Լայն արձագանք՝ Ֆիոլետովոյի ոսկու շուրջ

Լայն արձագանք՝ Ֆիոլետովոյի ոսկու շուրջ

ԷկոԼուր

Վերջին ամիսների ընթացքում հասարակական լայն արձագանքի պատճառ է դարձել ՀՀ Լոռու մարզում գտնվող Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը, որը բաց եղանակով ցանկանում է շահագործել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն:

Առաջին արձագանքները հնչեցին հենց Ֆիոլետովո համայնքից: Համայնքի բնակիչները ահազանգ հնչեցրին՝ վստահեցնելով, որ հանքավայրի շահագործումն անդառնալի բացասական հետևանքներ կունենա իրենց համայնքի համար` նախ և առաջ ազդելով տեղի ջրային աղբյուրների և արոտավայրերի վրա, դրանով իսկ զրկելով բնակիչներին իրենց գոյությունը պահելու հնարավորությունից:

Նախագծի շուրջ արդեն իսկ ներգրավված են միանգամից երկու դեսպաններ՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,  դեսպան Անդրեյ Սորոկինը: Դեսպաններին դիմել են Ֆիոլետովոյի բնակիչները՝ խնդրելով աջակցել իրենց և թույլ չտալ հանքավայրի շահագործումը: Նամակներ են ուղղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին: Ֆիոլետովոյի բնակիչները դիմել են նաև հասարակական կազմակերպություններին, որոնք էլ իրենց հերթին բարձրացրել են նախագծում առկա ռիսկերը և սպառնալիքները:

Հասարակության արձագանքները, մամուլում պարբերաբար հայտնվող նյութերը և տեսահոլովակները կոտրեցին նախագծին կողմ անձանց լռությունը: Հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն իսկ ստացել են ագրեսիա պարունակող զանգեր, որոնցով փորձում են կանխել հասարակական քարոզարշավը՝ ուղղված նախագծի դեմ:

Այս հարցով զբաղվում են Հայաստանի Օրհուս կենտրոնները, «Համահայկական բնապահպանական ճակատ»-ը, Էկոլոգիական հասարակական դաշինքը և այլ կազմակերություններ:

Նախագծի վերաբերյալ իր դրական կարծիքն է արդեն հայտնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, իսկ մամուլում ակտիվորեն շրջանառվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը, որպես ակտիվների սեփականատեր:

Ներկայացնում ենք նախագծի նկարագիրը. Ֆիոլետովոյի ոսկու հանքաերևակումը գտնվում է ՀՀ Լոռու  մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` 500 մ գյուղից դեպի  հարավ-արևելք: Հիմնական ջրային արտերիան Աղստև գետն է իր բազմաթիվ վտակներով: Հանքավայրում ոսկու պարունակությունը  տատանվում է 2,5 – 5,5 գ/տ  սահմաններում: Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտի տարածքը զբաղեցնելու է մոտ 4 հա: Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, տարեկան արդյունահանվելու է 37,000  տոննա հանքաքար: Հանքաքարը վերամշակման համար տեղափոխվելու է կամ Արմանիսի, կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա: 


Հունվար 22, 2015 at 17:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր