

ԷկոԼուր
Ձորագետի փրկման նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին`խնդրելով պատասխանատվության կանչել «Սագամար» ՓԲԸ-ին: Ընկերությունը շահագործում է Արմանիսի ոսկու հանքավայրը, որը Ստեփանավան քաղաքից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է. « Հարգելի պարոն Հովսեփյան,
Ստեփանավան քաղաքի հանրության անունից խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել ու պարտադրել «Սագամար» ՓԲԸ ընդրեքշահագործող ձեռնարկությանը աշխատել օրենքի շրջանակներում:
Մեր դիտարկումների համաձայն` շրջակա միջավայրը աղտոտելը «Սագամար» ՓԲԸ ընկերության (Ստեփանավանի Արմանիս թաղամասի ոսկու բազմամետաղային հանքավայրի) համար դարձել է նորմ և կրում է քրոնիկ բնույթ: Ձորագետ գետը, որն այս տարաշարջանի համար կարևոր է ոչ միայն էկոտուրիզմի զարգացման, հանգստի և յուրահատուկ էկոհամակարգի պահպանման առումով, նաև գյուղատնտեսական հողերի ոռոգման միակ աղբյուրն է: Լինելով անդրսահմանային Դեբեդ գետի ամենամեծ վտակը` աղտոտում է նաև Դեբեդի ջրերը: Վերջին ամիսներին Ձորեգետն անընդմեջ գունավորվում է գետի մեջ թափվող թունավոր աղտոտիչների ու արդյունաբերական թափոնների պատճառով: Դրանց բաղադրությունը ստույգ չենք կարող ասել, քանի որ բազմիցս այդ տեղեկատվությունը պահանջել ենք ՀՀ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնից` Բնապահպանության նախարարությունից և Բնապահպանական պետական տեսչությունից, սակայն վերջինս տվյալներ չի տրամադրել` խախտելով և՛ ազգային օրենսդրությունը, և՛ Օրհուսի կոնվենցիայի նորմերը: Մինչդեռ գետի ջրի վիճակից ենթադրում ենք, որ աղտոտվածությունը թույլատրելի սահմանը գերազանցում է հարյուրապատիկ ավելի:
Այս պայմաններում դժվար է հաշվարկել Ստեփանավան քաղաքին ու բնակչությանը, Հայաստանի Հանրապետությանը հասցվող վնասը, սակայն մենք` Ձորագետի փրկման նախաձեռնող խմբի անդամներս, հաստատակամ ենք աղտոտողին պատասխանատվության ենթարկելու գործում՝ կիրառելով իրավական բոլոր գործիքները:
Հարգելի պրն Հովսեփյան, խնդրում ենք Ձորագետ գետի աղտոտման փաստը քննության առնելու Ձեր հանձնարարականը:
Նախաձեռնող խմբի անունից
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Մանյա Մելիքջանյան»:
Լուսանկարները` Մանյա Մելիքջանյանի
Օգոստոս 28, 2012 at 14:41



