

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային բաղադրիչները։
Դեսպան Գալագերը հետաքրքրվել է Հայաստանի կարիքներով և առկա մարտահրավերներով՝ ընդգծելով Միացյալ Թագավորության պատրաստակամությունն աջակցելու գործընթացին։ Նա կարևորել է աջակցության առավել թիրախային և արդյունավետ ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը։
Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» (Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։ Անդրադարձ է եղել Հայաստանի հնարավոր մասնակցությանը COP30 համաժողովին և պատվիրակության ձևավորման հարցերին։
Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Օգոստոս 05, 2025 at 14:17