Պետությունը կաջակցի բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման հարցում

Պետությունը կաջակցի բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման հարցում

Արդեն հնարավոր է պետության աջակցությամբ իրականացնել բնակարանների էներգաարդյու­նավետ վերանորոգում: Մայիսի 26-ին գործադիրը հաստատեց Բնակարանների և անհատական բնակելի տների էներգա­արդյու­նավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրա­գրի իրականացման կարգը: Հիշեցնենք, որ ծրագիրը գործադիրը հաստատել էր սույն թվականի ապրիլի 15-ին: Էներգա­արդյու­նավետ վերանորոգման համար առևտրային բանկերի տրամադրված վարկի սահմանաչափը բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում լինելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Պետությունը սուբսիդավորելու է վարկի տոկոսադրույքները, իսկ թե որքան է լինելու տոկոսադրույքը, և ինչքանով է սուբսիդավորվելու այն կարգում նշված չէ: Այդ մասին փակագծերը ՀՀ կառավարության նիստում բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը: Կառավարությունը կսուբսիդավորի հետևյալ կերպ. սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի զրո, գյուղական համայնքներում՝ 2 տոկոս, քաղաքային համայնքներում՝ Երևանից դուրս՝ 3 տոկոս, և Երևանում կլինի 5 տոկոս: Մենք նաև պայման ենք դնելու, որ ծրագրով ստացած միջոցների առնվազն 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ. գնումնեը պետք է իրականացվեն անկանխիկ, որը կբերի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատման: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և մոնիթորինգ է իրականցվելու՝ ստուգելու համար, թե արդյոք դա նպատակայի՞ն է օգտագործվում: Եթե տեսնենք, որ նպատակային չէ, կդադարեցնենք սուբսիդավորումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տրամադրած վարկով քաղաքացին կարող է պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում իրականացնել, ձեռք բերել էներգաարդյունավետ շինարարական նյութեր և էներգախնայող տեխնիկա, արտաքին դռներ և պատուհաններ, ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսա և ջեռուցման համակարգի բաղադրիչներ, հովացման համակարգեր, էներգաարդյունավետ օդափոխիչ, օդորակիչ, արևային համակարգեր, լուսադիոդային լամպեր և լուսատուներ, իրականացնել դրանց տեղադրում կամ փոխարինում:

Այս ծրագիրը կտևի մինչև 2023թ-ի հուլիսի 1-ը:

Հայաստանի Հանրապետությունում՝ վիճակագրական տվյալների համաձայն, առկա է 19183 բազմաբնակարան շենք՝ 446.0 հազար բնակարաններով և 417,3 հազար բնակելի տուն (ընդհանուր առմամբ՝ շուրջ 860.0 հազար բնակելի միավոր): Առկա բնակարանային ֆոնդի շուրջ 80%-ը (մոտ 690.0 հազար բնակելի միավոր) շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և այդ ֆոնդի զգալի մասում՝ սեփականաշնորհման գործընթացից ի վեր, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել:

Հունիս 01, 2022 at 10:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր