Հայաստանում նախատեսվում է էկոհամակարգային ծառայությունների գնահատում ու դրանց դրամայնացման հնարավոր ուղիների մշակում

Հայաստանում նախատեսվում է էկոհամակարգային ծառայությունների գնահատում ու դրանց դրամայնացման հնարավոր ուղիների մշակում

Փետրվարի 25-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «BES-Net Հայաստան, Բազմամյա աշխատանքային պլանի և բյուջեի մշակում» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովը։ Նպատակն էր քննարկել և վավերացնել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից մշակվող ծրագրի նպատակները և միջամտության ուղղությունները, որը հաջորդիվ ներկայացվելու է BES-Net-ի ֆինանսական աջակցությանը։

BES-Net-ը (Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանց) նպատակ ունի զարգացնել և խթանել քաղաքականություն մշակողների կարողությունները, գիտնականների և գործնական մասնագետների համակարգված համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։ BES-Net-ը համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի (UNEP-WCMC) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այն ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության (Միջազգային կլիմայական նախաձեռնության միջոցով) և SwedBio-ի կողմից: BES-Net-ն աջակցում է երկրներին՝ Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) գիտական արդյունքները վերածելու գործնական գործողությունների՝ տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում՝ նպաստելով առողջ և դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։




Բացման խոսքում ՄԱԶԾ ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց․ «Ծրագրի նպատակն է կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական, գիտաքաղաքական հարթակի կողմից իրականացված գիտական ուսումնասիրություններն ու գնահատականները վերածել գործնական լուծումների՝ թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում»։

Հովհաննես Ղազարյանի ներկայացմամբ՝ երկամյա ծրագիրը մեկնարկում է կարևոր ժամանակահատվածում՝ COP 17-ին ընդառաջ՝ ծառայելով որպես ռեսուրս ինչպես նախապատրաստական աշխատանքների, այնպես էլ գործընթացների շրջանակում աջակցության տրամադրման համար։ Նա ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է Հայաստանի համար ցուցադրելու իր պատրաստակամությունն ու ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ գործընթացներում։

Անդրադառնալով ծրագրի բովանդակությանը՝ Հովհաննես Ղազարյանը նշեց, որ ուղեցույցի համաձայն Ազգային խորհրդատուն անցկացրել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, որոնց հիման վրա մշակվել է բազմամյա աշխատանքային պլանը։ Այն հստակեցնելու է ծրագրի քայլերը, գործողությունները, ակնկալվող արդյունքներն ու իրատեսական ժամանակացույցը։

Նա առանձնացրեց երեք հիմնական ուղղություն, որոնք նախանշվել և կարևորվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Էկոհամակարգային ծառայությունների արժևորում, էկոհամակարգերի գնահատման և վճարների որոշման գիտահեն հիմքերի ու մեթոդաբանության ստեղծում, էկոհամակարգային ծառայությունների վճարների փորձարկում պիլոտային ծրագրի շրջանակում որևէ տարածքում։

«BES-Net Հայաստան, Բազմամյա աշխատանքային պլանի և բյուջեի մշակում» ծրագրի ազգային խորհրդատու Արեգ Կարապետյանի խոսքով՝ ծրագրի հիմնական շեշտադրումներն են էկոհամակարգային ծառայությունների գնահատումն ու դրանց դրամայնացման հնարավոր ուղիների մշակումը, որոնք պետք է պիլոտավորվեն և ներդրվեն տեղական մակարդակի քաղաքականությունների մեջ։ Ծրագրի համար սահմանվել է հետևյալ նպատակը՝ կատարելագործել էկոհամակարգային ծառայությունների կենսաֆիզիկական և դրամական գնահատման շրջանակները։

Սույն նպատակից բխելով՝ ձևակերպվել են ծրագրի երեք հիմնական արդյունքները։ «Առաջին արդյունքը վերաբերում է էկոհամակարգային ծառայությունների գնահատման մեթոդաբանությունների ներդաշնակեցմանը Հայաստանի տեղական առանձնահատկություններին և կարիքներին։ Երկրորդ արդյունքը նպատակաուղղված է էկոհամակարգային ծառայությունների գնահատման վերաբերյալ ինստիտուցիոնալ համակարգման և երկխոսության ձևավորմանը՝ բազմաշահառու կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ազգային հարթակի գործարկման միջոցով։ Երրորդ արդյունքը վերաբերում է էկոհամակարգային ծառայությունների կենսաֆիզիկական գնահատման և դրամայնացման ուղիների պիլոտային փորձարկմանը»,- ասաց նա։

Արեգ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ներկայում առկա է էկոհամակարգային ծառայությունների գնահատման սահմանափակ փորձ։ «Տարբեր նախագծերի շրջանակում իրականացվել են առանձին գնահատումներ, այդ թվում՝ պետբյուջեի և միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ, ինչպես նաև մշակվել են որոշ մեթոդաբանություններ։ Մասնավորապես, ՄԱԶԾ-ի կողմից մշակվել է անտառների ածխածնի կուտակմանն առնչվող էկոհամակարգային ծառայությունների մեթոդաբանություն»,- նշեց նա։ Միաժամանակ, ազգային խորհրդատուն ընդգծեց, որ միջազգային փորձը վերջին տասնամյակներում զգալիորեն ընդլայնվել է, մշակվել են մոդելներ, որոնք ավտոմատ կերպով հաշվարկում և գնահատում են էկոհամակարգային ծառայությունները, և առկա է այդ մոդելների տեղայնացման անհրաժեշտություն։

Երկրորդ արդյունքը, ըստ խորհրդատուի, կարևոր քայլ է ազգային մակարդակում կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների հարթակի գործարկման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում դիտարկվում է նման հարթակի ստեղծման կամ առկա հարթակների հիման վրա վերակազմավորման հնարավորությունը։

«Երրորդ արդյունքը վերաբերում է պիլոտային փորձարկմանը, որը հնարավորություն կտա առաջին փուլում առանձնացված մեթոդաբանությունները կիրառել կոնկրետ դաշտային պայմաններում, իսկ ստացված արդյունքները՝ ինտեգրել համապատասխան փաստաթղթերում»,- ասաց նա։

 «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց նախաձեռնությունը և հետաքրքրվեց, թե արդյոք էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ Հայաստանն ունի իրավական կարգավորումներ։

Արեգ Կարապետյանը նշեց, որ ներկայում էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ առանձին կարգավորում Հայաստանում առկա չէ։ Թեմային առնչվող դրույթներ առկա են առանձին օրենսդրական ակտերում, այդ թվում՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծում, սակայն միասնական և հստակ իրավական ձևակերպում դեռևս բացակայում է: Ընդգծվեց, որ ծրագիրը հնարավորություն կտա հանդես գալ համապատասխան նախաձեռնություններով, իսկ ազգային հարթակի ստեղծումը կնպաստի էկոհամակարգային ծառայությունների իրավական կարգավորման հստակեցմանը Հայաստանում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Հակոբ Մաթևոսյանն էլ հավելեց, որ թեպետ էկոհամակարգային ծառայությունների մատուցման վերաբերյալ առանձին կարգավորող շրջանակ՝ օրենք կամ ենթաօրենսդրական ակտ Հայաստանում առկա չէ սակայն առանձին դրույթներ և ձևակերպումներ ներառված են տարբեր ոլորտային օրենքներում, մասնավորապես` «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքներում, որոնք ամբողջական և համակարգված կարգավորում չեն ապահովում: «Ծրագրի կարևոր նպատակներից է ձևավորել այնպիսի մեթոդաբանական և գաղափարական հիմք, որի հիման վրա հնարավոր կլինի մշակել նոր, համապարփակ օրենսդրական կարգավորում, կամ համապատասխանեցումներ կատարել գործող իրավական ակտերում»,- ասաց Հակոբ Մաթևոսյանը։

Վիկտորյա Բուռնազյանն ընդգծեց օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ներկայում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման նպատակով հողօգտագործման տրամադրում պարզեցված կարգով։ Օրինագծի համաձայն՝ համայնքն առաջին լսման փուլում պետք է ոչ միայն համաձայնություն տա գործունեության իրականացմանը, այլ նաև՝ համապատասխան հողատարածքների տրամադրմանը, իսկ թույլտվությունների ամբողջական փաթեթի պատրաստ լինելուց հետո երկամսյա ժամկետում՝ փոխի՝ հողերի կատեգորիան և տրամադրի դրանք ընդերքօգտագործողին: Նա նշեց, որ նախաձեռնությամբ բացառություն է սահմանվում միայն անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների համար, մինչդեռ առկա են կենսաբազմազանությամբ հարուստ այլ տարածքներ, որոնք կարող են ներառվել ընդերքօգտագործման գործընթացում։ Սա, ըստ մասնակցի, ռիսկեր է ստեղծում ինչպես կենսաբազմազանության պահպանության, այնպես էլ էկոհամակարգային ծառայությունների կիրառման հնարավորությունների համար և  կարող է հակասել ազգային կենսաբազմազանության ռազմավարության այն նպատակին, որով նախատեսվում է հատուկ պահպանվող տարածքներից դուրս գտնվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանումը:

Արեգ Կարապետյանը կարևորեց բարձրացված հարցը՝ նշելով, որ այն բխում է Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի ազգային առաջին թիրախից, ըստ որի՝ հատուկ պահպանվող տարածքներից դուրս գտնվող արժեքավոր էկոհամակարգերը պետք է պաշտպանված լինեն համապատասխան իրավական ակտերով:

Աշխատաժողովի մասնակիցները հանդես եկան ելույթներով և առաջարկներով։ Ընդգծեցին, որ խնդիրը բարդ և բազմաշերտ է, որ էկոհամակարգային ծառայությունների պրակտիկ կիրառությունն ու դրանց ինստիտուցիոնալացումը  նույնիսկ զարգացած երկրներում շարունակում են մնալ զարգացման և կատարելագործման փուլում:







Կարևորվեց կենտրոնանալ անտառային տնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացման վրա՝ համադրելով առկա տեղեկատվությունը, կիրառելով տեղական կազմակերպությունների փորձը, ճիշտ նույնականացնելով չափելի գործնական էկոհամակարգային ծառայությունները, ինչպես նաև ներգրավելով միջազգային լավագույն փորձը։

Նշվեց, որ հարցին  հավակնոտ, բայց իրատեսական դիրքից մոտենալու դեպքում, ընտրելով կիրառելի մակարդակ ու ճիշտ միջամտության կետեր, ծրագիրը կարող է ունենալ հաջող ընթացք:

Մարտ 05, 2026 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր