

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ամփոփել է 2025թ․ իրականացված աշխատանքները։
Ըստ նրա՝ 2025թ․ ընթացքում նախատեսված 200 ծրագրային ստուգումներն ու գործունեության ծրագրով նախատեսված 16 միջոցառումներն իրականացվել են ամբողջ ծավալով։
2025թ․ հրապարակվել է 421 ստուգման հանձնարարագիր՝ նախորդ տարվա 386-ի դիմաց։ Կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ոլորտում իրականացվել է 12 ստուգում, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում՝ 100 ստուգում, մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ 117, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում՝ 142 ստուգում։ Եվս 50 ստուգում իրականացվել է այլ ոլորտներում։
«Տարվա ընթացքում արձանագրվել է ընդհանուր առմամբ 3303 իրավախախտման դեպք, ինչը 2024թ․ համեմատ աճել է մոտ 30 տոկոսով։ Իրավախախտումների արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 248 միլիոն 750 հազար դրամ՝ մոտ 20 տոկոսով ավելի, քան 2024թ․։
Կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ուղղությամբ արձանագրվել է 1264 իրավախախտում, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ՝ 207, մթնոլորտային օդի պահպանության ոլորտով՝ 617, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում՝ 202, հողօգտագործման և հողերի պահպանության, թափոնների ոլորտում 327 , իսկ այլ ուղղություններով՝ 686 դեպք», - ասաց նա։
Վերահսկողական գործունեության արդյունքում հաշվարկվել է շուրջ 33 միլիարդ 906 միլիոն դրամի վնաս, որից 7 միլիարդ 537 միլիոն դրամը վերաբերում է շրջակա միջավայրին հասցված վնասին։ Կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ոլորտում արձանագրվել է 907 միլիոն դրամի վնաս, մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ 160 միլիոն դրամի վնաս, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում՝ 1 միլիարդ 154 միլիոն դրամի չափով վնաս, հողերի օգտագործման և վտանգավոր թափոնների ոլորտում՝ 5 միլիարդ 314 միլիոն դրամի վնաս։ Մնացած՝ 26 միլիարդ 369 միլիոն դրամը, հաշվարկվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ընդերքօգտագործման ոլորտում իրականացված ստուգումների արդյունքներով։
2025թ․ պետական բյուջե է մուտքագրվել 338 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 39 տոկոսով։
Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների վարույթներում գտնվող ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով 2024-2025թթ․ միասին վերականգնվել է 955 միլիոն դրամ։
Տեսչական մարմինը 2025թ․ ստացել է 1631 ահազանգ քաղաքացիներից և կազմակերպություններից, որից 1293-ը՝ թեժ գծի միջոցով։ Ահազանգերի աճը, ըստ Հովհաննես Մարտիրոսյանի, պայմանավորված է ինչպես իրազեկման լայն աշխատանքներով, այնպես էլ՝ թվայնացված և շուրջօրյա գործող թեժ գծի ներդրմամբ։
Շարունակելի
Հունվար 26, 2026 at 15:19
