Հրդեհ Ամուլսարի տարածքում․ պաշտոնական տեղեկատվություն չկա

Հրդեհ Ամուլսարի տարածքում․ պաշտոնական տեղեկատվություն չկա
Ամուլսարի տարածքում 2025թ․ օգոստոսի 31-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգել և տեսանյութ է հրապարակել Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ 
 
«Քիչ առաջ տեղեկացա, որ Ամուլսարին մոտ տարածքում մեծ հրդեհ է։ Գնացի տեղում հասկանալու իրավիճակը։ Այդ պահին այրվում էին Սարալանջ գյուղի հենց վերևում գտնվող տարածքները, Ամուլսարի ստորոտը։ Ճամփեզրին հավաքված մարդկանցից փորձեցի հասկանալ պատճառը։ Նրանցից մեկը, ում չեմ ճանաչում և մթության մեջ դեմքը չֆիքսեցի, ասաց, որ իր տեղեկություններով՝ Ամուլսարում եռակցման աշխատանքների ժամանակ է բռնկվել հրդեհը։ Ես չգիտեմ այդ մարդուն և չգիտեմ իր ասածի հավաստիությունը, բայց մի բան ակնհայտ էր, կրակը վերևից էր իջնում։ Մթության մեջ լավ չէր երևում՝ ինչքան տարածք է այրվել, բայց ակնհայտ էր, որ շատ մեծ տարածք էր։ Այրվել և այրվում էին էլեկտրասյուներ։ Հուսանք, պատկան մարմինները կպարզեն այս հրդեհի իրական պատճառը և պատասխանատվության կենթարկվեն մեղավորները։ Այդ տարածքներում շատ կարմիրգրքյան գիհիներ կան, և ինչքան հասկացա՝ այրվել և այրվում էին այդ գյուղերի արոտավայրերը։ Հրդեհը շարունակվում է»,- գրել է նա։ 
 
Նշենք, որ հրդեհի մասին Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում որևէ տեղեկատվություն չկա։ Տեղեկատվություն չկա նաև Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կայքում։ 
 
Էկոլուրին Ջերմուկի համայնքապետարանից հայտնեցին, որ իրենք հրդեհի մասին որևէ տեղեկատվություն չունեն։ Էկոլուրը փորձեց կապ հաստատել նաև ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի բաժնի հետ, սակայն դեռևս արձագանք չկա։ Նոր տեղեկատվություն լինելու դեպքում կհրապարակենք այն։ 


Սեպտեմբեր 01, 2025 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր