Ինչո՞ւ է փոքրացվել Քասախ գետի լայնությունը. Կարբի համայնքի բնակիչը ահազանգում է

Status: Open Հոկտեմբեր 24, 2018 at 12:31


Ինչո՞ւ է փոքրացվել Քասախ գետի լայնությունը. Կարբի համայնքի բնակիչը ահազանգում է
http://haydzayn.am/am/page/Inch%60o%3Fw%20e%20p%60ok%60rats%60vel%20%20K%60asakh%20geti%20laynowt%60yowne.%20Karbi%20hamaynk%60i%20bnakich%60e%20nerkayats%60nowm%20%20e%20ir%20mtahogowt%60yowne_103425
Քասախ գետի «Կարբի Ձոր» հանգստյան գոտու հարակից տարածքը դարձել է հակասությունների առարկա: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականին տեղեկացրեց Կարբի համայնքի բնակիչներից մեկը:

Պարզվում է, ըստ մեր աղբյուրի փոխանցած տեղեկատվության, գետի տվյալ հատվածի լայնքը կադաստրային քարտեզով նեղացված է, շեշտում ենք՝ միայն քարտեզով, քանի որ սովորական աչքով էլ տեսանելի է, որ գետի տվյալ հատվածի լայնությունը քարտեզագրված տարբերակից ոչ թե 1-2, այլ որոշ հատվածներում անգամ 10 մետրով է լայն: Ասել է թե, խոսքը նկատելի տարբերության մասին է:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը իրողությունը պարզելու նպատակով գնաց ստացված տեղեկատվության հետքերով, պարզելու, թե իրականում ո՞ւմ շահերից է բխում գետն արհեստականորեն ցամաքեցնելու ցանկությունը: Կարբի համայնքի բնակիչը, ում անձնական տվյալներն այս պահին չենք հրապարակում՝ հասկանալի պատճառով, մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ այս խնդիրը տարիների նախապատմություն ունի:

Եվ ներկայացրեց հետևյալի մասին. «Ըստ գյուղում տարածված լուրերի՝ Կարբի համայնքի համայնքապետ Կարո Բաղդասարյանը, Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը և ԱԱԾ աշխատակից Հայկ Խաչատրյանը, որն ի դեպ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է, համաձայնության գալով Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների հետ, քարտեզով արհեստականորեն նեղացրել են գետի վերոնշյալ հատվածը, և իրականում գոյություն չունեցող հողատարածք են ստեղծել, որը կազմում է 7235քմ: Այդ կերպ, փաստորեն, տիրացել են գետի առափնյա հատվածին: Սակայն ակնհայտ է, որ Քասախ գետի չափսերն ընդհանրապես չեն փոխվել: Համայնքապետ Կարո Բաղդասարյանն, անտեսելով նաև Քասախ գետի ափի սանիտարական գոտին, մարզի նախկին մարզպետ Ս. Սահակյանի թողտվությամբ, սանիտարական գոտում կառուցել է տնակներ՝ բնակչությանը զրկելով անգամ գետի ափով տեղաշարժվելու հնարավորությունից»,- նշում է Կարբի գյուղի բնակիչը:

Վերջինս տեղեկացրեց, որ սույն խնդրով բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ քարտեզների նախկին տարբերակը ստանալու նպատակով, որտեղ երևում է գետի լայնքի իրական չափը: Մինչդեռ տարբեր մտացածին պատճառներով, չեն կարողացել ստանալ քարտեզների օրինակները.

«Գյուղի բնակիչներից մի քանիսը պարբերաբար դիմել են Կադաստրի պետական կոմիտե՝ ստանալու համար այն քարտեզների օրինակները, որոնցում՝ մինչ նշածս անձանց կողմից կայացված ներքին համաձայնությունը, երևում է Քասախ գետի լայնքի իրական պատկերը: Կադաստրից ասում են՝ չկան արխիվացված քարտեզներ, կամ տարբեր, անհիմն պատճառներով չեն տրամադրում քարտեզների օրինակները: Եթե Կադաստրի կոմիտեն տրամադրի քարտեզների ճշգրիտ օրինակը, պարզ կլինի, որ 2002թ.-ից մինչ այսօր Քասախ գետի լայնքը տվյալ տարածքում չի փոխվել: Այս պահին Կադաստրի կոմիտեի տրամադրված քարտեզների համաձայն՝ դրանք մեր ձեռքի տակ են, գետի լայնքը ներկայացված է՝ 3.30-60-3.70 մետր: Մինչդեռ իրականում ամենանեղ հատվածը 7 մետր է, որը գնալով լայնանում է՝ տեղ-տեղ հասնելով 18 մետրի (տես՝ նկար 1,2,3,4,5): Թեև քարտեզների բացակայության դեպքում էլ ցանկացած այցելու անզեն աչքով էլ կարող է տեսանել այդ ամենը: Վերոնշյալ հատվածում եղել է նաև կղզիացած տարածք, որն արդեն ոչնչացվել է, քանի որ գյուղապետի անմիջական միջամտությամբ, նշված հատվածում լիցք են արել (տես՝ նկար 6,7)»:

Պատկերն ամբողջացնելու նպատակով կապ հաստատեցինք Կարբի գյուղի համայնքապետ Կարո Բաղդասարյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ Կարբի գյուղի համայնքապետը տեղյա՞կ է, որ «Կարբի Ձոր» հանգստյան գոտու տարածքում Քասախ գետի լայնության չափագրման սխալ կա և խոսքը 1-2 մետրի մասին չէ, այլ 10 և ավելի:

«Քարտեզագրումն, առհասարակ, համայնքի ղեկավարներն ու համայնքապետարանի աշխատակիցները չեն անում: Կարբի համայնքի քարտեզում, առհասարակ, գետի լայնությունը նշված չէ: Կան տեղեր, որ գետի լայնությունը 2.5 մետր է, կան տեղեր, որ 3-3.5 մետր է, ես չեմ չափել գետի լայնությունը: Կարբիի համայնքի վարչական սահմանը ընկնում է մինչև գետի ափը, գետի լայնության հետ կապված տվյալներ, որպես համայնքի ղեկավար, ես չունեմ: Գետը համայնքային սեփականություն չէ, պետական սեփականություն է, և դրա հետ կապված լիազորություններ կամ պարտականություններ չունեմ, որպեսզի դրա լայնությունը ճշտեմ»,- նշեց պարոն Բաղդասարյանը:

Տեղեկացնենք, ըստ գյուղացիների փոխանցած տեղեկատվության, Կարբիի համայնքապետի հայրը հանդիսանում է «Կարբի Ձոր» հանգստյան գոտու սեփականատերերից մեկը: Ասել է, թե շահագրգիռ կողմ է այս հարցում:
Մեր հարցին՝ արդյոք ճի՞շտ է Կարբի գյուղի բնակչի այն պնդումը, թե գետն արհեստականորեն՝ քարտեզների միջոցով, նեղացնելու գործին խառնված են եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյականեր, Կարո Բաղդասարյանը պատասխանեց.

«Դա ամբողջովին զրպարտություն է, ծիծաղելի է, նման կապ չկա Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, բացարձակ նման կապ չկա»:

Խնդրը հանգամանորեն լուսաբանելու և տարբեր կողմերի կարծիքները ներկայացնելու նպատակով ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը սեպտեմբերի 6-ին համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ՝ հիշյալ քարտեզների օրինակները ստանալու ակնկալիքով: Առ այսօր պատասխան չենք ստացել, սպասում ենք պատասխանին:



Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Հետ դեպի հայտեր