

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում՝ COAF SMART կենտրոնում, տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։
Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։
Եղեգնուտ բնակավայրի կլիմայական մարտահրավերները և զարգացման հեռանկարները ներկայացրեց Եղեգնուտի բնակիչ, Հանրային լրագրողների ցանցի անդամ Մանե Հակոբյանը։
Եղեգնուտ բնակավայրը գտնվում է Փամբակ գետի աջ ափին։ Գյուղն ունի 985 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, մեղվապահությունը և հողագործությունը։
Եղեգնուտն առանձնահատուկ է իր գեղեցիկ բնությամբ, անտառներով, բարձրադիր լեռներով, մաքուր ջրերով և պատմամշակութային հուշարձաններով:
Եղեգնուտի կլիման մեղմ է, սակայն վերջին տարիներին այն փոխվել է։ «Ձմռանը տեղումներ գրեթե չեն լինում, փոխարենը, մարտ, ապրիլ ամիսներին հաճախ լինում են ձյան տեսքով տեղումներ։ Հաճախակի են դարձել կարկտահարությունները, հորդառատ անձրևները, որոնք վերածվում են հեղեղների, ինչի հետևանքով տուժում է գյուղատնտեսությունը։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով նվազել է հողի բերքատվությանը, և բնակիչները չեն ցանկանում զբաղվել հողագործությամբ», - ասաց Մանե Հակոբյանը։
Եղեգնուտի բնակիչները մեծ վնասներ կրեցին հատկապես 2024թ․ հունիսին տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամիների հետևանքով։ Հեղեղի բերած քարակույտերը լցվել են փողոցներ, քանդվել են ասֆալտապատ մայթեզրերը:
Ըստ Մանե Հակոբյանի՝ գյուղը կարիք ունի զարգացնելու անասնապահությունը, ինչի համար անհրաժեշտ է սարերում կառուցել կացարաններ և կենդանիների համար ջրխմոցներ։ Բնակիչները կցանկանային նաև ունենալ չորանոց․ «Մեր բնությունը հարուստ է բազմատեսակ հատապտուղներով, խոտաբույսերով և պտուղներով, և չորանոցը կստեղծի աշխատատեղեր ու միաժամանակ կհեշտացնի բնակիչների աշխատանքը»։
Տեղացիներն իրենց գյուղի զարգացման հեռանկարները կապում նաև զբոսաշրջության հետ: Շնորհիվ իր հարուստ բնության Եղեգնուտում իրականացվում են բնապահպանական ծրագրեր։ WWF-Հայաստանի կողմից իրականացվող Էկոմիջանցնքերի ծրագրի շրջանակում այստեղ ստեղծել է 35 հազար հեկտար համայնքային բնապահպանական տարածք։ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այս տարի Եղեգնուտի անտառներ բաց թողվեցին կովկասյան ազնվացեղ եղջերուի 9 առանձնյակ։
Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ պահպանվել են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ, մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ, մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, միջնադարյան 6 գյուղատեղի։
Մանե Հակոբյանը նշեց, որ գյուղը կարիք ունի վերականգնելու ճանապարհները և զարգացնելու զբոսաշրջային ենթակառուցվածքը։
Օգոստոս 08, 2025 at 15:30