

ԷկոԼուր
Մայիսի 21-ին` ժամը 12:00-ին, Ավիատրանս հյուրանոցում, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է քննարկում` նվիրված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցերին:
Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկում, որտեղ փորձագետները նշել են մի շարք խախտումներ` կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքների և մի շարք օրենքների հետ: ՀԿ-ի նպատակն է Երևանում հասարակության լայն շերտերին իրազեկել այդ խնդիրների մասին: Քննարկման մասնակցելու են հրավիրված ՀՀ բնապահպանության նախարարության, Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել նախապատրաստվող «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF) տնօրեն Կարեն Մանվելյանը, կենդանաբան Ալիկ Մալխասյանը, բուսաբան Անուշ Ներսիսյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից կենդանաբան Հրաչ Ղազարյանը:
ՀԿ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է. «Նախնական պայմանավորվածությունը «Գեոթիմ» ՓԲԸ տնօրինության հետ եղել է մայիսի 17-ին, սակայն իրենց իսկ ցանկությամբ օրը տեղափոխվել է մայիսի 21-ին: Քննարկմանը մասնակցելու պաշտոնական պատշաճ պատասխան դեռևս չենք ստացել»: Հիշեցնենք, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից մարտի 13-14-ին Ջերմուկում կազմակերպված «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» համաժողովին «Գեոթիմը» չմասնակցեց` պատճառաբանելով, թե պատշաճ կերպով չի հրավիրվել:
Մայիս 18, 2012 at 13:28
