

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանված են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումները: Միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից:
«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու, կլիմայի փոփոխության նկատմամբ ոլորտի հարմարվողականությունը և դիմակայունությունը բարձրացնելու համար», - նշված է փաստաթղթում:
Զբոսաշրջության ոլորտի առջև ծառացող առանցքային հիմնախնդիրներից է ջերմաստիճանի բարձրացումը: Հայաստանում օդի ջերմաստիճանի պատմական դիտարկումներն արձանագրել են ջերմաստիճանի զգալի աճ վերջին տասնամյակների ընթացքում։ Կանխատեսվում է, որ մինչև 2040թ․ տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.6°C-ով, մինչև 2070թ.՝ 3.3°C-ով, և մինչև 2100թ.՝ 4.7°C-ով (ԿՓ մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրություն)։ Կանխատեսվում է, որ մինչև 2100թ․ Հայաստանում գետային հոսքը կնվազի մինչև 39%-ով, ենթալպյան և ալպյան գոտիների մակերեսը կկրճատվի 21-22%-ով, տափաստանային գոտին կընդլայնվի։ Տեղումների քանակի նվազման և սպասվող ցածր խոնավության պատճառով անտառային էկոհամակարգեր կսկսեն ներթափանցել անապատային բուսատեսակներ, ինչը կհանգեցնի անտառային էկոհամակարգերի՝ նոսր անտառներով փոխարինման և նույնիսկ անապատացման երևույթների սաստկացման ու կենսաբազմազանության փոփոխության։ Կանխատեսվում է, որ այս փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան զբոսաշրջության առանձին ենթաոլորտների և վայրերի վրա։
Փաստաթղթում մշակված է 18 միջոցառում, որոնց նախնական գնահատված ֆինանսական արժեքը կազմում է շուրջ 302 միլիոն ՀՀ դրամ։ Այս գումարը նախատեսվում է ներգրավել պետական, այլընտրանքային, միջազգային, մասնավոր ֆինանսավորման և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով:
Ծրագրով սահմանված միջոցառումներն են.
- «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
- ՀՀ կառավարության, մարզպետարանների, ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի, ռազմավարությունների շրջանակներում զբոսաշրջության և հարակից ոլորտներում ԿՓ հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ ուղեցույցների մշակում` համաշխարհային լավագույն փորձի օրինակով։
- «Զբոսաշրջության և տնտեսության հարակից ոլորտների վրա ԿՓ ազդեցության հասցեագրման համար փորձագիտական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
- Զբոսաշրջության ոլորտում քաղաքականություն մշակողների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների շրջանում ոլորտի վրա ԿՓ ազդեցության և հարմարվողականության խնդիրների վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
- Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության միջոցառումների պլանավորման և իրականացման նպատակով առցանց հարթակի ստեղծում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։
- Պատմամշակութային հուշարձանների համար կառավարման և գործառնական ծրագրերի (ներառյալ բնապահպանական և ֆիզիկական հզորությունները) մշակում և իրականացում՝ հաշվի առնելով ԿՓ հիմնախնդիրները։
- «Զբոսաշրջության զարգացման պետական, համայնքային և մասնավոր ծրագրերի՝ կլիմայի փոփոխության ազդեցության տեսանկյունից փորձագիտական ուսումնասիրության իրականացման և եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
- Հյուրանոցների, հյուրատների, զբոսաշրջային գոտիներում գործող սննդի օբյեկտների, ենթակառուցվածքային գործակալների և փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար պետության կողմից սուբսիդավորվող ապահովագրական ծրագրերի ներդրման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացում՝ ուղղված ԿՓ ռիսկերի նվազեցմանը և հարմարվողականության կարողությունների զարգացմանը:
- Ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ ընտրված զբոսաշրջային գոտիներում:
- ԿՓ հարմարվողականության նկատառումներ ներառող էկո-տուրիզմի զարգացման միջոցառումների իրականացում:
- Բյուրականում, Գեղարդում, Տաթևում, Շիկահողի արգելոցում, Ծաղկաձորում Ենոքավանում օդերևութաբանական ավտոմատ կայանների տեղադրում:
- Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկի իրականացման վերլուծություն:
- «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2027-2031 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Մայիս 26, 2022 at 15:25
