

Սույն թվականի օգոստոսի 13-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում նշանակված հանրային լսումները՝ կապված Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան հատվածներում երկրաբանական հետազոտություններ անցկացնելու հետ, անցան լարված մթնոլորտում։
Լսումները կազմակերպել էին Փամբակի համայնքապետարանը՝ «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ։ Լսումներին մասնակցեցին Փամբակ համայնքի բնակիչներ, ակտիվ քաղաքացիներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ։
«Զով-Գուժ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2024 թվականի հունվարին և միակ սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարդան Խաչատրյանն է։ Նշենք, որ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման թույլտվություն 2013 թվականից ունեցել է «Ասսաթ» ՍՊԸ-ն։ Թույլտվության ժամկետն ավարտվել է 2024 թվականին։
Մինչ քննարկման մեկնարկը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հարց ուղղեց Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանին․ «Նախկինում մի քանի անգամ գյուղը մերժել է, ինչի՞ համար ենք մենք նորից եկել և լսում նույն բանը»։ Համայնքապետն արձագանքեց, որ ցանկանում է լսել կարծիքներ։
Ընկերության նախատեսվող գործունեությունը ներկայացրեց Վիգեն Ավետիսյանը, ով նախկինում եղել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը։ Ի պատասխան Էկոլուր հարցի՝ Վիգեն Ավետիսյանն ասաց․ «Ուսումնասիրության ժամանակ ես ռիսկեր չեմ տեսնում»։
Քննարկման ժամանակ բնապահպանները մասնակիցներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ, որտեղ ներկայացված են Քարաբերդ բնակավայրի շրջակա միջավայրից և բնակիչներից վերցված փորձանմուշների հետազոտության արդյունքները։ Հետազոտությունները ցույց են տվել փորձանմուշներում ծանր և տոքսիկ մետաղների բարձր պարունակություն։ Հետազոտություններն իրականացրել է չեխական «Առնիկա» կազմակերպությունը՝ Հայաստանի գործընկեր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-երի հետ միասին։
Քննարկվեց հայցվող տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր առկայությունը։ Վիգեն Ավետիսյանը հայտարարեց․ «այդ տարածքում ուրան չկա»։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն արձագանքեց․ «Դա ճիշտ չէ։ Գիտական հոդվածում նշված է, որ ուրանատիպ տարածք է, բայց պաշարները ուսումնասիրված չեն, ասվում է չկա, որովհետև ուսումնասիրված չէ»։
Բնապահպան Անի Խաչատրյանը նշեց․ «Չկա այնպիսի հանք, որը չի աղտոտում։ Դուք ունեք մաքուր տարածք, կարող եք և՛ զբոսաշրջություն, և՛ գյուղատնտեսություն զարգացնել, իսկ հանքը կփակի բոլոր հեռանկարները»։ «Հաջողակ կին» ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Քոչարյանը նշեց, որ Փամբակ համայնքն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ։
Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանն ասաց․ «Մենք ունենք և՛ բնապահպանական, և՛ գյուղատնտեսական, և՛ հանքարդյունաբերական տարածքներ։ Մեր խոշորացված համայնքի ՏԻՄ-ն ամեն ինչ անում է, որ բոլոր ուղղությունները հնարավորինս զարգացնի»։
Քարաբերդի վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանի խոսքով՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը շահագործող ընկերությունը և «Զով-Գուժ» ՍՊԸ-ն մտադիր են համատեղ գործարան կառուցել։ «Բանակցությունների ժամանակ իրենք են ասել, որ ժամանակակից գործարան են ուզում տեղադրել, միասին համագործակցեն՝ տեխնիկայով, բանվորով, միմյանց օգնելով առաջ գնան։ Ամենակարևորը, որ մենք թունելային ենք պահանջում, բաց հանք չենք ուզում», - Էկոլուրին ասաց Յուրիկ Շավելյանը։ Նա նշեց, որ հանքարդյունաբերող ընկերությունները խոստացել են տեղի բնակիչներին ապահովել բժշկական ապահովագրությամբ, լուծեն ներհամայնքային ճանապարհների, ջրի, գազի հարցերը։ Բայց այդ ամենը միայն բանավոր։
Թեժ վեճերի ընթացքում համայնքապետն անսպասելիորեն հայտարարեց, որ լսումներն ավարտված են։ «Այստեղ ներկա են մեր ավագանու անդամներ, կկազմվի արձանագրություն, կտրամդրվի բոլոր շահագրգիռ կողմերին, ավագանու նիստին որոշում կկայացվի բոլորի կարծիքը մեջը նշված․․․հանրային լսումն ավարտված է», - ասաց Սուրեն Կոստանդյանը։
Քաղասարակության ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը, որոշեցին նույն դահլիճում մամուլի ասուլիս հրավիրել՝ ներկայացնելու իրենց կարծիքները, որոնք հնարավորություն չունեցան հնչեցնել։
Նրանք հայտարարեցին, որ Քարաբերդում կայացած հանրային քննարկումը պետք է չեղյալ համարել, այն համայնքի ղեկավարի կողմից կամայականորեն փակվել է՝ հնարավորություն չտալով բոլոր մասնակիցներին կարծիք հայտնել։
Օլեգ Դուլգարյանը շեշտեց, որ Քարաբերդի հանքավայրի նոր տարածքների շահագործումը խնդիր է նաև Վանաձոր քաղաքի համար․ «Այն գտնվում է անմիջապես Վանաձորի գլխին, հանքավայրն ընդլայնելով ցանկանում են ավելի մոտեցնել քաղաքին։ Վանաձորցիները պետք է իրազեկվեն, որ իրենց քաղաքի գլխին տարբեր ընկերություններ հանքեր են ցանկանում բացել։ Այդ ընկերությունները նաև մտադիր են գործարան կառուցել, Վանաձորն անմիջապես գտնվելու է ազդեցության գոտում, այդ ռիսկը կկախվի նրանց գլխին»։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Օգոստոս 14, 2025 at 16:00