

«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 21-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածեց տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչության պետ Սևակ Մարկոսյանն Էկոլուրին հայտնեց, որ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքից դուրս, տվյալ տարածքն ամբողջությամբ գտնվում է Դիլիջան համայնքի կազմում։
Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկանալով իրականացրել են նախնական ուսումնասիրություն։ Այնուհետև, մարտի 23-ին գրություն են ստացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի կողմից, որ դեպքի առթիվ հաղորդում է տրվել, որում նշվել է ապօրինի հատված 100 ծառի մասին։ «Ստեղծվել է խումբ, որում ներառված էր նաև էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պարտականություններ կատարողը, նաև եղել են ներկայացուցիչներ «Բնապահպանի տուն» կազմակերպությունից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ այդ տարածքն ամբողջությամբ համայնքային տարածք է և դուրս է «Դիլիջան» ազգային պարկի տարածքից։ Քարտեզներով, կոորդինատներով համադրում են կատարել, և պարզվել է, որ ազգային պարկի սահմաններից դուրս է գտնվում։ Այսինքն, այն չի հանդիսանում «Դիլիջան» ազգային պարկի տարածք»,- ասաց Սևակ Մարկոսյանը։
Մարտ 26, 2026 at 17:44
