Ինչ միջոցառումներ է նախատեսում Հայաստանը երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանման համար

Ինչ միջոցառումներ է նախատեսում Հայաստանը երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանման համար

2026թ-ին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17): COP 17-ին ընդառաջ Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 7-ին անցկացվեց «Ճանապարհ դեպի COP17․ Գլոբալ կենսաբազմազանության օրակարգը և Հայաստանի դերը» միջազգային կոնֆերանսը։

COP 17-ի շրջանակում երկրները կվերանայեն կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված իրենց գործողությունները՝ պարզելու դրանց արդյունավետությունը, բացահայտելու բացերն ու գնահատելու առաջընթացը։ Այս մասին կոնֆերանսի ժամանակ ասաց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության Նագոյայի արձանագրության ղեկավար Թաուկոնջո Շիկոնգոն։

Կենսաբազմազանության պահպանման ու կայուն օգտագործման մի շարք գործողություններ բխում են Կենսաբազմազանության կոնվենցիայի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակից (GBF), որն ընդունվել է 2022թ․։ Այս փաստաթղթի գլոբալ նպատակն է մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցման և այդ կորուստը շրջադարձային դարձնելու համար ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ հենց հիմա։

Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակն ընդգրկում է 23 թիրախ, որոնցից 1-8-ն ուղղված են կենսաբազմազանության համար սպառնալիքների կրճատմանը, 9-13-ը՝ մարդկանց կարիքների բավարարմանը կենսաբազմազանության կայուն օգտագործման և օգուտների բաշխման միջոցով, 14-23-ն ուղղված են իրականացման և ներդրման համար գործիքներին և լուծումներին։

Կոնֆերանսի ընթացքում Նիդերլանդների Վագենինգենի համալսարանի և հետազոտական կենտրոնի դոկտոր Լորենս Ջոնս-Վոլթերսն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի 3-րդ թիրախին, համաձայն որի մինչև 2030 թվականը պետք է ապահովվի Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։

Ներկայացնելով Հայաստանի տվյալները՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) կազմում են 386,355 հա, կամ երկրի ընդհանուր տարածքի 13%-ը։ 2012 թվականից ի վեր ԲՀՊՏ-ների ընդհանուր մակերեսն ավելացել է 88,600 հեկտարով (3%)։

Հայաստանում գործում են՝

  • 3 պետական արգելոց
  • 4 ազգային պարկ
  • 27 պետական արգելավայր
  • 233 բնության հուշարձան։

Երկրի բուսական և կենդանական աշխարհին կարևոր կենսավայրերի ընդհանուր տարածքի մոտ 60 %-ն ընդգրկված է տարբեր կարգավիճակ ունեցող ԲՀՊՏ-ներում։

«Այլ արդյունավետ տարածքային բնապահպանական միջոցառումներ» (OECM) ընդգրկող տարածքները, որոնք ընդգրկված չեն բնության հատուկ պահպանվող տարածքների կազմի մեջ, սակայն ապահովում են կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանում արդար և հավասարակշռված կառավարման միջոցով, կազմում են 121,035 հա, կամ երկրի ընդհանուր տարածքի 4.1 %-ը։

ԲՀՊՏ-ների և OECM-ների ընդհանուր մակերեսը կազմում է 507,390 հա, կամ երկրի ընդհանուր տարածքի 17.1 %-ը։

30%-ի պահպանության նպատակին հասնելու հնարավորությունները, ըստ Կարեն Մանվելյանի ներկայացման հետևյալն են․

ԲՀՊՏ-ների կանխատեսվող տարածքը մինչև 2030թ․ կկազմի 396,155 հա, կամ երկրի ընդհանուր տարածքի 13.3%-ը Տաթևի և Ջերմուկի ազգային պարկերի ստեղծման հաշվին, որոնք կավելացնեն ԲՀՊՏ-ների ընդհանուր մակերեսը 9,800 հա-ով։

Արդյունքում 2030թ․ Հայաստանում կգործեն․

  • 3 պետական արգելոց
  • 6 ազգային պարկ,
  • 23 պետական արգելավայր
  • 233 բնության հուշարձան։

2030թ․ OECM-ները կկազմեն 151,035 հա, կամ երկրի ընդհանուր տարածքի 5.1%-ը։

2030թ․ ԲՀՊՏ-ները և OECM-ները միասին կկազմեն 547,190 հա, կամ երկրի ընդհանուր տարածքի 18.4 %-ը։

«Եթե պահպանվող տարածքների թիվն ավելանա, ամենայն հավանականությամբ ընդհանուր ընդգրկվածությունը կհասնի 20 %-ի։ Եթե ստեղծվեն ԲՀՊՏ-ներ կամ OECM տարածքներ պետական անտառային տարածքներում, որոնք ընդգրկում են կենսաբազմազանության կարևոր տարածքներ և Էմերալդ ցանցեր, ընդհանուր ընդգրկվածությունը կարող է հասնել 30%-ի։ Դրա համարհամապատասխանաբար անհրաժեշտ է լրացուցիչ 270,000 հա ընդգրկել ԲՀՊՏ-ներում և OECM-ներում»,- ասաց Կարեն Մանվելյանը։

Հայաստանի տարածքի 30%-ի պահպանության հասնելու միջոցառումները սահմանված են ՀՀ կենսաբանական բազմազանության 2025-2030 թվականների գործողությունների ազգային ծրագիր» նախագծում։ Ըստ այդմ, Հայաստանը նախատեսում է․

  • Ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը՝ առնվազն հասցնելով ՀՀ տարածքի 16,6%-ի։   
  • Վերանայել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը՝ ապահովելով համայնքների և մասնավոր պահպանվող տարածքների, այլ արդյունավետ տարածքային բնապահպանական  միջոցառումների (OECM), միկրոարգելոցների և էկոցանցի ստեղծումը և արդյունավետ կառավարումը։
  • Ապահովել ՀՀ տարածքի առնվազն 13,3%-ի պահպանությունն այլ արդյունավետ տարածքային բնապահպանական  միջոցառումների (OECM) միջոցով։
  • Ստեղծել առնվազն 1 կենսոլորտային պահպանավայր (տարածք) և առաջադրել այն ՄԱԿ կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի հաստատմանը։

Նշենք, որ կոնֆերանսի ընթացքում «Միխայել Զուկով» հիմնադրամի Պաշտպանվող տարածքների և կենսոլորտի բաժնի ծրագրի ղեկավար Նիկա Մալազոնիան նշեց, որ աշխատանքներ են տարվում Դիլիջանում կենսոլորտային արգելոցի ստեղծման ուղղությամբ։

Հոկտեմբեր 13, 2025 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր