Ծիծեռնակաբերդի բարձունքում կտնկվի շուրջ 250 ծառ

Ծիծեռնակաբերդի բարձունքում կտնկվի շուրջ 250 ծառ

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը, որի ընթացքում նախատեսվում է 8.5 հա տարածքում տնկել շուրջ 250 ծառ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանն անդրադարձել է իրականացված մշտադիտարկումներին՝ նշելով, որ ծառատնկման ընթացքում ծառերը տեղադրվում են փակ արմատային համակարգով, ինչն անգամ ամռան շոգ եղանակի դեպքում թույլ է տվել ապահովել 85-90% կպչողականություն: 

«Այս տարածքը բավականին բարդ էր կանաչապատելը, բայց ինչպես տեսնում եք, մենք հաղթահարեցինք այդ բարդությունները և այս պահի դրությամբ արդեն ունենք արդյունք, ունենք կպչողականություն: Սա մշտական գործընթաց է, որը շարունակվելու է նաև աշնանը»,- հաստատել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Ծառատնկման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 160 աշխատակից, ովքեր մասնակցել են նաև տարածքի աղբահանությանը: Տարածքից տեղափոխվել է ավելի քան 400 մեքենա աղբ: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվել է նաև ոռոգման ցանցի խնդիրը, ջրի հասանելիությունն ապահովելու նպատակով փոխարինվել է ջրագիծը:

Ըստ հաղոդրագրության՝ մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս գոտու են բաժանել: Ծրագրի երեք փուլի արդյունքում շուրջ 670 ծառ և թուփ է տնկվել: Հաջորդ ծառատունկը նախատեսվում է իրականացնել աշնանը:

Հունիս 13, 2022 at 14:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր