Բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենքների բարելավումը կապահովի Հայաստանում իրականացվող միջազգային կանաչ ծրագրերի կայունությունը

Բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենքների բարելավումը կապահովի Հայաստանում իրականացվող միջազգային կանաչ ծրագրերի կայունությունը

Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) առնչվող ոլորտի բարելավման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթ է մշակել: Փաթեթի վերջնական տարբերակի քննարկման նպատակով 2022թ. մայիսի 18-ին Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանրային լսում պետական ու հանրային սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Հանդիպման ժամանակ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արամ Աղասյանը ներկայացրեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, խոսեց գործող օրենքներում առկա բացերի ու լրամշակված տարբերակներում արված փոփոխությունների մասին: 

Արամ Աղասյանն ընդգծեց, որ առկա օրենքներում առնչվում ենք ռեժիմների, միջազգային ստանդարտներին համապատասխանելու խնդիրների, և նմանատիպ քննարկումների միջոցով հնարավոր կլինի հղկել օրենքները: Նախարարության աշխատակիցը նշեց, որ նոր օրենքում ավելացվել են պահպանվող տարածքների ստեղծման նպատակը, կարգավորվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում և դրան կից օրենքներում առկա հակասությունները, հստակեցվել են կառավարման լիազորությունները, ներառվել են անցումային դրույթներ, իսկ միջազգային կոնվենցիաներով կարգավորվող նորմերը կներառվեն ենթաօրենսդրական ակտերի մեջ։ 

«Գործող օրենքում չունենք արգելավայրի պահպանության ռեժիմ: Նշված է միայն, թե արգելավայրում չի կարելի որևէ գործունեություն, որը հակասում է պահպանվող տարածքի ստեղծման նպատակին, իսկ պահպանության ռեժիմը որոշում է ամեն մեկն իր կանոնադրությամբ: Այստեղ հակասություն է առաջանում: ՀՀ Սահամանդրությամբ բոլոր արգելքները պետք է սահմանված լինեն օրենքով: Մենք հիմա դա ներառում ենք, որ տարընթերցումներ չլինեն», - բացատրեց նա:

Արամ Աղասյանը նշեց, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում ավելացվել է պահպանվող լանդշաֆտ կատեգորիան. «Այսպես, մենք ՏԻՄ-երին տալիս ենք հնարավորություն, որ կարողանան իրենց նախաձեռնությամբ ստեղծել պահպանվող տարածքներ: Բացի այդ հնարավորությունից, ՏԻՄ-երը նաև կմասնակցեն կառավարման գործընթացին, որը կարող է նպաստել գյուղական և էկո տուրիզմին»,- նշեց նա: Ըստ նրա՝ ներմուծվել է նաև կենսոլորտային պահպանավայր հասկացությունը: «Կենսոլորտային պահպանավայրում միջուկը բնության հատուկ պահպանվող տարածքն է, դրանից հետո գալիս է պահպանման գոտի, այնուհետ՝ աջակցման գոտին: Եվրոպական մոդելով այս երեք գոտիները միավորվում են իրար և դառնում էկոլոգիական ուղղվածությամբ բնապահպանության և տնտեսական աշխատանքի իրականացում: Կազմվում են խորհուրդներ, դրանց միջոցով սկսում է կառավարվել»,- ասաց Արամ Աղասյանը: 

Ըստ Արամ Աղասյանի՝ նոր օրենքում առկա են սահմանափակումներ, որոնք առչնվում են հողերի կառավարմանը: «Պահպանվող տարածքներում ընդգրկված համայնքային հողերը համայնքի ղեկավարին, իրավաբանական անձանց և համայքներին սեփականության իրավունքով չպետք է փոխանցվեն: Հողային օրենսգրքով համայնքի ղեկավարին տրված է հնարավորություն համայնքային սեփականության հողերը դնել վաճառքի կամ աճուրդի: Այդ ամենից խուսափելու համար այդպես ենք արել»,- ասաց նա: 

Արամ Աղասյանը հատուկ ուշադրություն դարձրեց նոր օրենքում էկոլոգիական ցանց ու էկոլոգիական միջանցք հասկացությունների ներմուծման կարևորությանը: «Համայնքների հետ կնքված պայմանագրերը հնարավորություն են տալիս  սահմանել համապատասխան ռեժիմներ, որպեսզի կարողանանք ապահովել արեալների ընդհանրությունը և կենդանիների համար նախատեսված միգրացիոն ճանապարհները: Էկոլոգիական ցանցը կապահովվի այդ միջանցքների միջոցով»,- նշեց նա: 

Արամ Աղասյանը վերջում հավելեց, որ շահագրգիռ հանրությունն օրենքի վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները կարող է ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն՝ գրավոր տարբերակով: 

Նշենք, որ 2022թ. մեկնարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից KfW բանկի միջոցով ֆինասնավորվող և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի երկրորդ փուլը: Դրական գնահատելով իրականացվող փոփոխությունները՝ «ԷկոԼուրի» հետ զրույցում ծրագիրն իրականացնող WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Օրենքների մշակումը սկսվել է դեռևս տաս տարի առաջ: Պահպանվող լանդշաֆտի, բուֆերային գոտու, էկոմիջանցքի նոր կատեգորիաները շատ կարևոր են: Օրենքի մեջ նաև հատուկ կամ բնապահպանական արժեք ունեցող ապրելավայր հասկացության ընդգրկումն էլ հնարավորություն կտա որոշ տեսակներ պահպանել պահպանվող տարածքներից դուրս»: Ըստ Կարեն Մանվելյանի՝ իրականացվող բարեփոխումները կկարգավորեն ԲՀՊՏ-ների ոլորտը: «Օրենսդրական հիմք կլինի: Առկա բացերը թույլ չէին տալիս, որ արվեր ավելին: Հիմա օրենքում էկոմիջանցք և էկոլոգիական ցանց հասկացությունները կլինեն: Պահպանվող տարածքները միացված են իրար էկոմիջանցքների միջոցով: Այլևս դա օրենսդրորեն հաստատված կլինի, ինչը կհեշտացնի ծրագիրը, և ծրագրի կայունությունը կապահովի»,- ասաց նա:

Մայիս 21, 2022 at 20:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր