Երկխոսություն Թալինում՝ կլիմայական քաղաքականության արդյունավետ իրականացման համար. ԱՆՏԱՌ ԵՎ ՋՈՒՐ

Երկխոսություն Թալինում՝ կլիմայական քաղաքականության արդյունավետ իրականացման համար. ԱՆՏԱՌ ԵՎ ՋՈՒՐ

2025թ․ հուլիսի 29-ին Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Շրջակա միջավայրի նախարարության, Թալինի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև Թալինի համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ և ստանալ պատասխաններ նախարարության ներկայացուցիչներից։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության և Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Թալին համայնքի խնդիրները և զարգացման ուղղությունները խորհրդակցության ժամանակ ներկայացրեցին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ռազմիկ Ղազարյանը և երկրորդ կարգի մասնագետ Անժելա Դիլանյանը, Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գագիկ Միրզախանյանը։ 

Ռազմիկ Ղազարյանը ներկայացրեց զարգացման հիմնական ուղղություններն ու խնդիրները. «Թալին համայնքում ընդգրկած են 32 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Զարգացման հիմնական ուղղություններն են՝ անասնապահություն, հողագործություն և այգեգործություն, հանքարդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, մանր և միջին բիզնես և զբոսաշրջություն։ Համայնքի հիմնական կլիմայական խնդիրներն են՝ ջրի անբավարարությունը և ոչ ճիշտ կառավարումը, հողերի դեգրադացման և անապատացման վտանգը, ուժեղ քամիները»,- ասաց նա։

Նա նշեց, որ Թալին համայնքն ամեն տարի կրում է վնասներ կարկուտից։ «Արագածավանը և Արտենին ամենախոցելի բնակավայրերն են, որտեղ  տուժում են ծիրանի այգիները։ Խնդիրը լուծելու համար պետք է ստեղծվի հակակարկտային համակարգ ժամանակակից տեխնոլոգիաներով, որով կարելի կլինի կանխարգելել կարկուտի վնասակար հետևանքները»,- ասաց Ռազմիկ Ղազարյանը։

Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց կլիմայական տեսակետից խոցելի ոլորտային խնդիրների և դրանք հաղթահարելու հարմարվողականության միջոցառումների վրա։

Անտառի մասին

Թալին համայնքի անտառային ֆոնդի հողերը կազմում են 1082,09 հեկտար, որը համայնքի ընդհանուր տարածքի շուրջ 1 տոկոսն է: Դրանք հիմնականում անտառածածկ չեն։ Հաշվի առնելով համայնքի խիստ կլիմայական պայմանները և խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ՝ համայնքը կարիք ունի անտառածածկ տարածքների ընդլայնման:

ՀՀ կառավարության «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» 2021թ․ ապրիլի 22-ի 610-Լ որոշմամբ նախատեսվում է մինչև 2030թ․ անտառածածկն ավելացնել Հայաստանի տարածքի 12.9% չափով:

Անտառի խնդիրը բարձրացրեց Տավրոս Սափեյանը։ Ըստ նրա՝ համայնքը պատրաստակամ է իրականացնել անտառային տարածքների հիմնում և խնամում։ «Անտառային նախագծերի համար ներկայացվել է մոտ 1000 հա տարածք 5 բնակավայրերի համար, սակայն պատասխան դեռ չենք ստացել»,- ասաց նա։

Գագիկ Միրզախանյանն ավելացրեց, որ Թալինի շրջանը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է մոտ 900 հա անտառ, սակայն դրանք չեն պահպանվել։ «Ունենք անտառային հողեր, որ քարտեզում անտառային նշանակության են, սակայն փաստացի չունենք անտառներ»,- նշեց նա։

ՀՀ Ազգային Ժողովի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն առաջարկեց․ «Մասնավոր սեկտորում ինտենսիվ այգիների ստեղծումն արդյո՞ք հնարավոր է ընդգրկել հանրապետության անտառածածկը 50 հազար հեկտարով ավելացնելու պետական ծրագրերում»։

ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը պատասխանեց, որ չնայած ինտենսիվ այգիները չեն համարվում անտառ, կարող են դիտարկվել որպես ջերմոցային գազերի կլանիչ։ Նա նշեց, որ անհրաժեշտ է խրախուսել քամապաշտպան և ճանապարհապաշտպան անտառաշերտերի ստեղծումը։ Համայնքներին պետք է տրամադրվեն արտոնություններ և աջակցություն՝ նման անտառապատման ծրագրեր իրականացնելու համար։ «Աջակցությունը պետք է նաև այդ անտառների ընթացիկ կառավարման համար, որովհետև անտառը միայն տնկելով չի ավարտվում։ Պետք է առնվազն 5 տարի խնամել տնկարկները, որպեսզի էկոհամակարգը կայանա և պաշտպանվի կլիմայական երևույթներից», - բացատրեց նա։

Ջրային ռեսուրսների մասին

Թալին խոշորացված համայնքը բախվում է ոռոգման և խմելու ջրի խնդիրների։ Տավրոս Սափեյանը նշեց, որ ներկա պահին համայնքում առկա են 7-8 ջրամբարներ Արագած սարի փեշերին, ամեն գյուղի վերևի հատվածներում, սակայն այդ ջրամբարներն անմխիթար վիճակում են։

Տավրոս Սափեյանը նաև ներկայացրեց, որ Գառնահովիտում նոր ջրամբար է կառուցվում, այն դեռևս նախագծման փուլում է, բացի դրանից Եղնիկ գյուղի վարչական տարածքում ջրամբարի մեծ տարածք կա և այդ ջրամբարը խիստ անհրաժեշտ է, քանի որ Արագածից հոսող ջրերը կօգտագործվեն 10-ից ավելի գյուղերի ոռոգման հարցը լուծելու համար, միաժամանակ կկանխվեն սելավների վտանգները։

Շարունակելով նաև անդրադարձավ ջրի բաշխման և օգտագործման խնդիրներին։ «Կաքավաձոր, Դավթաշեն և Մաստարա գյուղերում տեղադրում ենք ջրաչափ, որպեսզի գյուղացին հասկանա, որ ջուրը չօգտագործվի ոռոգման համար, երբ հաջորդ գյուղը խմելու ջուր չունի։ Ջրային համակարգերի մեծ մասը գտնվում է վատ վիճակում, ինչը հանգեցնում է ջրի կորուստներին։ Տարածաշրջանում կան խորքային ջրեր, օրինակ՝ Արագածավանում խորքային ջրերից են օգտվում մինչև հիմա։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում են աշխատանքներ և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրի հետ կապված։ ԽՍՀՄ ժամանակներից քանդուքարափ, և նույնիսկ ասբեստի խողովակներով մարդիկ ջուր են խմում»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց. «Զարինջա գյուղը չի ունեցել ներքին ցանց, ի վերջո համայնք, «Վեոլիա Ջուր» և կառավարություն եռակողմ պայմանագիր է կնքվել ներքին ցանցի կառուցման համար, ներկայումս աշխատանքներ են տարվում, իսկ Արտենի գյուղը խմելու ջուր ընդհանրապես չի ունեցել և ներկա պահին սուբվենցիոն ծրագրով ջուրը Արագած սարից կհասնի գյուղ։

Արագած գյուղում մարդիկ օգտվում են խորքային հորերից։ Ջրի անալիզը ցույց է տվել, որ ֆիլտրացման դեպքում ջուրը կարելի է  մատակարարել բնակչությանը»,- նշեց նա։

Գագիկ Միրզախանյանը ներկայացրեց խմելու ջրի աղբյուրների զգալի նվազման փաստը՝ շեշտելով, որ ստորերկրյա ջրերի պաշարները նվազել են 3-4 անգամ՝ համեմատած խորհրդային շրջանի հետ։ «Կարծում եմ՝ դա կապված է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի անսահմանափակ օգտագործման հետ»,- նշեց նա։

Ռազմիկ Ղազարյանն ուշադրություն դարձրեց ջրամբարների վերակառուցման և նորերի կառուցման անհրաժեշտության վրա։ «Թալինը չոր կլիմա ունեցող տարածք է։ Կաքավաձորի ջրամբարում ջուրը կուտակվում է, սակայն ջրամբարը մաշվել, քայքայվել է և ջուրն անտեղի գնում-կորում է, բայց կարելի էր օգտագործել ոռոգման նպատակով»,- ասաց նա։

Դիանա Հարությունյանն արձագանքեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն իրականացնում է համայնքային գեոմեմբրանային ջրամբարների կառուցման ծրագրեր։ «Անձրևաջրերի կուտակման վրա հենվելը հեռանկարային չէ։ Հեռանկարային է ունենալ վստահելի ջրային հոսքի վրա կառուցվող փոքր, համայնքային նշանակության գեոմեմբրանային ջրամբարներ։ Տնտեսական տեսակետից դրանք մատչելի են, և կառավարելու տեսակետից էլ հնարավոր է օգտագործել ինքնահոս կամ արևային էներգիայով ոռոգում ապահովելու համար»,- ասաց նա։

