ԹԵՂՈՒՏՈՒՄ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ԻՐԱՑՎՈՒՄ

ԹԵՂՈՒՏՈՒՄ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԵՐԸ ԴԺՎԱՐ ԵՆ ԻՐԱՑՎՈՒՄ

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Լոռու մարզի Շնող գյուղից Թեղուտ համայնք տանող ճանապարհին գտնվող Շնողի ֆուտբոլի դաշտի տարածքում մեծ քանակությամբ մշակված վառելափայտ է կուտակված, որն արդեն մեկ տարուց ավելի է`գրավում է անցորդների ուշադրությունը: Ակնհայտ է, որ երկար ժամանակ արևի և անձրևի տակ հայտնված հսկայական վառելափայտն արդեն որակազրկվում է:

Վաղ առավոտյան մեզ հանդիպած առաջին շնողցին` Արսենը, տեղեկացրեց, որ կուտակված վառելափայտը Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հետեւանքով անտառից հատված ծառերն են: Այն շուրջ մեկ տարի է` կուտակված է այդտեղ և չի վաճառվում` վառելափայտի համար սահմանված բարձր գնի  պատճառով: Ըստ Արսենի` կուտակված վառելափայտի խմ-ն 12 հազար դրամ է:

Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը և Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը փասատեցին, որ գյուղացիները գյուղերին հարող անտառների թափուկից վառելափայտի խմ-ն ձեռք են բերում 1000-ից 1200 դրամով: Հենց սա է պատճառը, որ կուտակված փայտը խմ-ն 12 հազար դրամով շատ թե քիչ գնում են միայն դրսի գնորդները: «Բացի այդ, թափված փայտը կաղնի է, որը վատ է այրվում, և բնակարանները տաքացնելու համար անորակ է»,- ասացին գյուղապետերը:

Թեղուտ ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով օգոստոսի 19-ի դրությամբ հատվել է 55 հա անտառ: Անտառահատումը և հատված ծառերի վերամշակումը իրականացնում է  «Կարաստ» ՍՊԸ-ն, որը պատկանում է «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանին:

«Հետքին» Կամո Շահնազարյանը տեղեկացրեց, որ կուտակված և չվաճառվող վառելափայտի խմ-ն 3 հազար 300 դրամ է: Նա նաև ասաց, որ 2008թ.-ից մինչ օրս հատված 55 հա անտառներից մթերվել է 7557 խմ վառելափայտ, 229 խմ շինափայտ, որից 12 հազար դրամով, իսկ վերջին շրջանում 10 հազար 200 դրամով իրացվել է ընդամենը 75 խմ: Իսկ վառելափայտից առայսօր իրացվելօ է 4262 խմ:

Այսինքն` վատ է իրացվում նաև շինափայտը: Կամո Շահնազարյանը մեկնաբանում է. «Վառելափայտը հիմնականում կաղնի է, իսկ հանքավայրերի վրա աճած կաղնիները որպես վառելափայտ անորակ են լինում»:

Ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է անորակ վառելափայտի համար սահմանվել նման բարձր գին: Հարցին ի պատասխան` Կամո Շահնազարյանն ասաց. «Վառելափայտի գները մենք չենք սահմանել. այն սահմանվել է «Հայանտառի» կողմից: Գները 12 հազարից 10 200 դրամ է իջեցվել իմ առաջարկով: Առաջիկայում սպասում ենք, որ «Հայանտառի» կողմից կկատարվի մթերված անորակ վառելափայտի սահմանված գնի նոր իջեցում»:

Սակայն «Հետքի» հարցումներից պարզվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ճի պատրաստվում վառելափայտի գներն իջեցնել: «Հայանտառի» տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Սամվել Սահակյանն ասաց. «Թեղուտի հանքավայրի ծրագրով հատված անտառների մթերված վառելափայտի գինը բարձր չի սահմանված: Սկզբնական շրջանում մեկ խորանարդ մետրի համար սահմանվել է 10 հազար դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը, որը կազմել է 12 հազար դրամ: Ներկայումս վառելափայտի խմ-ն համար սահմանված է 8 հազար դրամ` գումարած 1800 դրամ ավելացված արժեքի հարկը»:

Սակայն ներկայումս «Լալվար» անտառտնտեսության կողմից վառելափայտի խմ-ն վաճառվում է ոչ թե 9800 դրամով, ինչպես վստահեցնում է Սամվել Սահակյանը, այլ 10 հազար 200 դրամով: «Լալվար» անտառտնտեսության հաշվապահ Սեդա Վլասովան պարզաբանում է. «Դա եղել է նախկինում: Ավելացված արժեքի հետ միասին փայտի խմ-ի համար սահմանված էր 9600 դրամ: Այս տարվա հուլիսի 7-ից այն դարձել է 10 հազար 200 դրամ: Գրություն ունեմ»:

Սամվել Սահակյանի ներկայացմաբ` մթերված վառելափայտի չիրացման պատճառն այն է, որ ուրիշ տեղից որակյալ վառելափայտ է վաճառվում: Ուստի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նախատեսում է տարածաշրջանի մյուս անտառտնտեսությունների կողմից վառելափայտի առաքումը դադարեցնել, մինչև մթերված և չիրացվող վառելափայտն ամբողջությամբ կիրացվի:

Օգոստոս 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր