Ահազանգ. Դիլիջանում խմելու ջուր չկա կամ ծորակից կեղտաջուր է հոսում
Status: Open April 16, 2019 at 17:03
Շուրջ երեք տարի է ապրում եմ Դիլիջանում և ունենք խնդիր խմելու ջրի որակի հետ կապված: Ջուրն ունի դեղնավուն գույն, հոտ, իսկ անձրևներից կամ ձնհալից հետո` շագանակագույն, ակնհայտ աղտոտված, խմելու և կենցաղի համար ոչ պիտանի: Ունենալով որոշակի գիտելիքներ ու հնարավորություններ, ինքս ստուգել եմ ծորակի ջրի որոշակի ցուցանիշներ և պարզել, որ նիտրատների քանակությունն ավել է 50մգ/լ-ից, իսկ pH-ն ավել է 9-ից, ինչը նշանակում է, որ այդ ջուրը խմելու ջրի ցուցանիշներին չի համապատասխանում:
Վերջին աղտոտվածության ժամանակ դիմել եմ ՀԾԿՀ, խնդրել եմ կարգավորել խնդիրը, բայց ջրի որակը ստուգելու համար եկան հենց “Վեոլիա ջուր” կազմակերպության լաբորատորիայի աշխատակիցները, դիմումիցս գրեթե մեկ ամիս անց, երբ խնդիրն արդեն ակտուալ չէր, իսկ լաբորատորիայի տված արդյունքները` ոչ արժանահավատ:
Այժմ, չկարողանալով պատշաճ լուծել խնդիրները, “Վեոլիա ջուր”-ը կատարում է ջրամատակարարում միայն օրվա որոշակի ժամերի, ինչը չի բավարարում դպրոցներում, մանկապարտեզներում հիգիենայի պայմանների ապահովմանը և կարող է խթան հանդիսանալ նոր վարակիչ հիվանդությունների զարգացման համար:
Բացի այդ, Վեոլիա ջուրը հայտարարել է, որ ջրամատակարարումն իրականացվելու է գրաֆիկով, բայց այդ գրաֆիկի մասին ոչ ոք տեղյակ չի, չկա որևէ գրաֆիկ, ջրամատակարարումն իրականացվում է օրվա տարբեր ժամերին:
Ես և Դիլիջան քաղաքի մի շարք բնակիչներ մտահոգված ենք խնդրով, որովհետև խմելու ջրի վատ որակը կարող է վատ անդրադառնալ բնակչության առողջության վրա, առաջացնել մի շարք հիվանդություններ: