ՀՀ ոստիկանությունը կողմնպահությո՞ւն է անում

ՀՀ ոստիկանությունը կողմնպահությո՞ւն է անում

ԷկոԼուր

Փետրվարի 18-ին  Մաշտոցի այգու փրկության համար պայքարող ակտիվիստներին  ՀՀ ոստիկանությունը զգուշացրեց, որ Մաշտոցի պողոտային հարող այգում կատարվող շինարարությանը խոչընդոտելը կարող է որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն:  «Երևանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին և 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները:

ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի  կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների  առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:

Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով»,- ասված է ՀՀ ոստիկանության նախարարության հայտարարության մեջ:

Ոստիկանության հայտարարության մեջ ոչ մի տող չկա այն մասին, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված օրինախախտ շինարարության համար:

Կառուցապատվող այգու տարածքը գերազանցում է 1500 քմ-ն, ինչի պատճառով պետք է նախքան որեւէ շինարարություն սկսելը օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցկացվեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2003թ. մայիսի 23-ի «Արդյունաբերական կազմակերպությունների  գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասին  հրամանի համաձայն` շենքերի պատերի արտաքին կողերը  ծառերից պետք է գտնվեին  5 մետր հեռավորության վրա, իսկ, թփուտներից` 1,5 մետր: Մինչդեռ Մաշտոցի այգում ծառերը կա'մ շինությունների մեջ են ընդգրկվել, կա'մ շինություններից կես մետր հեռավորության վրա:

Փետրվար 20, 2012 at 11:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր