Կլիմայական գործողություններն առաջնահերթություն են․ ամփոփվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները

Կլիմայական գործողություններն առաջնահերթություն են․ ամփոփվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԿ-ի զարգացման ծրագրի-Կանաչ կլիմայի հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի արդյունքներն ավարտական աշխատաժողովի ժամանակ:

Ծրագրի նպատակները համահունչ են Փարիզյան համաձայնագրի հոդված 7-ի «Հարմարվողականություն» գլոբալ նպատակին՝ բարձրացնել հարմարվողականությունը ու դիմակայունությունը և նվազեցնել խոցելիությունը։ Ծրագիրը կնպաստի կայուն զարգացման հիմնարար կարողությունների ամրապնդմանն ու թիրախային խոցելի 6 ոլորտներում՝ գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, բնակավայրեր, առողջապահություն, տուրիզմ և էներգետիկա, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներդրման առաջնահերթության սահմանմանը և անհրաժեշտ  ֆինանսական ռեսուրսների  հայտնաբերմանը:

Ծրագրի իրականացման ժամանակ ներգրավվել է  ավելի քան 3200 մասնակից, անցկացվել է 90 միջոցառում, պատրաստվել է կլիմայական և կապակցված բնական վտանգների ատլաս Շիրակի և Լոռու մարզերի համար, գնահատվել է կլիմայական ռիսկերի խոցելիությունը ոլորտային և մարզային մակարդակներով, մշակվել է 9 ուղեցույց, հարմարվողականության 5 ոլորտային, 2 մարզային և 1 քաղաքային ծրագիր, հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունեց ծրագրի մասնակիցներին․ «Ծրագիրն ուղղված է երկրի և ամբողջ աշխարհի ամենակարևոր մարտահրավերներից մեկին: Մենք որևէ կասկած չունենք, որ կլիմայական գործողություններն այլևս չեն կարող հետաձգվել: Կլիմայական գործողությունները պետք է առաջնահերթություն ունենան տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում քննարկվող յուրաքանչյուր որոշման մեջ: Այս նախագիծն իր ներդրումն է ունեցել երկրի հարմարվողականության ճիշտ ուղու բացահայտման գործում՝ տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման, գիտելիքի, իրազեկության բարձրացման, քաղաքականություններ մշակելու և ստեղծելու միջոցով: Առջևում այդ նախագծված ռազմավարությունների և միջոցառումների իրականացումն է»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Գայանե Գաբրիելյանը նշեց․ «Հաջորդ  տարի մեծ ուշադրություն ենք դարձնելու ինստիտուցիոնալ շրջանակին։  Մենք մասնակցում ենք Սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ փորձելով բնապահպանական օրակարգն ավելի ամուր հենքի վրա դնել։ Մենք աշխատանքներ ենք տանում Սահմանադրության մեջ բնապահպանական անվտանգության, իրավունքի և պարտավորությունների ամրագրման ուղղությամբ։ Բնապահպանական օրակարգը պետք է հավասարազոր զարգանա երեք ուղղություններով՝ բնապահպանական, սոցիալական և տնտեսական։ Ես չեմ կարծում, որ մենք ապահովում ենք այդ հավասարազորությունը։ Մենք իրականացրել ենք գնահատում ՀՀ ֆինանսների նախարարության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ և ունենք հաշվետվություն, որտեղ ցույց է տրվում կլիմայական ֆիսկալ ռիսկերի առանձնահատկությունները, որոնք հենց շեշտադրում են անում սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Եթե մենք չենք ուզում ներդրումներ կատարել այսօր առնվազն հարմարվողականության և մեղմման գործողություններում, մենք ի՞նչ կունենանք վաղը սոցիալ-տնտեսական իրավիճակով»։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց․ «Շատ կցանկանամ, որ այն բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնք մշակվել են այս ծրագրի շրջանակներում, իրականանան։ Նպատակն է կանխարգելել այն անվտանգային ռիսկերը, որոնք կարող ենք ունենալ կլիմայի փոփոխության հետևանքով։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է իրազեկում և գիտելիքի փոխանցում տարբեր մակարդակներով՝ դպրոցականներից մինչև նախարարներ։ Ծրագրի ամենամեծ արժանիքն այն է, որ տարբեր շրջանակներում փոխվել է վերաբերմունքը կլիմայական խնդիրների նկատմամբ։ Հաշվի առնելով միջազգային հնչեղությունը և կարևորությունը կլիմայի փոփոխության առումով, կարծում եմ, որ մշակված փաստաթղթերը կունենան նաև արդյունք ներդրումների տեսքով»։

Ծրագրի արդյունքների մասին ավելի մանրամասն ԷկոԼուրի հաջորդիվ հրապարակումներում։

Դեկտեմբեր 28, 2022 at 12:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր