

Հիդրոէներգետիկան Սյունիքի մարզի տնտեսության գերակա ճյուղերից է: Այստեղ է գտնվում Որոտանի ՀԷԿ–երի համալիրը, որտեղ արտադրվում է հանրապետության հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը և ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի՝ շուրջ 15%-ը։
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` «Սպանդարյան» (76 ՄՎտ), «Շամբ» (171 ՄՎտ) և «Տաթև» (157.2 ՄՎտ) ՀԷԿ-երից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ.ժամ: Հիդրոկասկադն իր անխափան աշխատանքի համար օգտագործում է մարզի խոշոր ու ռազմավարական նշանակության ջրային պաշարները՝ Որոտան գետի ջրի ծավալի մոտ 85%–ն ու թվով 6՝ Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարները և մեկ օրական կարգավորման ջրամբար: Այս ջրաղբյուրներից, ինչպես նաև «Տաթև» ՀԷԿ-ի օրվա կարգավորող ջրամբարից (Որոտանի մայր ջրանցք) ու Քարահունջի ջրամբարից սնվող ջրանցքներով, գետերի և նրանց վտակների ջրերով գյուղատնտեսական նպատակներով օգտվում են նաև տեղի բնակիչները: Նշված ջրաղբյուրների գերշահագործման հետևանքով տնտեսությունը զարգացնելուն զուգահեռ մարզի խոշոր Գորիս և Սիսիան համայնքները պարբերաբար կանգնում են ոռոգման ջրի պակասուրդի խնդրի առաջ: Քանի որ ջրամբարները հիմնականում տեղաբաշխված են գետերի միջին և ստորին հոսանքներում, և վարելահողերի հիմնական մասը գտնվում է ջրամբարներից վերև, ոռոգելի վարելահողերը ջուրը ստանում են պոմպերի միջոցով, կամ ինքնահոս եղանակով։ Ոռոգման սեզոնին տարածաշրջանում առաջանում է ջրի դեֆիցիտ, ինչը պայմանավորված է ինչպես ոռոգման ցանցի ընդհանուր մաշվածությամբ, այնպես էլ այլ ջրօգտագործողների՝ մասնավորապես Որոտանի ՀԷԿ համալիրի և ՓՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրի ջրառի սահմանափակումների չպահպանմամբ։ Գործող խոշոր և փոքր թվով 23 ՀԷԿ-երի ջրառի հետևանքով էլ գետերի առանձին հատվածներում նույնպես չի պահպանվում էկոլոգիական թողքը, ինչը քանակական առումով ճնշում է գործադրում գետերի վրա:
Սպանդարյանի ջրամբար

Շամբի ջրամբար

Տոլորսի ջրամբար
Անգեղակոթի ջրամբար
Փորձագետ Ռոզա Ջուլհակյանն իր ուսումնասիրության մեջ մանրակրկտորեն անդրադարձել է Սյունիքի մարզում առկա հիդրոէներգետիկայի և ոռոգման ջրի հասանելիության խնդիրներին: Մասնավորապես վեր են հանվել հետևյալ խնդիրները.
1. Շարունակվում է մարզի ջրային ռեսուրսների հյուծումը:
2. Ոռոգման սեզոնին չի պահպանվում հիդրոէներգետիկ և ոռոգման նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների ծավալների համամասնությունը:
3. Հիդրոէլեկտրայանների կողմից ջրային ռեսուրսի բնապահպանական թողքի սահմանված չափաքանակները հիմնականում չեն պահպանվում:
4. Համապատասխան իրավական ակտով կարգավորված չէ ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմների կանոնակարգումը:
5. Հիդրոէլեկտրակայանների շահագործման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն:
6. Հիդրոէլեկտրակայանների կողմից ջրառի և բնապահպանական թողքի նկատմամբ ինքնամոնիթորինգ չի իրականացվում:
7. Հիդրոէլեկտրակայաններ շահագործող ջրօգտագործողները հաշվետու չեն շահառուների, հատկապես ազդակիր բնակչության նկատմամբ:
8. Կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունները բավարար չեն գլոբալ տաքացման արդյունքում ջրային հոսքերի նվազման և ջրերի որակի փոփոխության կանխարգելման համար։
9. Ի տարբերություն այլ խոշոր ջրամաբարների, Որոտանի հիդրոհամալիրի ջրամբարների լցվածության տվյալները չեն հրապարակվում, դրանք հասանելի չեն շահագրգիռ կողմերին:
10. Լուծված չեն հիդրոէլեկտրակայանների շահագործման ժամանակ գոյացող տրանսֆորմատորային և այլ կարգի յուղերի (1-4 վտանգավորության դասի թափոններ) անվտանգ հավաքման, պահեստավորման և դրանց չեզոքացման ու վնասազերծման հարցերը:
11. Որոտանի հիդրոկասկադի տեխնիկական վերազինման բնապահպանական ծրագրով նախատեսված՝ Անգեղակոթ, Սպանդարյան, Շամբ, Տոլորս ջրամբարներում ձկնապաշտպան կառույցները չեն տեղադրվել:
12. ՓՀԷԿ-երի ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի մեծ մասն, ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետազոտությունների, ֆունկցիոնալ առումով չեն համապատասխանում ձկնաշխարհի կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանակական ցուցանիշների պահպանմանը, ինչի հետևանքով դրանք կրել են բացասական փոփոխություններ:
13. ՓՀԷԿ-երը շահագործող կազմակերպությունները ՓՀԷԿ-երի գործունեության ազդակիր համայնքներին չեն ցուցաբերում սոցիալ-տնտեսական օժանդակություն:
Սեպտեմբեր 23, 2021 at 14:22
