«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն Ուռուտում իր կողմնակիցների ստորագրություններն է հավաքում

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն Ուռուտում իր կողմնակիցների ստորագրություններն է հավաքում

Ուռուտում հանրային լսումներ անցկացնելու երեք ապարդյուն փորձից «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն թևաթափ չի լինում: Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու մտադրություն ունեցող այս ընկերությունը, բնակավայրի դիմադրությանը հանդիպելով, որոշել է իր կողմնակիցների շրջանում ստորագրահավաք իրականացնել: Իսկ բնակիչները պատրաստվում են հավաքագրել հանքին դեմ ստորագրությունները:

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները սեպտեմբերի 24-ին Ուռուտում հանրային լսում անցկացնել չկարողանալուց հետո մեկնել են Լոռիբերդի համայնքապետարան՝ ստորագրություններ իրականացնելու իրենց պահանջը Լոռիբերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանին ներկայացնելու: Ընկերությունից անկախ համայնքապետի հետ նույն օրը հանդիպման են գնացել նաև հանրային լսմանը դեմ տեղի բնակիչները, բնապահպաններն ու հասարակական կազմկերպությունների ներկայացուցիչները: Փաստացի, ստացվել է եռակողմ հանդիպում՝ համայնքապետարան, ընկերություն և հանքարդյունաբերությանը դեմ հանրություն: 

Հանդիպման մասնակից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը մարդկանց անընդհատ երկընտրանքի առաջ է կանգեցնում: «Համոզելու գործընթացն ամիսներ է տևում: Մեր տեղեկություններով ընկերության ներկայացուցիչներն այցելում են գյուղ, հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Արդյունքում մարդիկ, ովքեր պայքարել են, այս անգամ կամ չեզոք էին կամ անգամ լսման մասնակից, որովհետև իրենց խոստացել են 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ: Քանի որ գյուղացիների մեծամասնության վրա ճնշում կա, պատրաստվում ենք Հայաստանի և միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացնել, թե ինչ է կատարվում Ուռուտում»,- ասաց Օլեգ Դուլգարյանը: Ըստ նրա՝ Լոռիբերդի համայնքապետը, հաշվի առնելով բնակիչների մեծամասնության դեմ լինելը, պատրաստվում է հանրային լսման վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն:

Օլեգ Դուլգարյանը նաև նշեց, որ ընկերության՝ բնակիչներին ամեն կերպ համոզելու և հանրային լսումներ անցկացնելու քայլերը հակազդեցության են հանդիպել: «Վերջին անգամ այնքան ուռուտեցի էր պայքարի դուրս եկել, ինչը չէր եղել նախկինում: Այնպես էլ մարդիկ դեմ էին, բայց հիմա նաև պայքարողներն են ավելացել»,- ասաց Դուլգարյանը: 
 



Սեպտեմբեր 27, 2021 at 12:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր