

2025թ․ հունիսին Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում, հուլիսին Արագածոտնի մարզի Թալին համայնքում և հոկտեմբերին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կազմակերպվել էին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություններ։


.jpg)
Խորհրդակցություններին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, Շրջակա միջավայրի նախարարության, Փամբակ, Թալին և Մեղրի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։
Խորհրդակցությունների նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև Թալինի համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ և ստանալ պատասխաններ նախարարության ներկայացուցիչներից։
Խորհրդակցություններն անց են կացվել ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։
Կլիմայական նախաձեռնություններում երիտասարդների մասնակցությունը դառնում է անհրաժեշտություն։ Կարևոր է կլիմայական օրակարգում երիտասարդների ձայնը լսելի դարձնել և ներառել որոշումների կայացման գործընթացում։ Երիտասարդների դերակատարությունը կլիմայական քաղաքականության ձևավորման, տեղայնացման, նրանց իրազեկվածության բարձրացման մասին խոսեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մանե Մադոյանը։

«Միջազգային և ազգային մակարդակում արդեն գործում են մեխանիզմներ, որոնք խրախուսում են երիտասարդների ներգրավումը, և կարևոր է, որ համայնքներում դրանք կիրառվեն»,- ասաց նա, - «Եթե համայնքն ունի խնդիր և կարող է երիտասարդներին ներգրավել, ապա նրանք կարող են դառնալ մասնակցային գործընթացների շարժիչ ուժ՝ մարդկային ռեսուրսների ներգրավման կարևոր օղակ։ Համայնքը կարող է արդյունավետ օգտագործել երիտասարդների ներուժը՝ բարձրացնելու իրենց ձայնը և տեսանելի դարձնելու կարևոր թեմաները»։
Ըստ Մանե Մադոյանի՝ կլիմայական և բնապահպանական խնդիրների շուրջ աշխատանքը կարող է դառնալ լավ հարթակ՝ երիտասարդներին ցույց տալու համայնքի առավելությունները և նրանց ներգրավելու տեղական նախաձեռնություններում։ «Երիտասարդներն գյուղերում պահելը պահանջում է ոլորտային և միջգերատեսչական լուծումներ, իսկ այդ լուծումների հիմքում պետք է լինի կարիքների ճշգրիտ քարտեզագրումը»,- ասաց նա։
Բնակիչներն ակտիվ մասնակցել են քննարկումներին և նշել են, որ գյուղերում անհրաժեշտ է դպրոցական ծրագրերում ներառել բիզնեսի ու գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքներ, որպեսզի երեխաները վաղ հասակից պատկերացում ունենան իրենց համայնքի զարգացման ուղիների մասին։
ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը նշել է, որ ազգային գլոբալ ռազմավարությունների տեղայնացումը շատ ավելի դանդաղ է գնում, քան իրական կարիքներն են։ «Մենք մեծ բաց ունենք ազգային մակարդակում երիտասարդների ներգրավվածության առումով։ Ես կառաջարկեմ համայնքի բնապահպանության մասով պատասխանատուներն ավելի ակտիվ աշխատեն դպրոցների հետ։ Հատկապես մարզերում երեխաների զբաղվածությունն ավելի քիչ է, և այդ արտադպրոցական ժամանակը կարող են ուղղել էկոլոգիական կրթությանը, և կապ պահեն նախարարության աշխատակիցների հետ»,- ասել է նա։

Նոյեմբեր 28, 2025 at 15:26
