ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացրեցին, որ որոշ ՓՀԷԿ-եր Վայոց ձորում խնդիրներ են առաջացնում ոռոգման համար

ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացրեցին, որ որոշ ՓՀԷԿ-եր Վայոց ձորում  խնդիրներ են առաջացնում ոռոգման համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Վայոց ձորի մարզ: Մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզի ջրօգտագործող ընկերությունների տնօրենները և ՀՀ ԲՆ տարածքային բաժինների պետերը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` որսագողության, փոքր ՀԷԿ-երի գործունեության հետ կապված  համայնքներում ոռոգման, համայնքների աղբավայրերի և այլ հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարարը ողջունելով ներկաներին` ներկայացրեց այն բնապահպանական խնդիրները, որոնց քննարկման անհրաժեշտություն էր առաջացել: Նշվել է, որ մարզի տարածքում կան որոշ ջրօգտագործողներ, այդ թվում նաև համայնքներ, որոնք չունեն, կամ առկա ջրօգտագործման փաստաթղթերը լիովին չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է աջակցել վերջիններիս` համապատասխան  մասնագիտական աջակցություն ցուցաբերելով ջրօգտագործման թույլտվությունները ձևակերպելու գործընթացում:

Մարզի ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները հայտնել են, որ որոշ ՓՀԷԿ-երի անկանոն աշխատանքի արդյունքում ոռոգման շրջանում լինում է համայնքների ջրամատակարարման խափանման դեպքեր և ՀՀ բնապահպանության նախարարին խնդրել են աջակցել խնդրի լուծման հարցում: Նախարար Արամայիս Գրիգորյանը ԲՆ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է վերանայել հիշատակված փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունները և գործող օրենքների շրջանակում հարցին լուծում տալ` շեշտելով, որ ՀՀ կառավարությունն այսօր առաջնայնությունը տալիս է ոռոգման խնդիրների լուծմանը:

Արամայիս Գրիգորյանը բարձրացրեց նաև աղբավայրերի հարցը` շեշտելով որ որոշ համայնքներում համապատասխան տարածքներում կատարվում է աղբահանություն, սակայն անհրաժեշտ է, որ  ծավալվի լիցենզավորված գործունեություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է աջակցել լիցենզավորման գործընթացն արագացնելու հարցում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն առաջարկել է որոշ համայնքների աղբավայրերի խնդրի լուծմանն անդրադառնալ համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո, որպեսզի մի քանի համայնքներ աղբահանությունը իրականացնեն համակարգված:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձել է եղել նաև բնակավայրերի կոյուղաջրերի` գետեր թափվելու խնդրին: Արձանագրելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության լիազորություններն այդ խնդրում սահմանափակվում են միայն տեսչական վերահսկողությամբ` Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ հարցը կբարձրացնի համապատասխան պատասխանատու գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

Անդրադառնալով մարզում գործունեություն ծավալող հանքարդյունաբերական ընկերությունների ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարմանը` ՀՀ բնապահպանության նախարարը դրական է գնահատել Գեոթիմ ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման առաջին փուլը, երբ ընկերությունն արդեն ռեկուլտիվացման վիջոցով վերականգնել է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում առանձին տարածքներում խախտված բնական էկոլոգիական վիճակը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է  «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Շատինի դիտակետ, որտեղ ընկերության ղեկավարությունը ներկայացրել է տարածքում  բեզոարյան ածերի թվաքանակի ավելացման տվյալները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

Սեպտեմբեր 29, 2015 at 17:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր