ԷԿՈՌԻՍԿԵՐԻ ԱՆԱԼԻԶ
ԷկոԼուրի փորձագետների խումբը ընտրված տարածքների համար մշակել է էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ մոդել: Այն հիմնված է ISO 14031 - 2005 էկոլոգիական ստանդարտի սկզբունքների, ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումներով հաստատված նորմատիվների վրա:
Ըստ մոդելի` ընտրված տարածքը էկոլոգիական ռիսկերի վտանգ է կրում՝ համաձայն հետևյալ կատեգորիաների ՝
- Օդ՝ փոշով և քիմիական միացություններով աղտոտվածություն
- Ջուր՝ քիմիական միացություններով աղտոտվածություն և ոչ ռացիոնալ օգտագործում
- Հող՝ աղտոտվածություն, ոչ ռացիոնալ օգտագործում
- Կենսաբազմազանություն՝ կենսաբազմազանության և անտառային ծածկույթների խախտում
- Առողջություն՝ հիվանդացություն, մահացություն:
Մոդելը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կատեգորիայի համար ներառել պարամետրեր: Երբ մոդելի մեջ ներառվում են պարամետրերի նշանակությունները, օրինակ, քիմիական տարրերով օդի աղտոտվածության համար, կամ մահացության ցուցանիշներ, կամ գետերում ջրի սպառումը, ապա մոդելը ավտոմատ կերպով որոշում է կատեգորիայի գնահատականը ըստ միավորների՝ համեմատաբար բավարար վիճակի համար՝ 1 միավոր, ճգնաժամային վիճակի համար՝ 2 միավոր, աղետալիի համար՝ 3 միավոր:
Տարածքները, որոնց համար որոշվում է օդի, ջրի, հողի, կենսաբազմազանության և առողջության վիճակը, ընտրվում են կամայականորեն: Դրա համար օգտագործվում է հատուկ պոլիգոն ծրագիր, որը թույլ է տալիս Google Map-ում ուրվագծել ազդեցության գոտին, և դիտել այդ տարածքի վիճակը յուրաքանչյուր կատեգորիայով, որոնց համար ներառված են պարամետրերը: Յուրաքանչյուր կատեգորիայի վիճակից կախված՝ տարածքները ներկվում են կանաչ (համեմատական բավարար), շականակագույն (ճգնաժամային) և կարմիր (աղետալի) գույներով:
Ռիսկերի մոդելը ներկայացված է ԷկոԼուրի www.ecolur.org կայքում «Ռիսկերի վերլուծություն» ինտերակտիվ քարտեզի տեսքով: Ռիսկերի մոդելին վերաբերող բոլոր տեղեկատվական նյութերը և տեսանյութերը տեղադրվում են համանուն բաժնում:
Մոդելը մշակվել է «Այլընտրանքային մեդիա-ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում՝ ամերիկյան ժողովրդի օգնության շնորհիվ, որը ցուցաբերվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: