

2025թ․ հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործվող բույսերի և կենդանիների տեսակների, ինչպես նաև դրանց ապրելավայրերի գույքագրման իրագործելիության հարցերին։
Հանդիպումը կազմակերպվել էր WWF-Հայաստանի կողմից՝ «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի կենսաբազմազանության և պահպանվող տարածքների բաղադրիչի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, ԲՈՒՀ-երի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը նշեց, որ քննարկման նպատակն է մասնագետների հետ վերանայել արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործվող բույսերի և կենդանիների տեսակների առկա ցուցակները, բացահայտել հնարավոր վրիպումները կամ բացթողումները և կատարել թարմացումներ։
Շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանն ընդգծեց, որ բույսերի և կենդանիների գույքագրման աշխատանքները մեծ նշանակություն ունեն Շրջակա միջավայրի նախարարության համար։ «Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում համապարփակ ուսումնասիրություններ գրեթե չեն իրականացվել․ եղել են միայն մասնակի հետազոտություններ։ Այս նախաձեռնությունը կարևոր խթան կլինի ոչ միայն կենսաբազմազանության տվյալների բազայի ստեղծման, այլև կենսաբազմազանության կայուն և ողջամիտ օգտագործման համար»,– նշեց նա։
Ծրագրի կենսաբազմազանության և պահպանվող տարածքների բաղադրիչի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ամեն տարի սահմանում է որսի և բույսերի հավաքի քվոտաներ՝ հիմնվելով Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալների վրա։ Նա հավելեց, որ նախատեսվում է ներդնել «Սմարթ» տեղեկատվական համակարգ, որը կօգտագործվի թե՛ պետական, թե՛ համայնքային բնապահպանական տարածքներում։ «Սա կարևոր քայլ է, և հուսով ենք՝ մինչև COP17 համաժողովը կարող ենք արձանագրել, որ համակարգը արդեն գործում է Հայաստանում»,– ասաց Մանվելյանը։
Ըստ նրա՝ գույքագրման նպատակն է պարզել, թե որ տեսակներն են օգտագործվում արդյունագործական կամ սիրողական նպատակներով, ինչպես նաև գնահատել դրանց պաշարները։ «Պետք է հասկանալ՝ ինչ ժամանակ և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ ուսումնասիրությունների և գույքագրման համար։ Այս հանդիպումը նախնական փուլ է՝ գնահատելու ծավալները, ժամկետներն ու անհրաժեշտ ֆինանսավորումը»,– հավելեց նա։
Մանվելյանը նշեց, որ աշխատաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 17-ին, նախատեսվում է նաև ՀՀ Կարմիր գրքի թարմացման և վերանայման գործընթացի վերաբերյալ քննարկում։ «Կարմիր գիրքը վերջին անգամ հրատարակվել է 2010 թվականին, և այսօր անհրաժեշտ է գնահատել, թե որ տեսակների պահպանման կարգավիճակում են տեղի ունեցել փոփոխություններ, ինչպես նաև ներառել նոր բացահայտված տեսակներ»,– ասաց նա։
Տեղեկատվական համակարգերի փորձագետ Արամ Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում կենսաբազմազանության միասնական տեղեկատվական համակարգի կոնցեպտը։ Նրա խոսքով՝ եթե համակարգը ստեղծվի, այն կներառի տարբեր տվյալների բազաներ՝ գույքագրման, մշտադիտարկման և Կարմիր գրքի վերանայման համար։ «Այս հարթակը հնարավորություն կտա համադրել տեղեկատվություն և հիմք կդառնա հիմնավորված որոշումների կայացման համար։ Օրինակ՝ եթե մեկ տարում որևէ որսահանդակում տեսակի քանակը նվազել է, հաջորդ տարի կարելի է չտրամադրել որսի թույլտվություն։ Համակարգը կծառայի որպես կենսաբազմազանության կառավարման գործիք՝ սկսած ձկնորսության և բույսերի հավաքի թույլտվություններից մինչև արտահանման վերահսկում»,– նշեց նա։
Հոկտեմբեր 16, 2025 at 17:02