Լարիսա Փարեմուզյան, Հետք
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը, ով այս պահին Թեղուտում ղեկավարում է հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման աշխատանքները, «Հետքին» տեղեկացրեց, որ Թեղուտի ծրագրի վարկավորման շուրջ «Վալլեքս» ընկերության եւ ՎՏԲ բանկի միջեւ բանակցությունները շարունակվում են:
Ռ. Պապոյանի խոսքերով` թեև հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են 2007-ին, այնուամենայնիվ, հանքավայրի շահագործումը դեռեւս չի սկսվել. առայժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:
«Շինարարականի վրա դեռ երկար էլ կմնանք: Մենք հանքավայրի հիմնական գործերը կանենք, երբ հանքի մակաբացման աշխատանքները սկսենք: Իսկ դա կարող ենք սկսել, երբ պահանջված տեխնիկան կունենանք: Մակաբացման աշխատանքները պլանավորել ենք սկսել 2011թ-ի գարնանը»,- ասում է Ռուբեն Պապոյանը:
Հանքավայրի մակաբացման համար անհրաժեշտ տեխնիկան դեռևս ձեռք չի բերվել: Անցած շուրջ 3 տարիներիին իրականացված շինարարության ընթացքում Թեղուտում հիմնականում կառուցվել են մուտքային ճանապարհներ, որոնք հասնում են մինչև լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի տեղանք, կառուցվել են հարստացուցիչ ֆաբրիկան, հանքավայրի հետ կապող, հանքաքարի տեղափոխման և թափոնակույտ տանող հիմնական և պոչամբար տանող ժամանակավոր ճանապարհները: «Ընդհանուր առմամաբ` 50 կիլոմետրից ավելի ճանապարհներ ենք կառուցել»,- մանրամասնում է Պապոյանը:
Նրա ներկայացմամբ` թեև պոչամբարի տարածքում ոչ մի աշխատանք չի կատարվել, այդուհանդերձ, այստեղ ավարտվել է նախատեսված ջրահեռացման կանալների կառուցումը: Ջրահեռացում է կազմակերպվել նաև թափոնակույտի տարածքում: «Հիմնական ջրահեռացման աշխատանքներն ավարտելուց հետո մենք աշնանը կսկսենք պոչամբարի առաջնային պատվարի շինարարական աշխատանքները»,- նշում է Ռ. Պապոյանը:
Առայսօր Թեղուտի հանքավայրի ծրագրի իրականացման համար ծախսվել է 40 մլն ԱՄՆ դոլար, որը «Վալլեքսի» ներքին ռեսուրսների հաշվին է: Ներկայումս Թեղուտում աշխատում է 560 մարդ: «Աշխատողների մեջ ամբողջ Հայաստանից ընդգրկված մարդիկ կան: Թեղուտ գյուղից մեզ մոտ աշխատում են 150 աշխատողներ, Շնող գյուղից` 140, Ալավերդուց` 150, մնացածը հանրապետության այլ բնակավայրերից են: Ունենք աշխատողներ Երևանից ու Վանաձորից»,- նշում է Պապոյանը:
Թեղուտում այս պահի դրությամբ նախատեսված 60 հա անտառներից հատվել է 55 հեկտարը: Մնացածում անտառահատման աշխատանքները շարունակվում են: Ռուբեն Պապոյանը Թեղուտի ծրագրի իրականացման կարևոր հիմնախնդիրը համարում է ֆինանսավորման հարցը. «Ինչքան էլ այսօր մենք «Վալլեքս» խմբի ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին աշխատենք, մեր հիմնական ծախսը, որը վերաբերում է հանքի տեխնիկային, սարքավորումների ձեռքբերմանը, ընկերությունը կարճ ժամանակամիջոցում դրանց համար պետք է լուրջ գումարներ ունենա»:
Ըստ Պապոյանի` ծրագրով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն 2014 թվականին:
Զրուցակցիս հարցրի նաեւ ծրագրին ընդդիմացող մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ առնչությամբ իր տեսակետի մասին: «Ճիշտն ասած` վերջին շրջանում այդ շարժումները թուլացել են ահագին: Բայց հետաքրքրվողներ կան: Շատ բարեխիղճ ձևով գալիս են, տեսնում են, նաև մեր հոգսերից են հարցնում: Վերջերս էլ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն էր մեզ մոտ: Կարծում եմ` նորմալ է»,- ասում է «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը:
Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև հանքավայրի ծրագրի իրականացման աշխատանքները սկսելուց ի վեր գյուղում լուծվել են սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ, այդուհանդերձ, գյուղում բնապահպանական լուրջ խնդիր է դառնում փոշու տարածումը:
Գեղը քանդվել ա
Սա արդեն թեղուտցի, 83-ամյա Գարեգին Խաչիկյանի գնահատականն է: Հանքավայրով պայմանավորված` Թեղուտում կատարվող փոփոխությունների մասին վերջինս ասում է, որ արդեն «գեղ չկա», քանի որ «գեոլոգնին քանդեցին» այն. «Էդ քանդելն ինձ դուր չի գալի, քանի որ ընդի` վերևը, մի 27 հոգու բաղ կա: Էդ որ վեկալան հա, գեղին պահեր էդ բաղը, սենց չիմ ջնջեցին: Էդ բաղում ամեն բան էլ կար»:
Ծերունու համար միանշանակ չէ այն կարծիքը, որ հանքավայրը բերել է նաեւ օգուտներ` հիմնելով նոր աշխատատեղեր:
«Էնդով էլ ըշխատեին, խու պարապ նստած չէի՞ն: Էնդով է սովխոզումն ըշխատեին, չէ՞: Ես բոլորվին համաձայն չէի, որ եկան մեր գեղը քանդեցին: Ես տարեկան վեց-օխտը տոննա խնձոր վեր ունեի էդ բաղերից: 40 ծառ ունեի: Հմի մի հատիկ չկա. չիմ չորացրել են, ջուր չկա, ջուրն էլ են քանդել, բաղն էլ են քանդել: Հա, հողի փողը տվել են` 1000 մետրի դիմաց 100 դոլար ա տվել: Իսկ ես մեջին 40 խնձորի ունեմ: Ծառի փողը տվել չի, չէ: Էն էլ ընենց ծառ էր, որը 4-ը մի մաշինա փետ էր: Այ, տհենց ա»,- ասում է Գարեգին պապն ու հավելում` «չիմ լավ հողերը տարան, էն էլ ինչքան լավ հողեր տարան»:
Գարեգին Խաչիկյանը չորս երեխա ունի, իսկ կինը, կամ ինչպես ինքն է ասում` իր պառավն էլ չկա. «80 թվերին ա գնացել»: Հանքավայրում Գարեգին Խաչիկյանի երեխաներից ոչ ոք չի աշխատում. «Մի կենտ հարս ունեմ, պովեր ա ընդի աշխատում: Է~, գեղը քանի գնում, տուկատանում ա: 170 մարդ ընդի ըշխատում ա, բայց մի 180 մարդու էլ գործ չկա, որ ըշխատի: Էդ 170-ից դենը Էրևանից ու ստիան, ընդիան էկածնի են: Վուա~յ: Հեսայ, ջահելնին ձեռներուն ջեբներումը գնում են գործ ուզում, ընդունում չեն: Ըշխատողնին չիմ ղրաղի մարդիկ են, չիմ իրանց` ղեկավարների բարեկամնին են: Հա, բա: Էդ Պապոյան կա, ես ինչ գիտեմ` բրիգադրնի ունի ընդի: Չիմ իրանց մոդկնին են»,- ասում է նա:
«Էդ ինչեր ես խոսում, քու ինչի՞ն ա պետք, որ խոսում ես: Հմի, որ ինձ գործից հանեն, սիրտդ կհովանա՞»,- զրույցին հանկարծ միջամտեց Գարեգին պապի հարսը` «Թեղուտ» ՓԲԸ-ում «պովեր» աշխատող Շողիկը»: Սկեսրայրը հարսին չպատասխանեց, իսկ նրա գնալուց հետո ասաց. «Գործիդ կաց: Ես նրան գնացել չեմ ուզելու, իրա ոտովը փախել ա, էկել իմ տուն: Շատ կխոսա, տանիցս դուս կանեմ, բա»:
Օգոստոս 30, 2010
