«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը շուտով շահագործման կհանձնվի (Լուսանկարներ)

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը շուտով շահագործման կհանձնվի (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը շուտով շահագործման կհանձնվի: Հոկտեմբերի 3-ին Մարց կատարած այցի ժամանակ ԷկոԼուրին տեղացիները պատմեցին, որ ներկայումս ՓՀԷԿ-ը արդեն փորձարկում են:

Հիշեցնենք, որ  Մարց գյուղի բնակիչները, դեմ լինելով «Մարց Էներջի» ՍՊԸ-ի կողմից «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցմանը, 2013թ-ի նոյեմբերին կանաչ ակտիվիստների հետ միասին փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Իսկ ավելի վաղ մոտ 300 ստորագրություններով բողոքի նամակ ուղարկեցին ՀՀ բնապահպանության նախարարություն: Գետը գլորեցին ՓՀԷԿ-ի համար բերված խողովակները: Սակայն որոշ ժամանակ անց ճնշումների ներքո բնակիչները լռեցին, եւ ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքները մեկնարկեցին:

Թե ինչ կատարվեց այս ժամանակահատվածում, ԷկոԼուրին պատմեցին բնակիչները` խնդրելով չհրապարակել իրենց անունները:

«…Մի 8 հոգի մեր գյուղի բնակիչներից դրական կարծիք գրեցին, ու սկսեցին ՓՀԷԿ-ը կառուցել` հաշվի չառնելով մեր 300 ստորագրությունները…

…Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները եկան, փոխանակ մեր խնդիրը լսեին, հանդես եկան փոքր ՀԷԿ-ի օգտին…

…Մի 10 հոգու Ալավերդիում գործի դասավորեցին, մի քանիսին ԳԷՍ-ում տեղավորեցին աշխատանքի, ու մարդկանց լռեցրին…

…Ամեն խոսքիս համար ոստիկանություն է եկել մեր տուն: Ամեն ինչից զզվել եմ, թողնելու եմ, գնամ էստեղից: Կտեսնեք, մի երկու տարի անց մարդ չի մնա գյուղում…

…Տեսնեիք, թե ոնց խողովակները հանեցին գետից: Մի կռան բերեցին, դա էլ ընկավ ջուրը, հետո դպրոցի վրա աշխատող կռանը բերեցին, որ ջուրն ընկած կռանն ու խողովակները հանի…

…Էս նոր ԳԷՍ-ի շենքը եղել ա: Էդ շենքում նասոսներ կային, որոնցով ջուր էր բարձրանում Դսեղ, հիմա դա տվեցին ԳԷՍ-ին….»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցած  Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման հետախուզման նախագծի հասարակական լսումների ժամանակ ԷկոԼուրը հարց տվեց նախագիծն իրականացնել ցանկացող «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայանին, թե հետախուզական աշխատանքներն ինչ ազդեցություն կունենան Մարց գետի վրա:  Գագիկ Խոջայանը պատասխանեց. «Մինիմալ: Այսինքն այնտեղ գետն արդեն խողովակի միջով է գնում, երեք հատ փոքր ՀԷԿ են սարքում»:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Մարց գետի վրա կառուցված է «Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ն:  «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ն էլ շահագործելու է «Մարց Էներջի» ՍՊԸ-ն: Երկու ՓՀԷԿ-եր ը Մարց գետը խողովակի մեջ են վերցրել 10530 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 36.310345%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` Մարց գետը ճգնաժամային վիճակում է:

Հոկտեմբեր 08, 2014 at 11:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր