

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը:
Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրերի կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով: Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից: Կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության միջոցառումների, Հայաստանի վարած քաղաքականության, կլիմայական գործընթացներին համընթաց ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման մասին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն պատրաստել է «Կլիմայի փոփոխությունը Հայաստանում ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ» զեկույցը: Այն պատրաստվել է «Հանուն Հարավային Կովկասում էներգետիկ պարադիգմի փոփոխությունների, 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:
«Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Հայաստանում ջերմաստիճանի աճը գլոբալ միջին ցուցանիշից բարձր է: Սա հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ձեռնարկի արդյունավետ քաղաքականություն մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու կայուն զարգացմանը և կանաչ տնտեսության և կանաչ էներգետիկայի առաջմղմանը: Վերջին զարգացումներից հատուկ նշանակություն ունի ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» 610-Լ որոշումը: Այս որոշմամբ Հայաստանը պարտավորվել է 2021-2030թթ. ընթացքում նվազեցնել ՋԳ արտանետումները 40 տոկոսով 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ, մինչև 2030 թ․ կրկնապատկել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը, ավելացնել անտառածածկը՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով:
2021թ-ի մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը (ՀԱԾ) և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 749-Լ որոշումը, որով նախատեսված է տարբեր խոցելի ոլորտների համար 16 հարմարվողականության ծրագրի մշակում և իրականացում: Կլիմայի փոփոխության և հարմարվողականության խնդիրները տեղ են գտել նաև ՀՀ և ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA, 2017 թվական)՝ 4-րդ գլխում: Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում են հստակ գործողություններ կլիմայի փոփոխության և հարմարվողականության խնդիրների լուծման համար: ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված գործողությունները և ծրագրերն ունեն «կանաչ» հիմնադրամների ֆինանսական աջակցությունը: Այս ծրագրերը մոբիլիզացնում են պրոֆեսիոնալ մասնագետների պոտենցիալը, տեխնիկական ռեսուրսներ, ազդում են տարբեր ոլորտների բարեփոխումների վրա:
2021թ-ի հունվարի 14-ի 48-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), որտեղ արևային էներգետիկան համարվում է առաջնահերթային: Դրա համար ստեղծված է բարենպաստ բիզնես միջավայր, ինչ նպաստում է նոր ներդրումների ներգրավմանը:
Դրական են գնահատվում ՀՀ կառավարության բարեփոխումները փոքր ՀԷԿ-երի ոլորտում, որոնք ուղղված են գետային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանը: 2019թ-ի հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի 30.1-ին հոդվածով սահմանվեցին նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման դեպքերը: 2021թ. ապրիլի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 488-Ն որոշումը, որով 25 գետի վրա արգելվում է փոքր ՀԷԿ կառուցել:
Հայաստանում իրականացվող կլիմայի և էներգետիկ քաղաքականություններն ունեն նաև էական բացթողումներ հատկապես ջրային անվտանգության հարցում: Առկա է ջրի վատ կառավարում, մեծ քանակ են կազմում ջրակորուստները ոռոգման համակարգերում, ջրի կենսաբանական մաքրում չի իրականացվում, ջրային ռեսուրսները ենթարկվում են քիմիական աղտոտվածության արտադրական թափոններով: Հայաստանում ջրային ռեսուրսների կլիմայական խոցելիության և ջրային անբավարարության տեսանկյունից առկա է ջրային անվտանգության և ջրի իրավունքի խնդիր», - նշված զեկույցի եզրակացության մեջ:
Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մայիս 15, 2022 at 13:36
