

Հայաստանի առաջնային խնդիրն է ձևավորել միավորված և սիներգիկ մոտեցում, որը կապահովի, որ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կենսաբազմազանության պահպանման քաղաքականությունները գործեն փոխլրացնող և փոխաջակցող ձևով։ Այս նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը» (NBSAP), որը լինելու է երկրի բնապահպանական քաղաքականության հիմնասյուներից մեկը։ Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը՝ ազգային ռազմավարությունների համադրման շրջանակում» աշխատանքային հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նոր ռազմավարությունը սահմանում է մինչև 2030 թվականն իրականացվելիք 30 ազգային թիրախ՝ ուղղված էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության կորուստի դանդաղեցմանը, բնական տարածքների կայուն կառավարմանը, բնության վրա հիմնված լուծումների խթանմանը և բնապահպանական կրթության ընդլայնմանը։ Հայաստանի երկարաժամկետ տեսլականն է մինչև 2050 թվականը դառնալ կենսաբազմազանությամբ հարուստ, կայուն և կլիմայադիմացկուն երկիր։
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է իր հանձնառությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի շրջանակում։ Գործող Ազգային մակարդակով սահմանված գործողությունների ծրագիրը (NDC) նպատակ ունի մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 40 տոկոսով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ։ Ներկայում մեկնարկել է NDC 3.0 փուլի (2026-2035) մշակումը, որը լինելու է ավելի հավակնոտ և ընդգրկուն՝ ներառելով վերականգնվող էներգետիկայի զարգացում, էներգաարդյունավետություն, կլիմայադիմացկուն ենթակառուցվածքներ, հարմարվողական գյուղատնտեսություն և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է գործընթացի մասնակցային և թափանցիկ ձևաչափը՝ ընդգրկելով պետական մարմիններ, համայնքներ, գիտական և մասնավոր հատվածը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը։ Նա նշել է, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորելու ազգային բնապահպանական քաղաքականության ամուր և արդյունավետ համակարգ։
Նախարարն ընդգծել է, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ տարածաշրջանում առաջատար օրինակ՝ համադրելով բնության պահպանումը, տնտեսական առաջընթացը և մարդու բարեկեցությունը։
Հոկտեմբեր 15, 2025 at 13:18