Արարատ գյուղը, ցիանային պոչամբար, ցեմենտի գործարան և կորոնավիրուս

Արարատ գյուղը, ցիանային պոչամբար, ցեմենտի գործարան և կորոնավիրուս

Գործազրկության աճ, եկամուտների կրճատում, գյուղատնտեսական մթերքի իրացման ու առողջապահական ոլորտին առնչվող խնդիրներ: Ահա այն մարտահրավերները, որոնց հետ բախվել է Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքը COVID-19 համավարակի հետևանքով:

Այս ամենն ավելացել է համայնքի վրա բացասական ազդեցություն գործող արտադրական ձեռնարկությունների հասցրած վնասին: Արարատ գյուղի վրա բացասական ներգործություն ունի «Գեոոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ցիանային պոչամբարը, որը տեղակայված է Արարատ գյուղի վարչական սահմաններում: Խնդիրն այն է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ազդակիր համայնք է համարվում միայն Արարատ քաղաքը, որտեղ գտնվում է ֆաբրիկան: Իսկ Արարատ գյուղը գտնվելով ցիանային պոչամբարի ազդեցության տակ՝ ազդակիր չէ:

ԷկոԼուրի հետ զրույցում Արարատ գյուղական համայնքի փոխհամայնքապետ Զավեն Ղազարյանն ասաց, որ պոչամբարից արտահոսք կա դեպի հարակից տարածքներ. «Եթե անասունը մտնում է այդտեղ, կարող է սատկել: Վերջիվերջո, այնտեղ ատխոդ է գնացել: Բոլոր անասնատերերը տեղյակ են, որ այդտեղ չի կարելի անասուն մտցնել»,- ասաց Զավեն Ղազարյանը:

Թեև ցիանային պոչամբարը աղտոտում է և՛ Արարատ գյուղի շրջակա միջավայրը, և՛ վատթարացնում այնտեղ աշխատողների առողջական վիճակը, գյուղը չի օգտվում սուբվենցիաներից, որոնք տրամադրվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այդ պատճառով համայնքը չունի ֆինանսավորում բնապահպանական ու առողջապահական ծրագրերի իրականացման համար: Այս տեսանկյունից Արարատ գյուղի համար «ազդակիր համայնքի» կարգավիճակ ստանալու հարցը արդիական է դառնում:

Արարատ գյուղից շատերն են աշխատում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: «Արարատ գյուղի բնակչությունը (8275 բնակիչ) ֆաբրիկայի գործունեության նկատմամբ դրական տրամադրվածություն ունի»,- նշեց փոխհամայնքապետը: Ըստ նրա՝ կորոնավիրուսային համավարակի ընթացքում «Գեոոպրոմայնինգ գոլդ»-ը սննդի և հիգիենիայի պարագաների փաթեթներ է տրամադրել 500 անապահով ընտանիքի: «Նույն կերպ Արարատի գինու գործարանը ցուցաբերել է օժանդակություն՝ 400 ընտանիքի»,- նշեց նա։ Ըստ փոխհամայնքապետի՝ ոսկու կորզման ֆաբրիկան իր աշխատակիցների համար կիրառում էր կանխարգելիչ միջոցառումներ: «Սակայն վերջին շրջանում այդ հսկողությունը թուլացել է»,- նշեց Զավեն Ղազարյանը։

Արարատ գյուղի բնակիչները ԷկոԼուրին պատմեցին. «Տղաներս ֆաբրիկա էին ընդունվել աշխատանքի՝ շինարար էին: Անընդհատ թեստեր էին հանձնել: Մի տղայինս դրական էր: Աշխատանքից ազատեցին: Եթե մարդը կորոնավիրուս է, ազատո՞ւմ են, ասո՞ւմ են գնա: Գոնե նրան սնունդ է պետք: Մեկ ամիս գումար չստացավ: Ասացին մեկ ամիս անց նորից կգաս, դիմում կգրես, թեստ կհանձնես, եթե բացասական եղավ, կընդունենք աշխատանքի: Արդյո՞ք դա ճիշտ է: Գոնե բյուլետենն ընդունեին»: Ղազարյանն այս առնչությամբ նշեց, որ «Գեոոպրոմայնինգ գոլդ»-ն իր աշխատակիցներին աշխատանքի է ընդունում կարճաժամկետ՝ երկու ամսով, հիվանդաթերթիկ տրամադրելուց խուսափելու նպատակով: 

2017 և  2018թթ. «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ն Արարատ գյուղին վճարել է հողի հարկ՝ յուրաքանչյուր տարի 1 միլիոն 970 հազար դրամի չափով: 2017թ. ընկերության գույքահարկը կազմել է 20 հազար դրամ, 2018թ.՝ 10 հազար դրամ, որն ընկերության կողմից ամբողջությամբ վճարվել է: 2018թ. ընկերությունը Արարատի գյուղապետարանին է վճարել իր վարձակալած անշարժ գույքի դիմաց ևս՝ 960 հազար դրամի չափով։ 

Գյուղը մյուս աղտոտողն Արարատի ցեմենտի գործարանն է: Արարատի ցեմենտի գործարանը գտնվում է Արարատ քաղաքում, սակայն գործարանի արտանետումների ազդեցությունը կրում է նաև Արարատ գյուղը: Ըստ Զավեն Ղազարյանի, երբ քամին փչում է, ցեմենտի փոշին գալիս, նստում է գյուղի վրա:

Գյուղի բնակիչները կարևորեցին ցեմենտի գործարանի ֆիլտրերի տեղադրումը: «Ինչքան ուզում ես, կաթ խմիր, մածուն կեր, ծառ տնկիր, փոշին, միևնույնն է, շատ է: Լավ է, իհարկե, որ գործարանն ու ֆաբրիկան աշխատում են: Աշխատողը գիտի, որ խանութից բան տարավ, ամեն ամիս կայուն աշխատում է, իր վարկն ու ապառիկը կտա: Թող աշխատեն, չփակեն, բայց ոչ տարածաշրջանի աղտոտմանան հաշվին, թող մաքուր աշխատեն. չաղտոտեն մեր օդն ու ջուրը»,- նշեցին բնակիչները: 

Համայնքի պայքարը կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ

Ըստ փոխհամայնքապետի՝ Արարատ գյուղը կորոնավիրուսային համավարակի տարածման տեսանկյունից տարածաշրջանում առաջատարներից է։ Սկզբնական շրջանում համավարակի կանխարգելման ուղղությամբ բացատրական աշխատանքներ են տարել համայնքի բնակիչների հետ, իրականացրել շրջայցեր բակերում, դպրոցներում, խանութներում և արտադրական ձեռնարկություններում. «Լուրջ չընդունեցին մարդիկ, դրա համար սկզբնական շրջանում ավելի բարձր էր վարակակիրների ցուցանիշը: Միջոցառումներ արեցինք, պաշտպանիչ դիմակ, ձեռնոց ու ալկոգել բաժանեցինք: Երբ բնակչության տեղաշարժը սահմանափակվեց, որոշ մարդիկ զրկվեցին աշխատանքից: Սկսեցինք իրենց օգնել»,- ասաց նա: Համայնքային բյուջեով սոցիալական օժանդակության համար նախատեսված էր 6 միլիոն դրամի աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին: Համավարակի պայմաններում համայնքապետարանն այդ գումարին ավելացրել է ևս 1,2 միլիոն դրամ գումար, որպեսզի հնարավոր լինի լուծել բոլոր բնակիչների խնդիրները: «Սոցիալական ծառայությունից մեզ մեկուսացվածների թիվն են տվել, մենք նրանց 15 օրվա սնունդ ենք փոխանցել»,- նշեց նա:

Վարակակիրների մեծ թիվն, ըստ Զավեն Ղազարյանի, պայմանավորված էր նաև պատերազմով. «Պատերազմը նոր մարտահարավեր էր համավարակի տարածման տեսանկյունից: Բավական թուլացել էր ժողովրդի զգոնությունը պատերազմի իրադրության հետ կապված»,- նշեց նա: 

Համավարակի պատճառով Արարատում աճել է նաև գործազուրկների թիվը. «Եթե 100 հոգի դուրս պետք է գար, դրանց կեսն են կարողացել գործ գտնել, սկսել են իրենց այգին մշակել կամ հարևանի այգում աշխատել»,- ասաց փոխհամայնքապետը:

Արարատ գյուղական համայնքն արտադրական ձեռնարկությունների շնորհիվ ապահովված է աշխատատեղերով, սակայն համավարակի բացասական ազդեցությունը զգացվեց նաև այստեղ: «Ցածր է աշխատավարձը, իսկ կյանքը՝ թանկացել է: Տղաս ինկուբատոր էր պատրաստել: Այս տարի չօգտագործեցինք, որովհետև նախորդ տարի ձուն դարձավ 35 դրամ, իսկ կերը թանկ էր: Մենք ստիպված էժան ծախեցինք հավերին: Այս տարի տնական ձուն 80 դրամով եմ առնում: Եթե նախորդ տարի գոնե 50 դրամով առնեին, մենք չէինք ծախի մեր հավերին»,- ասաց մի բնակիչ: 

«Ամեն տարի ցորեն էինք ցանում, այս տարի չարեցինք, որովհետև հազիվ ծախսերը հանեցինք, մեզ մնաց մեր տանջանքը: Հիմա ցորենը ցանում ես, կիլոգրամը 100 դրամով են առնում: Բայց միևնույն է՝ չես կարողանում սպառել: Եթե ընդունման կետ լինի, կկարողանամ հանձնել»,- նշեց Արարատի համայնքապետարանի աշխատակիցը: 

Արարատ գյուղի համար այսօր առաջնային է ոռոգման ջրի խնդրի լուծումը և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը: «Խորհրդային տարիներին մեր տարածքում՝ Արաքսի գետի մոտ ջրամաքրման կայան կար: Արարատ քաղաքից կոյուղաջրերը գալիս էին գյուղ, մեխանիկական մաքրման ենթարկվում, հետո միայն լցվում գետի մեջ: Իշխանությունը փոխվեց, մաքրման կայանը թալանվեց: Այսօր այդ կեղտաջրերը առանց մաքրման լցվում են դաշտերը»,- ասաց Զավեն Ղազարյանը:



Հունվար 21, 2021 at 13:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր