ՍԽԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ ԱՐԱԳ ԼՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՍԽԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ ԱՐԱԳ ԼՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Մանե Հակոբյան

Վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ, հատկապես հանքարտահանման բնագավառում շատ հաճախ իրականացվում են գործընթացներ, որոնք ի սկզբանե հակասում են կամ մեր երկրի օրենքներին և կամ մեր երկրի կողմից ընդունած միջազգային բնապահպանական և այլ կոնվենցիաներին ու պայմանագրերին: Այդ անօրինական գործընթացները էլ ավելի հաճախակի ու արտառոց դարձան հատկապես հանքարտահանման բնագավառը ՀՀ տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո: Որպես օրինակ ներկայացնենք ընդամենը երկու թարմ դեպքեր:
    
2008 թ. նոյեմբերի կեսերին հայտարարվեց հայ-ռուս-բրիտանական «GEGAMET» ՓԲԸ մուտքը ՀՀ տնտեսություն 25մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագրով, որի շրջանակներում նախատեսվում է շահագործել Շորժայի ու Ջիլի քրոմի և դունիտ-պերիդոտիտների հանքերը: Ընկերությունը, խախտելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, Սևանա լճի ափին պլանավորում է կառուցել լեռնահարստացուցիչ կոմբինատ, հրակայունների (տարեկան 20մլն հատ), ցեմենտի հավելանյութերի (տարեկան 150 հազ տոննա), ֆերոքրոմի (տարեկան 20հազ տոննա) և քրոմի կոնցենտրատի (տարեկան 50հազ տոննա) արտադրության գործարաններ, իհարկե կանխավ հավաստիացնելով, որ ողջ արտադրությունը կլինի էկոլոգիապես մաքուր և կհամապատասխանի միջազգային նորմերին ու ստանդարտներին: «GEGAMET» ՓԲ ընկերությանը հատուկ հիշեցնենք, որ
• քրոմը և նրա միացությունները ծանր թույներ են և անդառնալի ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի, մարդկանց առողջության վրա ախտահարելով ողջ աղեստամոքսային տրակտը, թոքերը: Դրանք օրգանիզմի վրա ունեն նաև կոնցեռոգեն ազդեցություն: Վերոհիշյալ արտադրությունների իրականացման արդյունքում շրջակա միջավայրում` Սևանա լճի ջրավազանում, ստորգետնյա ջրերում, օդում, հողի մեջ, բուսական ու կենդանական, այդ թվում նաև մարդկանց  օրգանիզմներում կդիտվի այդ թունավոր նյութերի մեծ կուտակումներ, իր անդառնալի ու ծանր հետևանքներով: Բացի այդ`
• Սևանա լիճը գտնվում է ակտիվ տեկտոնական  մեծ խորքային խզվածքի վրա, որի ակտիվության պատմական ժամանակահատվածներում դիտվել են մեծ թվով կործանարար երկրաշարժեր  լճի ավազանում տեղաբախշված էպիկենտրոններով:  Տեկտոնական ակտիվության արդյունքում դիտվել է նաև լճի մակարդակի զգալի և կտրուկ տատանումներ, ընդհուպ մինչև Սևանա լճի չորացում: Սևանա լճի էկոհամակարգի սեյսմիկ  հավասարակշռությունը ցանկացած պահի կարող է խախտվել բնածին կամ տեխնածին գրգռիչների ազդեցության տակ: Տեխնածին գրգռիչներ կարող են հանդիսանալ լճի մակարդակի արհեստական, կտրուկ տատանումները, լճին հարակից տարածքներում պայթյունների իրականացումը և այլն:

Նշենք,որ տարօրինակ զուգադիպությամբ այս ներդրումային նախագծի փորձաքննությունը իրականացվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, որտեղ «Սևանա լճի  մասին» ՀՀ օրենքին հավանաբար տեղյակ չեն եղել: Բացի այդ`  ՀՀ բնապահպանության նախարարությունը առայժմ այս հարցում քար լռություն է պահպանում, չնայած, հենց ինքն էր ի պաշտոնե պարտավոր առաջինը ահազանգել այս պռոյեկտի վտանգավորության և անօրինական լինելու մասին: Այդ քար լռությունը պետք է դիտարկել առնվազն որպես ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իր անմիջական պարտականությունների իրականացման հարցում  «հերթական թերացում»:      Անցնենք երկրորդ թարմ դեպքին`
    2008 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում ստորագրվեց պայմանագիր ՀՀ և ՌԴ միջև, որի համաձայն սկսվում է ուրանի հանքանյութի կորզման և արտահանման համատեղ աշխատանքները Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մոտակայքում առկա ուրանի հանքից: Նշենք, որ այս նախագծի շրջանակներում որևէ փորձաքննություն կամ բնապահպանական ՀԿ-ների հետ քննարկումներ չեն եղել:   Հիշեցնենք, որ
• ուրանը և նրա բոլոր միացությունները խիստ թունավոր, ռադիոակտիվ նյութեր են, որոնք ներթափանցելով օրգանիզմ ազդում են բոլոր բջիջների ու հյուսվածքների վրա, ճնշում օրգանիզմի բոլոր ֆերմենտների ակտիվությունը, ախտահարում բոլոր օրգանները:    Բացի այդ`
• անհասկանալի է, թե ի՞նչ ճանապարհով և ինչպե՞ս է ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, ինչը մեր կարծիքով  ներկայումս բացառվում է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի տարածքով: Միակ հնարավոր տարբերակը հանքանյութի տեղափոխումն է նախ ԻԻՀ տարածք, որի ճշտության մասին է խոսում նաև ընտրված հանքի տեղաբաշխումը: Իսկ ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է դրանից հետո ուրանի հանքանյութը տեղափոխվելու ՌԴ, դարձյալ անհասկանալի է: Մենք հնարավոր ենք համարում արտահանված ուրանի հանքանյութի   հարստացման իրականացումը հենց ԻԻՀ ուրանի հարստացման կենտրոններում, ասենք ռուս-իրանական համատեղ ձեռնարկության կողմից: Այս դեպքում կստացվի, որ ՀՀ ուրան է մատակարարում ԻԻՀ, դրանով ուղակի կամ, թեկուզ անուղակի, մասնակցելով նրա միջուկային ծրագրերին: Սա ծանր հարված կհասցնի մեր երկրի առանց այն էլ խաթարված միջազգային վարկին, որի արդյունքում ՀՀ կհայտնվի «իզգոյ» երկրների ցանկում:
  Բացի այդ`
       Ուրան արտահանող և վերամշակող ձեռնարկություններում թունավորումն ու ճառագայթումը նվազեցնելու համար  կիրառվում են անընդհատ տեխնոլոգիաներ, օգտագործվում են միայն հերմետիկ սարքավորումներ, հերմետիկ տարաներ: Համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում, երբ արագորեն ընկնում են նավթի, պղնձի, մոլիբդենի և այլ նախկինում մեծ պահանջարկ ունեցող հանքանյութերի  պահանջարկն ու գները, խիստ հնարավոր է նաև ուրանի ու նրա միացությունների պահանջարկի ու գների կտրուկ անկում: Արդյունքում կտրուկ կնվազի ՀՀ տարածքում արդեն շահագործվող ուրանի  հանքի (կամ հանքերի) շահութաբերությունը, կդադարեցվեն ներդրումները և հանքերի շահագործումը մասնակիորեն կամ լրիվ կդադարեցվի, ինչպես եղավ Թեղուտի, Ագարակի և այլ հանքերի պարագայում: Այս դեպքում շրջակա միջավայրի վրա ուրանի հանքի կործանարար ազդեցության թուլացման, նրա կոնսերվացման համար անհրաժեշտ կլինի ծախսել ահռելի  գումարներ, որը նաև շարունակական բնույթ պետք է ունենա:

Այս ամենի արդյունքում ցանկալի շահույթների ակնկալիքով բացված ուրանի հանքերըր մեր երկրին ոչ միայն բնապահպանական, այլ նաև երկարաժամկետ, ծանր ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի կհասցնեն:

Հունվար 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր