ստացավ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունից: Այս հաղորդագրությունից րոպեներ անց Facebook-ում ստացվեց նոր հաղորդագրություն. «Ոստիկանները, օղակի մեջ առնելով երիտասարդներին, հեռացրել են նրանց շինհրապարակից»:
Ոստիկանները բռնի հեռացրել են ցուցարարներին
Ա1+
Բնապահպան-ակտիվիստներին ոստիկանները բռնի ուժով հեռացրել են Մաշտոցի պողոտային հարակից պուրակից, որտեղ նրանք արդեն 7-րդ օրն է հերթապահում են, կանաչ տարածքում կրպակների տեղադրման աշխատանքները թույլ չտալու նպատակով։
«Ա1+»-ի լրագրողը ակցիայի վայրից հաղորդում է, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։ Ոստիկանները թվաքանակով գերազանցում են ակցիայի մասնակիցներին, որոնք կոպիտ քաշքշում ենակտիվիստներին, պահանջում հեռանալ տարածքից։ Իրավապահները չեն խնայում նաեւ լրագրողներին՝ հրում են նրանց ու նույնպես պահանջում հեռանալ, պատճառաբանելով, որ իրենց գործողությունները բխում են անվտանգության կանոններից։
Ակցիայի մասնակիցներին զորակցում են «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավորներ, որոնց նույնպես արգելվում է մտնել կանաչ գոտի եւ որեւէ բացատրություն չի տրվում շինարարական աշխատանքները սկսելու օրինականության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտային հարակից կանաչ գոտում Երեւանի քաղաքապետարանը որոշել է տեղադրել Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները։ Բնապահպանները հայտարարում են, որ քաղաքապետարանի որոշումն ապօրինի է եւ կամայական։
Ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարներին վստահեցրել է, որ իրենք չեն եկել ինչ-որ մեկին ցրելու
PanARMENIAN.Net
Մաշտոցի այգում ցուցարարները շարունակում են պնդել, որ տարածքը 1500 մետրից ավել է և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, չնայած քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պնդումներին: Քաղաքապետարանի հիմնավորումն այն է, որ իրանակացվող շինարարությունն էլ համապատասխանում է Երևանի գոտիավորման նախագծին և շինությունները ժամանակավոր են:
Ոստիկանության ներկայացուցիչը, իր հերթին, ցուցարարներին վստահեցրել է, որ իրենք չեն եկել ինչ-որ մեկին ցրելու, պարզապես եկել են բոլորի ապահովությունը ապահովելու համար: Նա նշեց, որ իրենք թույլ չեն տա վնասել ցուցարարներին, բայց միևնույն ժամանակ իրենք նաև թույլ չեն տա ցուցարարներին վնասել աշխատող բանվորներին:
Զարուհի Փոստանջյանը պահանջել է քաղաքապետաանի ներկայացուցչից ու ոստիկաններից. «Հենց հիմա արգելեք այս շինարարությունը, քանի դեռ մենք չունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդ թվում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքնության եզրակացությունը»:
Բնապահպանների հետ խոսելուց հետո Երևանի ոստիկանապետը մեկնեց քաղաքապետարան՝ բանակցելու
PanARMENIAN.Net
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստ Սոնա Այվազյանը Մաշտոցի այգում քիչ առաջ հրավիրել էր բացօթյա ասուլիս. «Մինչ օրս մենք չունենք մի փաստաթուղթ, որ կոնկրետ փաստերով խոսենք, սակայն քանի օր է հանդիպում ենք քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և կարող ենք ասել հետևյալը. Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Թույլտվությունը տրված է շատ ավելի մեծ տարածքի ու կրպակների համար: Նրանք ասում են, թե տաղավարները ժամանակավոր են, քանի որ Կողբացու հատվածում լինելու է «Հին Երևան» նախագիծը, ու կրպակները կապամոնտաժվեն»:
Սոնա Այվազյանը նշում է, որ քաղաքապետը իրավունք չուներ նման որոշում կայացնելու առանց քաղաքացիներին, հասարակությանը տեղյակ պահելու, այդ իսկ պատճառով այս շինարարությունը անօրինական է: Նա նաև նորից նշում է, որ տարածքը 1500 քմ-ից ավել է և պետք է ենթարկվեր շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննության:
Ասուլիսից հետո Զարուհի Փոստանջյանը, Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ու մի քանի ակտիվիստ առանձնացել են և առանձին բանակցում են: Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ և մասնակցել խոսակցությանը:
