«Վալլեքս» խմբի փոխնախագահն ասում է, թե պատասխանատվությամբ են մոտենում շրջական միջավայրին

«Վալլեքս» խմբի փոխնախագահն ասում է, թե պատասխանատվությամբ են մոտենում շրջական միջավայրին

Lragir.am

«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը հանդիսանում է նորանկախ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր պատատասխանատվությամբ իրականացվող ծրագիրը: «Պարզապես, քանի որ նրա բնապահպանական ազդեցությունը ևս աննախադեպ է Հայաստանի համար, դրանով է թերևս պայմանավորված այն ուշադրությունը, որը ծրագիրն ստանում է: Այնուամենայնիվ, դրանից ծրագիրը միայն շահում է, որովհետև տարբեր փուլերում մենք կարողացել ենք ֆիլտրել այն առաջարկությունները, որոնք կարող են օգտագործվել իսկապես ի նպաստ ծրագրի և ի նպաստ շրջակա միջավայրի»,- ասաց նա:

Գագիկ Արզումանյանի խոսքով, ծրագիրն իր նախապատրաստական փուլերում անցել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննությունները, կազմակերպվել են հասարակական լսումներ: «Մենք բավական բարձր պատասխանատվությամբ ենք վերաբերվում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին: Հայաստանում չկա օրենք, չկա իրավական որևէ ակտ, որը պահանջում է, որ եթե կառավարության կողմից տրվել է անտառահատման իրավունք, ապա անտառահատում իրականացնողը փոխհատուցող միջոցառումներ պետք է իրականացնի: Մեր նախաձեռնությամբ կառավարության որոշմամբ ամրագրվել է պահանջ, որպեսզի անտառահատմանը զուգահեռ մենք կրկնակի ծավալով անտառապատման աշխատանքներ իրականացնենք»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է բնապահպանների դժգոհություններին, ապա, ըստ Արզումանյանի, դրանք գուցե պայմանավորված են նրանով, որ հասարակության այդ շերտը դրսևորման այլ հնարավորություններ չունի, և Թեղուտի հարցն է պարբերաբար բարձրացնում: «Չկան այլ ծրագրեր, որտեղ բնապահպանները փորձեն իրենց լուման ներդնեն` հասարակության զարգացման համար»,- նշեց նա: Երբ լրագրողները հիշեցրին, որ Հայաստանում բազմաթիվ այլ բնապահպանական հարցեր էլ կան և միայն Թեղուտով չի սահմանափակվում բնապահպանների աշխատանքը, Արզումանյանը հարցադրում արեց. «Ես չասացի` այլ բնապահպանական խնդիրներ չկան, բայց ձեզ հայտնի՞ են այլ ծրագրեր, որ ծրագիրն իրականացնողերն այսպիսի պատասխանատվությամբ շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերի շուրջ քննարկումներ ծավալեն: Եթե հայտնի են, ասեք»:

Գագիկ Արզումանյանը նաև նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը կարող է օրինակ ծառայել մյուս ընկերություններին, քանի որ իրենք օգտագործում են նորագույն սարքավորումներ:

Նա չթաքցրեց, որ բնապահպանների բողոքների արդյունքում են սկսել ուշադրություն դարձնել Թեղուտի տարածքի հուշարձանների խնդրին: «Հայաստանի պատմության մեջ միակ դեպքն է, որ այդպիսի մեծածավալ հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվում մասնավորի միջոցներով»,- ընդգծեց նա:

Vallex-ի նախագահ. Հայաստանում բնապահպան-ակտիվիստների շրջանում գրագետ բնապահպաններն ընդամենը 10 % են կազմում

News.am

Հայաստանում բազմաթիվ բնապահպանական կազմակերպությունների շարքում գրագետ բնապահպաններն ընդամենը 10 տոկոս են կազմում: Փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նման միտք է հայտնել Vallex ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանը:

Բնապահպանական կազմակերպությունների բուռն բողոքն առաջ բերած Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը մեկնաբանելով` նա նշել է , որ  ընկերության արդյունաբերական նախագծերի ցանկացած առողջ քննադատություն միայն ողջունելի է:

«Բնապահպանական կազմակերպություններն այնպիսի աղմուկ-աղաղակ են բարձրացնում, որի ներքո լեռնահանքային արդյունաբերության հազարավոր աշխատակիցներ պարզապես հեւում են: Սակայն պետք է գնահատել այդ աղմուկ-աղաղակը, առավել ուշադրություն դարձնել բնապահպանական լուրջ խնդիրներին, որոնք առկա են լեռնահանքային ցանկացած նախագծում: Այդ պատճառով էլ ես ողջունում եմ այդ աղմուկ-աղաղակը: Հենց այդ պատճառով էլ ընկերությունը մասնակցում է բաց երկխոսությանը եւ պատասխանում բնապահպանության հետ կապված բոլոր հարցերին: Ընդ որում, պատասխանում է նաեւ կիսագրագետ մարդկանց, որոնք բավականին շատ են: Եթե վերցնենք բոլոր բնապահպանական կազմակերպությունները եւ ստուգում անցկացնենք, թե բնագետների ինչ մակարդակ է այնտեղ տիրում, ապա գրագետ մարդիկ կարող է եւ 10 % լինեն, մնացածը պարզապես անգրագետ են», - հայտարարել է Վ. Մեժլումյանը:

Ըստ նրա` հասարակության որոշակի զանգված միտումնավոր կերպով ցանկանում է ստվերել արտադրական կազմակերպությունների դրական գործունեությունը: «Այն մարդիկ, ովքեր նախկինում վաստակում էին «խոպանում», այժմ հարյուրավոր խմբերով տուն են վերադառնում: Նախկինում Թեղուտում ոչ մի խանութ չկար, այժմ կա 10 խանութ: Եւ այդ բոլորը տեղական բնակիչներն են` թեղուտցիները: Կտրուկ աճել է ծնելիությունը, սակայն բոլորը չէ որ դա հաշվի են առնում: Չէ որ շատ քչերին է հետաքրքիր Թեղուտի ինչ-որ խուլ գյուղում ծնելիության մակարդակը», – ասել է Վ. Մեժլումյանը:

Ըստ երկրաբանական հետազոտության տվյալների `Թեղուտյան հանքավայրը Հայաստանում պղնձի պաշարներով երկրորդն է (1,5 միլիոն տոննա), ինչպես նաեւ պարունակում է մոտավորապես 100 հազար տոննա մոլիբդեն: Թեղուտի շահագործումը նախատեսում են սկսել 2014 թվականին: Հանքավայրում արդեն տարվում են հանքափորման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 180 հա անտառի փոխարեն, որը Vallex-ը հատելու է Թեղուտյան հանքավայրում, ընկերությունը պարտավորվել է տնկել 400 հա:

«Վալլեքսի» պատասխանատուները պարզաբանումներ են տվել Թեղուտի վերաբերյալ

www.yerkirmedia.am

Թեղուտի հանքավայրի շահագործման հարցով, որը հասարակական մի շարք կազմակերպությունների ու բնապահպան ակտիվիստների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, փետրվարի 17-ին պարզաբանումներ են տվել պատասխանատուները: «Վալլեքս» խմբի ընկերությունների շրջանակում գործող «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Վալլեքսի» փոխնախագահ Գագիկ Արզումանյանի խոսքով` գործել է բացառապես օրենքի շրջանակում:

Ընկերությանը տրվել է Կառավարության թույլտվությունը, Բնապահպանության նախարարության կողմից էլ որեւէ առարկություն չի եղել: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Արզումանյանը շեշտել է, որ նախատեսվում է ընդլայնել գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

«Հայաստանում չկա մի օրենք, իրավական ակտ, որը պահանջում է փոխհատուցում իրականացնել այն դեպքում, եթե Կառավարության կողմից տրվել է անտառահատման թույլտվություն: Սակայն մենք` մեր իսկ նախաձեռնությամբ, դիմել ենք եւ Կառավարության որոշմամբ ամրագրվել է այդ պահանջը, որով անտառահատմանը զուգահեռ՝ կրկնակի ծավալով ծառատնկման աշխատանքներ կիրականացնենք»,- ասել է Գագիկ Արզումանյանը։

«Վալլեքսի» նախագահ Վալերի Մեջլումյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում գործող արտադրամասերի շարքում ընկերությունը հանդիսանում է Արցախի ամենախոշոր հարկատուն: Մինչեւ 2015 թվականը բոլոր ընկերություններում պղնձի խտանյութի արտադրությունը նախատեսվում է հասցնել 155.000, իսկ հանքաքարի արդյունահանումը՝ 10 մլն տոննայի:

«Այս պահին ունենք մի նորություն. շուտով պատրաստվում ենք շահագործել մի նոր արտադրամաս, որը եզակի է արտադրանքի եւ տեխնիկայի առումով: Դա նախկինում կուտակված եւ ապագայում ստեղծվելիք հանքաքարի վերամշակման գործարան կլինի»,- ասել է «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Արթուր Մկրտումյանը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործման կհանձնվի 2014 թվականին

ԱրմԻնֆո

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործման կհանձնվի 2014 թվականին: Այս մասին փետրվարի 29-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Vallex Group խմբի փոխնախագահ, Armenian Copper Programme  (ACP) ՓԲԸ տնօրեն Գագիկ Արզումանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

Նրա խոսքերով, Թեղուտում լեռնամշակման կոմբինատի շինարարության նախագծին Vallex Group-ը ներդրել է մոտ 130 մլն.դոլար, որի մի մասն ուղղվել է համապատասխան տեխնիկայի ձեռքբերմանը, իսկ մյուս մասը նախնական աշխատանքներին: Ներդրումների ընդհանուր փաթեթը կազմում է 320 մլն.դոլար:

«Ծրագրի շրջանակներում վերանորոգվել են հանքավայրի շրջակա ճանապարհները, կառուցվել նոր հոսանքագծեր, իսկ Դեբետ գետի վրա վերանորոգվում է պոմպակայանը, ինչպես նաև մասշտաբային շինարարություն է իրականացվում համապատասխան արտադրամասերում»,-նշել է փոխնախագահը: Այս միջոցառումները, շարունակել է նա, ներկայումս ապահովում են 870 աշխատատեղեր, իսկ շահագործման հանձնելուց հետո աշխատատեղերի քանակը կանցնի 1400-ի:

«Vallex Group խմբի բոլոր ընկերությունները վերջին 5 տարիներին, բացառությամբ ճգնաժամային 2009 թվականի, գրանցել են կայուն աճ: Արտադրանքի իրացման ընդհանուր ծավալը կազմել է 200 մլն.դոլար, իսկ շահույթը կազմել է 35 մլն.դոլար»,-նշել է Արզումանյանը:

Vallex Group խմբի նախագահ Վալերի Մեժլումյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր Հայաստանն արտադրում է տարեկան 30 հազ.տոննայից պակաս պղինձ, սակայն, Թեղուտի ծրագրի իրականացումից հետո այս ցուցանիշը կանցնի 40 հազ.տոննայից, իսկ 4 տարի հետո` կհասնի տարեկան 80 հազ.տոննայի: 2012 թվականին Vallex Group ընկերության ներդրումները Հայաստանում կկազմեն ավելի քան 150 մլն.դոլար, իսկ 2013 թվականին` ավելի քան 115 մլն.դոլար: Մինչև 2015 թվականը ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն.դոլար: Հայաստանում և Արցախում հանքահանման ծավալները մինչև 2015 թվականը կկազմեն 10.25 մլն.տոննա, և ընկերությունը կսկսի արտադրել 155 հազ.տոննա պղինձ, իսկ աշխատատեղերի թիվը կկազմի ավելի քան 4000:

Ըստ ընկերության նախագահի, անտառային տնտեսության պատճառված վնասների փոխհատուցումը հանդիսանում է Թեղուտի ծրագրի կարևորագույն բաղադրիչը: Այդ նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ն, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ, իրականացնում է ծառատնկման ծրագիր, որի շրջանակներում որպես փոխհատուցում պարտավորվում է տնկել 714  հա անտառ, 357 հա մակերեսով անտառների շահագործման դիմաց: Ներկայումս կտրվել է 70 հա մակերեսով անտառ, որի փոխարեն տնկվել է 205 հա մակերեսով անտառ, ընդ որում` ինչպես Թեղուտում, այնպես էլ Լոռու մարզի մյուս համայնքներում: Ինչ վերաբերվում է հանքավայրին կից պատմական և մշակութային հուշարձաններին, ապա ընկերությունը մշակել է դրանց պաշտպանության և պահպանման ծրագիր: Մասնավորապես, «Թեղուտ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է հնեաբանական հետազոտությունները, որոնք իրականացվում են ՀՀ ԳԱԱ և այլ կազմակերպությունների կողմից:

Փետրվար 17, 2012 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր