ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է նվազեցնել փոքր ՀԷԿ-երի հզորության շեմը՝ 30 ՄՎտ-ից իջեցնելով 10 ՄՎտ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է նվազեցնել փոքր ՀԷԿ-երի հզորության շեմը՝ 30 ՄՎտ-ից իջեցնելով 10 ՄՎտ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է նվազեցնել փոքր հիդրոէլեկտրակայանների դրվածքային հզորության շեմը՝ 30 ՄՎտ-ից իջեցնելով 10 ՄՎտ: Այս նպատակով նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում  ճգնաժամային վիճակում։
Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանն ու դրանց թվաքանակի օրեցօր աճին նպաստում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն խրախուսական մեխանիզմը, համաձայն որի ՓՀԷԿ-երն օգտվում են առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Հենց այս հանգամանքն էլ հիմք է հանդիսացել բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ 2011 թվականը սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը՝ առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորությունները, դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունն ու ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում առաջացած էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները, որոնք ոլորտը դարձնում են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:  

Փոքր հիդրոէլեկտրակայանների թվաքանակի աճի տենդենցը նվազեցնելու,  ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու և  շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները կանխարգելելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը»:

Հիշեցնենք, որ 2014-2018թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՄԱԶԾ/ԳԷՀ/ՓԴԾ) աջակցությամբ ԷկոԼուրի իրականացրած «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի  փորձագիտական խմբի կողմից փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին միտված առաջարկներից մեկը վերաբերում էր ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելուն:

Նշենք, որ այդ որոշումը տարածվում էր ընդամենը մեկ ՀԷԿ-ի՝ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցված «Ձորահէկ» ՀԷԿ-ի վրա, որն ունի 26Մվտ դրվածքային հզորություն: Ստանալով փոքր ՀԷԿ-ի կարգավիճակ՝ այս ՀԷԿ-ը սկսեց օգտվել ՓՀԷԿ-երի համար սահմանված սակագնային արտոնություններից:  հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը դարձավ 25.401 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 2010 թվականի 3,42 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ 

Մայիս 14, 2021 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր