

«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։
Տեսանյութը հրապարակվել է Անտառների միջազգային օրը՝ մարտի 21-ին։ «Սարսափելի մասշտաբների կոտորածի մի մասը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, իսկ մյուս մասը համայնքային տարածքներ են։ Բոլոր ծառերն իրար կողքի են գտնվում։ Այդ քանակի ծառեր կտրելն այդքան հեշտ չէ, մտել են տարածք և արխային փռթելով գնացել․.․ Այնտեղ կան աշխատող մարդիկ, ովքեր գումար են ստանում այդ ամեն ինչը պահպանելու համար, իսկ մյուս մասն էլ գտնվում է համայնքի տարածքում և պետք է պահպանվի․․․ Ամսով գործ են արել այդքանը կտրելու տեղափոխելու համար, այստեղ ամսո՞վ մարդ չի եկել նայել․․․ Ներքևում Հաղարծին գյուղն է։ Այս անտառից առաջանում են ջրի աղբյուրները, իջնում են ներքև, այդտեղից մարդիկ սնվում են։ Ամբողջ գյուղը տուժելու է այդ ամենի հետևանքով։ Մի հոգի փող է աշխատել, մնացածը տուժել են», - նշել է Գոռ Հովհաննիսյանը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանն Էկոլուրին հայտնեց, որ դեպքի առթիվ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ահազանգի առնչությամբ տեսանյութի տակ ՀՀ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է․ «Դատախազությունը զբաղվում է բարձրաձայնված խնդրով: Շնորհակալ ենք հոգատարության և անտարբեր չլինելու համար»։
Դեպքի կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար Էկոլուրը դիմել է նաև Շրջակա միջավայրի նախարարություն և սպասում է արձագանքի։
Մարտ 25, 2026 at 16:34