Գագիկ Միրզախանյանը հիշեցրեց, որ Խորհրդային Միություն ժամանակ «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից մշակված ծրագրով Վերին Սասնաշենի վարչական տարածքում մեկուկես միլիոն խմ ծավալով ջրամբար պետք է կառուցվեր, որը պետք է 8 բնակավայր ինքնահոս եղանակով ապահովեր ջրով։ «Այն անավարտ է մնացել։ Ջրամբարն իր տեղադիրքով, իր ոռոգման մակերեսով շատ մեծ ու լավ ծրագիր է համայնքի համար»,- ասաց նա։

Ռուստամ Բաքոյանն արձագանքեց, որ հարցը կառավարության օրակարգում է։ «Ջրային կոմիտեի հետ մենք մի շարք պայմանավորվածություններ ունենք, որը նաև պայմանավորված էր Ջրային կոմիտեի ղեկավարի փոփոխությամբ, իրենք պետք է նախաձեռնությամբ հանդես գային։ Պետական քաղաքականությունը հստակ է՝ ջրամբարների թիվը պետք է ավելացնենք»,- ասաց նա։

Անժելա Դիլանյանը խոսեց Թալին քաղաքում կեղտաջրերի մաքրման կայանի անհրաժեշտության մասին։ «Կայանի բացակայությունը լուրջ սպառնալիք է համայնքի համար։ Թալին քաղաքում կոյուղու ջրերը մաքրվելու փոխարեն անմիջապես լցվում են շրջակա միջավայր։ Այսօր այդ ջրերը հոսում են դաշտեր, ձորակներ։ Ժամանակակից կայանի կառուցումը կարող է նաև ապահովել ջրերի երկրորդային օգտագործում ոռոգման նպատակով: Դա կնպաստի նաև խմելու ջրի խնայողությանը, որով շատ հաճախ ներկայումս ոռոգվում են դաշտերը։

Ոռոգման ջրի ապահովման դեպքում հնարավոր կլինի հիմնել ջերմոցներ, այդ թվում՝ անտառների հիմնման համար տնկանյութի աճեցման համար»,- ասաց նա։

Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը ներկայացրեց բարձրացված հարցերի շուրջ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները։ «Կեղտաջրերի մաքրման կայանի, արդյունավետ ջրօգտագործման, ջրախնայողության և  ջրաչափերի տեղադրման հետ կապված միջոցառումները շատ կարևոր են։

Արագածոտնի մարզում ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է, որովհետև Արարատյան դաշտում ունենք ջրի գերշահագործման խնդիր։ Այդ խնդիրը կարգավորելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը բավական միջոցառումներ է իրականացնում, այդ թվում՝ նաև օրենսդրական կարգավորումների միջոցով։ Օրենսդրական բարեփոխումներ իրականացվել են 2022 թ․ կապված Արարատյան դաշտի՝ հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծական տնտեսությունների հետ։ Ընդհանրապես ջրային ռեսուրսների բաշխման նոր մեխանիզմ ենք սահմանել Ջրային օրենսգրքով, նախագիծն արդեն կառավարության հավանությանն արժանացել է և ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։

Օրենսդրական կարգավորումներն ու բարեփոխումները բավական շատ են, ուղղակի դրանք ունեն կիրարկման խնդիր։ Դեռևս 2019թ․ մշակել էինք ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ։ Այն Թալին համայնքում տեղայնացնելը շատ ավելի դյուրին կլինի, քան Թալին համայնքի համար ջրախնայող տեխնոլոգիաների նոր հայեցակարգ մշակելը»,- նշեց Լիլիթ Աբրահամյանը։

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ Թալինը բավական լավ հողեր ունի, որտեղ ջրային ռեսուրսների ճիշտ կիրառման արդյունքում հնարավոր է ինտենսիվ այգիներ ստեղծել։ «Այդ աշխատանքները հնարավորություն կտան ունենալ զարգացած համայնք։ Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, որպես պատգամավորներ, ովքեր հնարավորություն ունեն որոշումներ կայացնելու կամ որոշումների վրա ազդեցություն ունենալու, ես շարունակելու եմ աջակցել ձեր նախաձեռնություններին»,- ասաց նա։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կարևորեց քննարկման ձևաչափը ջրի խնդրի բարձրաձայնման առումով։ «Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, բայց միշտ այսպես հարուստ չի լինելու։ Մենք պետք է կառավարենք ջրի պաշարները, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնենք»,- ասաց նա։

Նա նշեց, որ համայնքների հետ տարվող աշխատանքները ցույց են տալիս նախկինում ունեցած խնդիրների դրական զարգացումը՝ կառավարության ջանքերի արդյունքում։ «Կարևոր է բարձրացնել հանրության իրազեկվածությունը, որպեսզի համայնքները կարողանան օգտագործել նոր տեխնոլոգիաներ», - ասաց նա։

Շարունակելի

Օգոստոս 14, 2025 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր