

2025թ․ հոկտեմբերին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Մեղրիի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։
Մեղրի համայնքը բախվում է կլիմայական բազմաթիվ խնդիրների, որից ջրի խնդիրը հրատապ լուծման կարիք ունի։ Թվում է, թե ունենալով Արաքս և Մեղրի գետերը, համայնքը ջրի խնդրի չպետք է ունենար։ Սակայն համայնքի Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերում ջրի հարցը կենսական նշանակություն ունի։ Պատճառը ենթակառուցվածքների պակասն ու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն է։
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը նշեց․ «Տարեցտարի ավելի շոգ է լինում։ Անհրաժեշտ է ունենալ ջրամբար, ոռոգման համակարգ ու պոմպակայաններ։ Մեղրի համայնքում և Մեղրի քաղաքի համար այժմ կառուցվում է խմելու ջրամաքրման կայան, որը շուտով կհանձնվի շահագործման։ Եվս մեկ մաքրման կայան Ագարակ քաղաքի համար է կառուցվում։ Պետական ծրագիր է։
Մենք նախանցյալ տարվա ռոյալթիների գումարը պետք է այս տարի ստանանք, որը կազմում է 332 միլիոն դրամ։ Դա մեծ օգնություն է համայնքին, և հիմնականում ուղղված է զբոսայգիների և խաղահրապարակների բարեկարգմանը»։

Ալվանք բնակավայրի տարածքում ջրի համակարգը վթարային վիճակում է։ Սարից գրեթե երբեք ջուր չի հասնում Ալվանք։ Արդեն շուրջ 4 ամիս տեղումներ չեն եղել։ «Փաստացի այսօր ջուր կա միայն Արաքսի հովտի մոտ, որտեղ անհրաժեշտ է խորքային հորեր փորել, պոմպեր տեղադրել և ջուրը բարձրացնել վերին հատվածներ»,- նշեց Ալվանքի վարչական ղեկավար Աշոտ Դանիելյանը,- «Մենք անհրաժեշտություն ունենք արևային էլեկտրակայանի, որպեսզի հոսանքի արժեքը նվազի»։
Մեղրի համայնքի տարածքի 42․6%-ը զբաղեցված է գյուղատնտեսական հողերով, որից մշակվում է ոչ ավելի, քան՝ 18%-ը։ Գյուղատնտեսության զարգացման համար ամենից բարենպաստ տարածքներն են Արաքս գետի ձախակողմյան հատվածը, Մեղրի գետի, Կարճևանի և Արաքս գետ թափվող վտակների ստորին հոսանքների հովիտները։ Այս մասին խոսեց Մեղրիի համայնքապետարանի Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և զորահավաքների կազմակերպման պատասխանատու Անդրանիկ Մանուկյանը։

Նա ներկայացրեց այն հիմնական կլիմայական մարտահրավերները, որոնց համայնքը բախվում է վերջին տարիներին, այն է՝ երաշտ, ջերմային ալիքներ և սաստիկ շոգեր, անտառային հրդեհներ, ցրտահարություններ, սելավներ և հորդառատ տեղումներ, կարկտահարություն, հողերի դեգրադացիա և անապատացում։
Այս երևույթներին դիմակայելու համար համայքնը մշակել է մի շարք միջոցառումներ։ Այդ թվում՝
- Կաթիլային և ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրում։
- Տեղային ջրամբարների և ջրապահեստների կառուցում՝ տեղումների և ջրերի հավաքագրման համար։
- Երաշտադիմացկուն և շոգադիմացկուն մշակաբույսերի կիրառություն։
- Հողերի պաշտպանության միջոցառումների իրականացում՝ դեգրադացիան կանխելու նպատակով։
- Կապան-Մեղրի ջրարբիացման համակարգի վերանորոգում։
- Սելավային հուների մաքրում և ամրացում։
- Կարկտապաշտպան ցանցերի և կայանների տեղադրում։
- Վաղ զգուշացման համակարգերի ներդրում (SMS-եր, բարձրախոսներ, տեղային դիտարկում)։
- Կլիմայական ռիսկերի վերաբերյալ իրազեկման ծրագրեր։
- Համայնքային զարգացման պլանի թարմացում՝ ներառելով կլիմայական բաղադրիչ։
- Մինչև 1000 կՎտ հզորությամբ համայնքային ենթակայությամբ արևային էլեկտրակայանի տեղադրում։
- Համայնքային ենթակայության 11 շենքերի տանիքներում արևային վահանակների տեղադրում՝ էներգախնայողության և ծախսերի նվազեցման նպատակով։
Կլիմայի փոփոխությանը դիմակայելու ծրագրեր արդեն իսկ իրականացվում են Սյունիքի մարզում։ Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը խոսեց պետական և միջազգային աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին։

«Մարզի մոտ 70% բնակավայրերում ունենք խմելու և ոռոգման ջրի խնդիր։ Մենք այժմ 2 խոշոր ծրագրեր ենք քննարկում կառավարության հետ, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ։ Մեղրին ներառված է այդ 2 փաթեթներում։ Դրան զուգահեռ մենք ունենք ինչպես սուբվենցիոն, աւյնպես էլ՝ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր, որոնք միտված են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը», - ասաց նա։
Նվարդ Հարությունյանը նշեց, որ կլիմայական նախաձեռնություններում համայնքները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն և իրենց ծրագրային առաջարկները տարբեր հարթակներում ներկայացնեն։ «Որպես կառավարության ներկայացուցիչ մարզում՝ մենք մշտական կապի մեջ ենք կառավարության հետ և տարբեր ուղիներով ներկայացնում ենք մեր առաջարկները։ Սակայն նմանատիպ հանդիպումներն առավել արդյունավետ են, քանի որ խնդիրները քննարկվում են տեղում և ավելի ընդգրկուն ձևով։ Այս ձևաչափը կարևոր է ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև՝ համայնքներին հուզող ցանկացած այլ հարցի համար»,- ասաց նա։
Նոյեմբեր 25, 2025 at 17:17