Առանձնազրույցից հետո ոստիկանապետը նշել է. «Հիմա գնում եմ քաղաքապետարան ոստիկնապատետի և քաղաքապետի հետ բանակցելու, խնդրում եմ՝ հանգիստ պահեք ձեզ: Ես կես ժամից կգամ: Շինարարությունը հիմա թող շարունակվի: Հանգիստ բոլորը շարժվում են, ոստիկանները կանգնած են լինելու, ոչ մի բանի չեն խոչընդոտելու, նույն ժողովուրդն ենք, պետք չի մեզ առանձնացրել:
Լրագրողների այն պնդմանը, թե իրենց աշխատանքին ոստիկանները խոչընդոտել են, Նազարյանը պատասխանեց.«Խնդրում եմ Ձեզ, անր-մունր բաները մի դարձրեք «Լրագրողներին խոչընդոտել»:
«Բուտիկ պահող ոստիկանները» բնապահպանների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրեցին
Հռիփսիմե Ջեբեջյան, Առավոտ
«Անօրեն ոստիկան», «բուտիկ պահող ոստիկաններ», «Ամո’թ»,- այս եւ այլ կոչերով այսօր Մաշտոցի այգում բնապահպանական ակտիվիստները փորձում էին մտնել հանրային այգու տարածք, ինչին ոստիկանները խոչընդոտում էին` ասելով, թե «մենք այստեղ քաղաքացիների անվտանգությունն ենք պահում»: Բնապահպանների եւ ոստիկանների միջեւ բախման արդյունքում ակտիվիստներից մի քանիսն ընկան գետնին: Ոստիկանները հրելով ու բռնի ուժով բողոքի մասնակիցներին քշում էին շինարարական տարածքից հեռու, իսկ իրենց հասցեին ուղղված կոչերին պատասխանում էին` «ավել պակաս մի խոսա, կամերան մի մտցրու բերանս» եւ քաշքշում էին ակտիվիստների գլխարկներից:
Ակտիվիստները ոստիկաններից պահանջում էին ծառայել ոչ թե քաղաքապետին, այլ` ՀՀ քաղաքացիներին: Ակցիայի մասնակիցների խոսքերով` «Ասում էիք, որ գալու եք մեր դիակները փռեք, եթե մեկ էլ գանք` դե եկեք փռեք: Էստեղ երեխեք են ծնվում, չեն գալու էստեղից թուրքի շոր առնեն կամ քյաբաբ առնեն, լցնեն իրենց փորները, գնացե’ք ստեղից բոլորդ»:
Քիչ հետո ժամանեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, որը ոստիկանների հետ բանակցում էր: Նա ակտիվիստներից պահանջեց դիմում ներկայացնել, մինչդեռ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրան տեղեկացրեց, որ Ստյոպա Սաֆարյանն արդեն դիմում գրել է:
ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցչի խոսքերով` «Մենք արձանագրել ենք, որ ձեզ բռնի ուժով հանել են, դեմ չենք: Ոստիկանության գործողություններն ապօրինի են, մենք կզեկուցենք մեր ղեկավարությանն արդեն»:
Ոստիկանության մայոր Արթուր Պողոսյանն ափերից դուրս եկավ հատկապես այն ժամանակ, երբ ակտիվիստներն իրենց պլակատները փորձեցին կախել ոստիկանների մեջքից, երբ նրանք շղթա բռնած` թույլ չէին տալիս քաղաքացիներին մի քայլ առաջ գնալ:
Ոստիկաններն ասում էին, որ «Մենք համոզված ենք, շինարարությունն անօրեն չէ, կա քաղաքապետի հանձնարարականը, դուք շատ բան եք պահանջում»:
Երնջակյանի գիտակցությունը ցածր է «պլինտուսի» մակարդակից
Գ.Ն., Yerkir.am
Արա Երնջակյանը (Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար) րոպեներ առաջ Մաշտոցի պուրակում բանակցում էր անժամկետ նստացույց անող բնապահպան ակտիվիստների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Բանակցություններն ավարտվեցին փոխադարձ վիրավորանքներով:
Քաղաքապետարանի «ներակայացուցիչը» փորձում էր բացատրել, որ պուրակում տեղադրվող էլիտար կրպակները ժամանակավոր բնույթ ունեն։ Դրան ի պատասխան` Զ. Փոստանջյանը Երնջակյանից պահանջեց, որ քաղաքապետարանի այլ պաշտոնյա ներկայացնի իրավիճակը: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ Արա Երնջակյանը Մերուժան Տեր-Գուլանյանի նման մտավորական է, որը փորձում է պաշտպանել իշխանություններին: «Դուք այսօր փորձում եք անել այն, ինչ Ձեզ նման մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը Քաջարան գյուղում հայտարարեց: Դուք փորձում եք պաշտպանել իշխանությունների ապօրինությունը: Այստեղ ապօրինի շինարարություն է տեղի ունենում: Դուք որպես ո՞վ եք եկել այստեղ»,- դիմեց պատգամավորը` Երնջակյանին, ով, խոսակցությունը կիսատ թողնելով, հեռացավ:
Լրագրողների հետ զրույցում Ա. Երնջակյանը հայտարարեց, որ ինքը համոզված է, որ կրպակների տեղադրումը ժամանակավոր բնույթ է կրում եւ առանց իր դիրքն ու անունը հաշվի չառնելու պուրակում հավաքված ակտիվիստներին թափթփուկներ անվանեց:
Եթե մարդը քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող մարդկանց թափթփուկներ է անվանում, ապա դա վկայում է տվյալ մարդու անդաստիակության մասին, նաեւ այն, որ տվյալ մարդու գիտակցությունը ցածր է «պլինտուսի» մակարդակից:
Տեսանյութերը` www.aravot.am կայքի
Փետրվար 17, 2012 at 11:48
