

armradio.am, Անահիտ Սվարյան
Սյունիքի մարզի սահմանամերձ Շաղատ գյուղում վերջին անգամ մեկ ամիս առաջ են կրակոցի ձայն լսել։ Գյուղի բնակիչ, չորս երեխաների մայր Աննան «Ռադիոլուր»-ին ասում է, որ թեև գյուղը շատ է սիրում, բայց հնարավորության դեպքում կտեղափոխվի մայրաքաղաք կամ ավելի հարմար բնակավայր։ Նրան ոչ այնքան անվտանգային, որքան սոցիալական խնդիրներն են հուզում։
«Անասուն շատ ենք պահում, բայց որ կաթը գին չունի, խոտը թանկ է, չենք կարողանում, ստիպված վաճառում ենք։ Անձամբ մենք շատ ենք պահում, բայց հիմա բոլորը, ովքեր ժամանակին ունեին 10 կով, հիմա մի կովից ավելի չեն պահում։ Արտերի վրա հարկեր են դրել, կովին հարկ են դրել․ ո՞նց պահեն»։
Աննայի ամուսինը մսավաճառ էր, բայց սպանդանոցների մասին կառավարության որոշումից հետո առանց աշխատանքի է մնացել, անասնապահությամբ է զբաղվում։
«Հենց իմ ամուսինը մսագործ էր։ Այն ժամանակ շատ լավ էր, մորթում էր։ Ես գիտեմ, որ պետք է էկոլոգիապես մաքուր լինի, որ տանենք սպանդանոց, էդպես ավելի ճիշտ է։ Բայց դա իմ ապրուստի միջոցն էր, երբ ինքը էստեղ մորթում էր, տանում էր, դնում, ծախում էր փողոցում»։
Աննայի խոսքով՝ գյուղի երիտասարդներից քչերն են Երևանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում Շաղատ։ Մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք գյուղում նոր բիզնես կամ արտադրամաս են կառուցել։ Շաղատի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանը հակառակ կարծիքն ունի․ գյուղը «երիտասարդացման» քայլեր է անում․ քոլեջների ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երիտասարդներին փորձում են ներգրավել բուսաբուծության և անասնապահության ոլորտներում․
«Փորձում ենք գյուղտեխնիկայի ոլորտում քոլեջների հետ համագործակցել և աշակերտներ ունենալ։ Մինչև այդ մենք պրակտիկա ունեցել ենք․ ակադեմիայից եկել են, պրակտիկայի են գնացել։ Նաև գյուղի երիտասարդներից ուղղորդել ենք, որ գնան ընդունվեն Ագրարային համալսարան։ Էս տարի էլ կընդունվեն ու 2026 թ․-ից կներգրավվեն ծրագրում։ Ավելի նախընտրելի է, որ տեղացի լինի, որ տեղում մնա․ ասենք, ուրիշ տեղից գա սովորի, նորից բնականաբար պիտի գնա իր բնակավայր կամ իր տուն։ Դրա համար նախընտրել ենք տեղացիներ, որ ուղարկենք, սովորեն մնան»։
Ագրոոլորտի մի շարք մասնագիտություններ այս տարի կառավարության որոշմամբ պետության համար սահմանվել են առաջնահերթ։ Որոշվել է, որ այդ մասնագիտություններով սովորող շուրջ 220 ուսանողի այս ուսումնական տարում ամսական 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի։ Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այդ մասնագետները 2 տարուց աշխատաշուկա կմտնեն։ Մինչև այդ՝ գյուղատնտեսության շնչառությունը փորձում են բացել ներդրումային ծրագրերով։ 2015-ին ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերտիվը, նախորդ 10 տարիներին մի շարք ներդրումներ են արվել չրերի արտադրամասի, չորանոցների, կտավատի արտադրության ու ժամանակակից ձիթհան ստեղծելու գործում․
«Մեր կոոպերատիվն ունի արտադրամասեր։ Ունենք ձավարի արտադրամաս, որ էլի ավանդական է։ Մեզ մոտ բարձր գոտի է, լավ հաճար է լինում, մենք էլ մշակում ենք, ու հիմնականում սննդի համար օգտագործվում է։ Ձեռք ենք բերել արևային չորանոց։ Փորձեցինք վայրի հավաքը՝ «ԼԻԼԱ» ծրագրով»։
«ԼԻԼԱ» ծրագիրը Շաղատի գյուղատնտեսական կոոպերատիվին վերազինել է չորանոցով, աջակցել արտադրանքի փաթեթավորմանն ու բրենդինգին։ Շաղատի վարչական ղեկավարի խոսքով՝ հակառակ նոր ներդրումներին, գյուղում արտագաղթի աճ է նկատվում, ինչը պայմանավորված է ոչ այնքան համայնքի՝ սահմանամերձ լինելու հանգամանքով, որքան անասնապահության ու բուսաբուծության ոլորտի թույլ զարգացմամբ․
«Կառավարությունն էս պահին գյուղատնտեսությանը շատ վատ է նայում, անկեղծ։ Գյուղնախարարություն չունենալով հանդերձ՝ ոնց որ աչքաթող արված լինի։ Այն ժամանակ վարկային, անտոկոս վարկեր կային, 5% կար։ Հիմա ամենացածր տոկոսը 16-17 % է։ Մարդկանց իրենց տնտեսությունները առաջ տանելու համար փոքր վարկերով աջակցում էին ու կարողանում էին առաջ տանել, իսկ հիմա անասնագլխաքանակն է կրճատվել, որովհետև խնդիր է առաջանում՝ սպանդանոցների հետ կապված․ գյուղը սպանդանոց չունի»։
Շաղատը Նախիջևանի հետ մոտ 40 կմ երկարությամբ սահման ունի։ Հակառակ այդ հանգամանքին՝ գյուղը սահմանամերձ համայնքների ցանկում չէ և սոցիալական աջակցության ծրագրերից չի օգտվում։ Շաղատի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հիմնավորումն այն է, որ գյուղը սահմանապահ չէ․ բուն համայնքի տարածքը սահմանից 7 կմ հեռու է։
Այս հոդվածը պատրաստվել է մայիսի 5-7-ը «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից կազմակերպված մեդիա այցի շրջանակում։
Հունիս 20, 2025 at 14:15