«Առանց հանք Լոռի, առանց հանք Մոտկոր». Բնակիչները նախաձեռնել են ստորագրահավաք՝ կանխելու հանքարդյունաբերական գործունեությունն իրենց գյուղում

«Առանց հանք Լոռի, առանց հանք Մոտկոր». Բնակիչները նախաձեռնել են ստորագրահավաք՝ կանխելու հանքարդյունաբերական գործունեությունն իրենց գյուղում

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց, Շամուտ, Քարինջ, Լորուտ, Աթան ու Ահնիձոր (բոլորը միասին հայտնի են որպես Մոտկորի շրջան) գյուղերի բնակիչները նախաձեռնել են ստորագրահավաք՝ կանխելու համար Մարց գյուղի «Բարդուտ» կոչվող տարածքում ոսկի որոնելու մտադրություն ունեցող ընկերության գործունեությունը: 

Բնակիչները «ԷկոԼուրին» պատմեցին, որ նախորդ շաբաթ Մարց գյուղ էին այցելել «Հարմար» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ծանոթանալու բնակավայրում առկա տրամադրություններին, պարզելու իրենց կողմից հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղի բնակիչների կարծիքը: Հանքարդյունաբերական ընկերության այցի լուրն իմանալուն պես տեղի ակտիվ բնակիչներն անմիջապես www.change.org կայքում ակտիվացրել են ստորագրահավաքը՝ կոչ անելով հավանական տեղամասին ազդակիր գյուղերի բնակիչներին ևս միանալ ընկերության դեմ մեկնարկած այս արշավին: Ներկա պահին առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 60 բնակիչ:

Բնակիչների այս շտապողականությունը հստակ բացատրություն ունի: Նրանք նշեցին, որ հաճախ հանքարդյունաբերական գործունեությանն առնչվող լսումներն անց են կացվում գաղտնի, իսկ տեղի բնակիչները դրանց մասին իմանում են այն ժամանակ, երբ արդեն չեն կարող կանխել գործունեության մեկնարկն իրենց բնակավայրում: Մասնավորապես «Հարմար» ՍՊԸ-ն գյուղի տարածքում հանքավայր շահագործելու մտադրությամբ Մարց էր այցելել նաև 2021թ., հանրային լսումներ կազմակերպել, որին ներկա էին եղել գյուղի մի քանի տարեց բնակիչներ միայն: Թումանյանի համայնքապետարանն այդ լսումների վերաբերյալ հանրային իրազեկում չէր իրականացրել: Լուրն իմանալուն պես բնակիչները նախորդ տարի նույնպես ստորագրահավաք էին նախաձեռնել, որից հետո ընկերությունն այլևս բնակավայր չէր այցելել: Ներկայում ընկերությունը բնակիչներին մտափոխելու նոր փորձ է անում:

Տեղի բնակիչները «ԷկոԼուրի» հետ զրույցում նաև նշեցին, որ զբոսաշրջիկների համար քայլարշավի ճանապարհ է բացվում Դսեղին հարակից անտառների միջով դեպի Ահնիձոր: Նրանք վստահ են, որ հանքարդյունաբերական գործունեությունը մեծ վնաս կհասցնի գյուղական տուրիզմի զարգացմանը։ Մյուս կողմից՝ տեղյակ են Լոռու մարզում բացված գործող ու չգործող հանքավայրերի հասցրած վնասներին թե՛ շրջակա միջավայրին, թե՛ բնակչության առողջությանը:

Ստորագրահավաքին ուղեկցող տեքստում նշված է. «Պահանջում ենք դադարեցնել Լոռու մարզում,մասնավորապես Թումանյան Համայնքում նոր հանքերի բացումը՝ գիտակցելով դրանց բացման հետևանքով սպասվող բնապահպանական աղետը։

Լոռու մարզում կան շատ բացված հանքեր, որոնց մի մասն արդեն չի շահագործվում։ Բոլոր այն համայնքները և շրջակայքը, որտեղ գործել կամ գործում են հանքեր, աղետալի վիճակում են, չկա բուսականություն, գյուղմթերքն անպիտան է և վնասակար, բաց երկնքի տակ առկա են թունավոր նյութեր, որոնք աղտոտում են շրջակայքը, մեծ վնաս հասցնում մեղվաբուծությանը, բնակիչներն էլ տառապում են դրանց հետևանքով առաջացած հիվանդություններով (կանանց պտղաբերության նվազման բերող հիվանդություններ, քաղցկեղի տարբեր տեսակներ և այլն):

Հանքարդյունահանման, վերամշակման և ձուլման աշխատանքների հետևանքով առաջացող փոշին և թափոնները պատճառ են նաև այդ համայնքներում երեխաների արյան մեջ կապարի բարձր մակարդակի:

Մեր ապագայի մասին մտածելով՝ մենք ասում ենք Ո՛Չ նոր հանքերին։

1․ Պահանջում ենք չեղարկե՛լ և թույլ չտա՛լ, որպեսզի կայանան հանրային լսումներ Թումանյան համայնքում։

2․ Պահանջում ենք չեղարկել «Հարմար» ՍՊԸ-ի կողմից Թումանյան խոշորացված համայնքի Մարց գյուղում մեկ տարի առաջ անցկացրած հանրային լսման արդյունքները, քանի որ այն տեղի է ունեցել բնակչության անբավարար տեղեկացմամբ ու մի շարք այլ ընթացակարգային խախտումներով:

Առանց հանք Լոռի՛»:

Մայիս 12, 2022 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր