

ԷկոԼուր
Մաշտոցի այգում բուտիկների տեղադրման խնդիրն աբսուրդի է հասել: Շինարարությունն ընթանում է տասնյակ ոստիկանների հսկողության ներքո: Կառուցվող օբյեկտների պաշտպանությունն իրականացվում է բարձր մակարդակով` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի վերահսկողությամբ: Իրավապահ մարմինների բազմությունն այգում տպավորություն է ստեղծում, թե կառուցվում են ոչ թե առեւտրի կրպակներ, այլ «ռազմական գաղտնի օբյեկտներ»:
Փետրվարի 21-ի առավոտյան բացի ակտիվիտներից եւ լրագրողներից ընթացող աշխատանքներին զգուշությամբ հետեւում էր նաեւ Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը: «ԷկոԼուր»-ի հարցին տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանն ասաց. «Եկել ենք նախնական նայենք»:
Նշենք, որ օբյեկտների զբաղեցրած տարածքը գերազանցում է 1500քմ-ն: Հանրային տարածքում օբյեկտների տեղադրման նախագիծը բնապահպանական փորձաքննության չի ներկայացվել եւ հասարակական լսումներ չի անցել: Եւ տեսչությունը վաղուց պետք է ստուգումներ անցկացներ եւ կատարված խախտումների վերաբերյալ ակտ կազմեր: Մենք ուզում էինք հիշել, թե երբ է մեր տեսչությունը տուգանել մեր օլիգարխներին խախտման եւ կանաչ գոտիների կառուցապատման համար, բայց այդպես էլ չհիշեցինք:
Փետրվար 21, 2012 at 13:17









