Դեպի Ամուլսար տանող ճանապարհի շինաշխատանքների ժամանակ վնասել են Գնդեվազ բնակավայրի խմելու ջրագիծը

Դեպի Ամուլսար տանող ճանապարհի շինաշխատանքների ժամանակ վնասել են Գնդեվազ բնակավայրի խմելու ջրագիծը

Հուլիսի 22-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրում խմելու ջրագծի վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ դեպի Ամուլսար տանող հողային ճանապարհներին աշխատող ծանր տեխնիկան վնասել է գյուղի խմելու ջրագիծը, ինչի հետևանքով բնակիչները շոգ եղանակին մի քանի ժամ զրկված են եղել ջրից։ 

«Ըստ շրջանառվող տեղեկությունների, տեխնիկան «Լիդիանի» հրավիրած կապալառու ընկերությանն է պատկանում։ Ակամայից հիշեցի 2018-ին մի քանի օրվա մեջ տեղի ունեցած նմանատիպ դեպքերը, որն էլ հենց շարժառիթը դարձավ ժողովրդի կողմից Ամուլսարի մուտքերի փակման։ Իսկ հիմա, երբ աշխատել են ընդամենը մեկ երկու օր և կրկին նույն պատկերն է։ Անփորձությու՞ն, անտարբերությու՞ն, անփութությու՞ն, թե դիտավորությու՞ն... » ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակ Բունիաթյանը։ 

Էկոլուրը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Գնդեվազի վարչական ղեկավար Սևակ Մկրտչյանի հետ։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ին ժամը 17։30-ի սահմաններում, երբ շինարարական աշխատանքների ընթացքում էքսկավատորը վնասել է ջրամբարից դեպի գյուղ գնացող խմելու ջրատարը։

«Ջրամբարից 2-3 հարյուր մետրի վրա վնասվել էր խողովակաշարը։ Մենք շատ արագ արձագանքեցինք՝ վերևից ջրամատակարարումը կտրեցինք, որ կեղտաջուր չգնա։ Մոտիկ էր գյուղին, դրա համար շուտ կարողացանք կանխել։ Ճանապարհի շինարարական աշխատանքներն են տարվում, կողքի առուներն են մաքրում, որ եկող հեղեղները չվնասեն ճանապարհը, շեբեն են լցնում։ Հողային աշխատանքներ են անում դեպի Ամուլսար տանող ճանապարհի վրա»,- ասաց նա։

Մկրտչյանը նաև նշեց, որ դեպքի օրն է առաջին անգամ իմացել, որ իր բնակավայրի վարչական տարածքում շինաշխատանքներ են սկսվել․ «Հենց այդ օրվանից են սկսել, առաջին օրն է եղել աշխատանքների։ Ամսի 22-ին վթարի ժամանակ են ինձ դիմել, դրանից առաջ չեն դիմել, որ աշխատանք են կատարում։ Ես էլ տեղյակ չեմ եղել։ Երբ գնացի, առաջին խոսքս է եղել, որ ինչո՞ւ չեք տեղյակ պահել, եթե իմ վարչական տարածքում գործունեություն եք ծավալում։ Ասացին՝ թե սխալվել ենք, սրանից հետո ամեն ինչ միայն քեզ հետ»։

Հուլիս 24, 2025 at 12:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր