

ԷկոԼուր
Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործողները բեռնատարներով արտադրության չլվացված մնացորդները ուղղակի թափել են Ձորագետ: Այս մասին Facebook-ի «ԷկոԼուր»-ի խմբում ահազանգում է Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը: Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործում է «Սագամար» ընկերությունը:
Հունվարի 17-ին «ԷկոԼուրը» խնդրի առնչությամբ նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն` խնդրելով տեսչական ստուգումներ անցկացնել ձեռնարկությունում, ստուգումներում ներառել հասարակության եւ տեղի բնակչության ներկայացուցիչների, եւ արդյունքները հրապարակել նախարարության www.mnp.am կայքում կամ Օրհուս կենտրոնների www.aarhus.am կայքում: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանից տեղեկացանք, որ բնապահպանական տեսչությանը տեղեկացվել է Ձորագետի խնդրի մասին, սակայն դեռ տեղեկատվություն չկա: Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողն էլ նամակով դիմել է Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, որպեսզի տեղի ղեկավարությունը զբաղվի խնդրով:
Ձորագետի ջրով տեղի բնակիչները ոռոգում են իրենց այգիները: Ձորագետն անդրսահմանային գետ է: Այն Քուր-Արաքս գետերի ջրահավաք ավազանի գետերից է:
«Այսօր դժվար է որոշել, թե ինչ չափի վնաս է հասցվել բնությանը, մարդկությանը, և երբևիցե կարելի է վերականգնել այդ վնասները, արդյոք Ձորագետը կունենա նախկին հանգստավայրի համբավը»,- գրել է Մանյա Մելիքյանյանը:
Կրկին անգամ դիմում ենք Բնապահպանության նախարարությանը` խնդրելով տեղեկացնել`
- բնապահպանական տեսչությունն արձագանքե՞լ է ահազանգին եւ ստուգումներ իրականացնու՞մ է Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրի տարածքում
- արդոք դադարեցվե՞լ է թափոնների արտահոսքը Ձորագետի մեջ
- հաշվարկվե՞լ է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը եւ որքա՞ն է կազմում այն:
Լուսանկարը` Մանյա Մելիքյանյանի
Հունվար 24, 2012 at 15:33
