

Մարտի 3-ին աշխարհը տոնում է Վայրի բնության համաշխարհային օրը։ Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1973թ. մարտի 3-ին «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիայի» ընդունման հետ։
2026թ․ օրվա կարգախոսն է՝ «Դեղաբույսեր և բուրավետ բույսեր․ առողջության, ժառանգության և կենսապահովման պահպանություն»։ Այն ընդգծում է այս բույսերի նշանակությունը մարդու առողջության և մշակութային ավանդույթների համար, ինչպես նաև դրանց ներդրումը տեղական համայնքների կայուն զարգացման գործում՝ միաժամանակ շեշտելով աճող սպառնալիքները, որոնք կապված են բնակավայրերի կորստի, չափից ավելի հավաքչության և կլիմայի փոփոխության հետ։
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝
- Ամբողջ աշխարհում բուժիչ և բուրավետ նպատակներով օգտագործվող բուսատեսակների շուրջ 9%-ը գտնվում է ոչնչացման վտանգի տակ՝ չափից ավելի հավաքման, բնակավայրերի կորստի, կլիմայի փոփոխության և անօրինական առևտրի հետևանքով։
- Ամեն հինգերորդ մարդ կախված է վայրի բույսերից, ջրիմուռներից և սնկերից՝ որպես սննդի և եկամտի աղբյուր։
- Զարգացող երկրների բնակչության 70-95%-ը ապավինում է ավանդական բժշկությանը՝ որպես առաջնային առողջապահական օգնություն։
Այս օրը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնելու վայրի կենդանական և բուսական աշխարհի դրսևորումների բազմազանությանը և գեղեցկությանը, ինչպես նաև նպաստում է բնապահպանական գործունեությունից մարդու ստացած օգուտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Բացի այդ, այս օրը հիշեցնում է վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին, որոնք ունեն հեռահար տնտեսական, բնապահպանական և սոցիալական հետևանքներ։ Կենսաբազմազանության կորստի կանխումը Կայուն զարգացման 15-րդ նպատակի առաջնահերթություններից է։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տոնի կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս օրը հիշեցում է, որ վայրի բնության պահպանության հիմքում մեր ամենօրյա ընտրություններն են՝ ռեսուրսների խնայող օգտագործումը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Կենսաբազմազանության յուրաքանչյուր տեսակ՝ բույսից մինչև կենդանի, կարևոր դեր ունի բնության հավասարակշռության պահպանման գործում, և այդ հավասարակշռության խախտումը անդրադառնում է բոլորիս վրա։ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը հյուրընկալելու համատեքստում մեր նպատակը հստակ է՝ ուժեղացնել կենսաբազմազանության պաշտպանությունը, պահպանել ու վերականգնել կենսամիջավայրերը, զարգացնել գիտահեն կառավարման ու մոնիթորինգի գործիքները և հետևողական պայքարել ապօրինի որսի ու վայրի բնության ապօրինի առևտրի դեմ։ Միաժամանակ կարևոր եմ համարում համայնքների ներգրավվածությունը և բնությունից օգտվելու պատասխանատու, կայուն մոտեցումների խթանումը։
Բնությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ գործե´նք հանուն բնության՝ այն պահպանելու, հոգատար ու պատասխանատու վարքագիծ ձևավորելու և հաջորդ սերունդներին առողջ, անվտանգ ու կենսունակ միջավայր փոխանցելու համար»։
Հայաստանը գտնվում է երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից մեկում։ Հայաստանի տարածքում հանդիպում են ավելի քան 3500 տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր, 17 հազար 500 տեսակ կենդանիներ՝ ներառյալ ողնաշարավորների 536 տեսակ։
Մարտ 03, 2026 at 18:00
