Մարտունիի բնակիչներն ու քաղաքապետը` ընդդեմ փոքր ՀԷԿ-ի

Մարտունիի բնակիչներն ու քաղաքապետը` ընդդեմ փոքր ՀԷԿ-ի

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը պահանջում է «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող ընկերությունից վերացնել բնապահպանական խնդիրները և փոխհատուցում տալ պատճառված վնասների դիմաց:

«Ես տեսնում եմ, որ ոչ մի նորմ չի պահպանվում, դրել, հերն անիծել են գետի: Այդ գետում պետք է ջուր լինի, ձուկ լինի, ամբողջ ջուրը վերցրել են, անգամ անասուններին ջրելու համար ջուր չկա», - էկոլուրի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Նա նշեց, որ կան բնակիչներ, որոնց հողատարածքում ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ հենասյուներ են տեղադրել, խոստացել են փոխհատուցում տալ, բայց մինչ օրս չեն տվել:
«Այդ ՀԷԿ-ը խեղել է մեր բնությունը, Մարտունի գետում անգամ գորտ չի մնացել: Մենք այստեղ 8 ամիս ձմեռ ենք անցկացնում, այս ջրի և ձկան համար ենք մնացել: Ինչի՞ են եկել, տանում մեր ռեսուրսը, ո՞րն է մեր օգուտն այդ ՀԷԿ-ից», - ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:

Նա պնդեց, որ փոքր ՀԷԿ-ը կառուցվել է անօրինական, հանրային լսումներ բնակիչների մասնակցությամբ չեն անցկացվել: ՓՀԷԿ-ի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ շինարարությունն ավարտվել է:

«Մենք ՀԷԿ-ի ջուրը չենք փակել, բայց նախազգուշացրել ենք իրենց, որ գան, բոլոր թղթերը բերեն, տեսնենք` պահպանվե՞լ է օրենքի տառը, իրավունք ո՞ւնի այդ ՀԷԿ-ն աշխատելու: Կստուգենք ամեն ինչը, հետո կորոշենք` թողնում ենք աշխատի, թե` ոչ, - ասաց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը և հավելեց, - ոչ մի խոստում չեն կատարել, համայնքի համար ոչինչ չեն արել, մի քանի կոպեկ հողի վարձ են տալիս ու վերջ»:

Հարցին` ինչո՞ւ նախկինում չեք բարձրաձայնել այս խնդիրները, քաղաքապետը պատասխանեց. «Նախկինում գիտեինք, որ դրանք չեն լուծվելու, իսկ հիմա վստահ ենք` մինչև վարչապետ հասնելու է մեր բողոքը»:

Մարտունեցիները ՓՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին:
«Մարտունի» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սևանա լճի ավազանում՝ Սևանա լիճ թափվող Մարտունի գետի վրա, շահագործում է «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:

ԷկոԼուրի փորձագիտական խումբը 2016 թ-ին մոնիտորինգ է իրականացրել «Մարտունի» փոքր ՀԷԿ-ում: Արդյունքները` այստեղ:

 

Մայիս 11, 2018 at 18:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր