Ամուլսարի պահապաններ-ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան դատավարությունը շարունակվում է

Ամուլսարի պահապաններ-ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան դատավարությունը շարունակվում է

ԷկոԼուր

Փետրվարի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջերմուկցիներն ու բնապահպաններն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործով երկրորդ դատական նիստը: 

Գործով 15 հայցվորները դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել 2019 թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում արված հայտարարությունը, ըստ որի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները ֆինանսավորվում են հանքարդյունաբերության ոլորտի գործարարների կողմից: 

Դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան հրավիրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

«Հիմնական խնդիրն այն է, որ այսօր հասարակության մեջ, սոցիալական հարթակում մեկնաբանություններն հիմնականում ուղղված են հայցվորներին, քանի որ այսօր Ամուլսարի շահագործման դեմ պայքարող հիմնական անձինք, ոչ բոլորն իհարկե, հանդիսանում են հենց հայցվորները: Հասարակության մեջ ընկալումն ուղղված է հիմնականում հենց հայցվորներին: Եթե պարոն Ավինյանը ի նկատի չի ունեցել հայցվորներին, թող հայտարարի, որ հայցվորներին ի նկատի չի ունեցել, և հայցվորները կհրաժարվեն իրենց հայցից: Հենց այս փաստի հետ կապված մենք այսօր միջնորդեցինք, որ հաջորդ դատական նիստին հրավիրիվի և հարցաքննվի պարոն Ավինյանը», - դատական նիստից հետո լրագրողներին ասել է հայցվորների փաստաբան Գուրգեն Թորոսյանը:

Իսկ պատասխանող կողմի փաստաբան Կարեն Կարապետյանը նշել է, որ չկա փաստ, որով կարելի է պնդել, որ փոխվարչապետը իր հայտարարության մեջ նկատի է ունեցել հենց հայցվորներին:

«Հայցվորներն իրենց հայցով առաջ են քաշում հարց, այսինքն, իրենք վստահ չեն: Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ նման մեկնաբանություն անելը տեղին չէ հայտարարության հիման վրա: Մեկնաբանությունը կարելի կլիներ վերագրել հայցվորներին միայն այն դեպքում, եթե երրորդ անձ, որևէ սովորական ունկնդիր, դիտելով հայտարարությունը կամ լսելով այդ մասին, այն անմիջականորեն կապեր հենց հայցվորների հետ: Ես տեղյակ չեմ որևէ փաստի, որը համակցության մեջ կդրվեր, կասոցացներ հայցվորներին նշված հայտարարության հետ: Գրված է այն անձանց, ինչպես հայտարարության տեքստում է նշված, ովքեր կապ ունեն գործարարների հետ հանքարդյունաբերության ոլորտի, որոնք ֆինանսավորում են անում: Այսինքն, պիտի գնահատել հենց հայտարարության տեքստը», - ասել է պատասխանող կողմի փաստաբանը:

Հայցվորներից Թեհմինե Ենոքյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ բացի փոխվարչապետին դատարան ներկայացնելու միջնորդությունից, ներկայացվել է ևս երկու միջնորդություն. «Առաջին միջնորդությունը վերաբերում էր երեք հայցվորների, որոնք պատրաստ են դատարանում վկայություն տալ: Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Ավինյանի հայտարարությանը վերաբերող տեսանյութին և մեկնաբանություններին, որոնցում մարդիկ ասոցացրել և մեղադրել են Հայկական բնապահպանական ճակատին, Ամուլսարի պահապաններին, տարբեր մարդկանց, ովքեր Ամուլսարի խնդրով զբաղվել են, իբր նրանք փող են ստացել, և այդ արշավն իրենց դեմ արվում է փողով: Այդ բոլորի սքրինշոթերը ներկայացվել է դատարանին»:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 28-ին` 15:00-ին:

Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի

 



Փետրվար 17, 2020 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր