Տեսչական մարմնի և լրատվամիջոցի տվյալներն Ամուլսարի տարածքում հրդեհի մասին իրար չեն համապատասխանում

Տեսչական մարմնի և լրատվամիջոցի տվյալներն Ամուլսարի տարածքում հրդեհի մասին իրար չեն համապատասխանում

Օգոստոսի 31-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգ տարածվեց Ամուլսարի տարածքում հրդեհ բռնկվելու մասին։ Ահազանգի հեղինակը Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էր։

Սեպտեմբերի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդես եկավ պարզաբանմամբ, ըստ որի՝ հրդեհն Ամուլսարին հարակից տարածքում չէ, այլ՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում։

Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ օգոստոսի 31-ին, ժամը 15։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում (ընդգրկված չէ Ամուլսարի տարածքում) հրդեհն առաջացել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուների եռակցման աշխատանքների հետևանքով: Մոտ 45 հեկտար տարածքում այրվել են թփուտներ, տարբեր տեսակի ծառեր ու չոր խոտածածկ։ Կիրականացվի շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկ», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Հետք» տեղեկատվական հարթակն ահազանգի հետ կապված փաստերի ստուգման գործիքներով ուսումնասիրություն էր իրականացրել։ Ըստ «Հետք»-ի՝ Ամերիկյան Planet Labs ընկերության Super Dove արբանյակները սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 12:18-ին, մի քանի անգամ լուսանկարել են տվյալ հատվածը: «Լուսանկարում կարող եք տեսնել, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Սարավանի մոտ, որը համեմատաբար հեռու է Ամուլսարից, այլ Սարալանջ և Ուղեձոր բնակավայրերի միջակայքում՝ Ամուլսարի հարավ-արևմտյան լանջին՝ Երևան-Մեղրի ճանապարհի անմիջական հարևանությամբ: Արբանյակային պատկերի վրա արված չափումը ցույց է տալիս ոչ թե 45 հեկտար, այլ գրեթե կրկնակին՝ 0,875 քկմ, ինչը հավասար է 87,5 հեկտարի» ,- նշված է «Հետք»-ի տարածած հաղորդագրությահն մեջ:

Նույն աղբյուրը հրապարակել է նաև եվրոպական Sentinel-2 արբանյակից արված պատկերի 3D մոդելը, որը ևս հաստատում է, որ օգոստոսի 31-ին Երևան-Մեղրի (Մ-2) ավտոմայրուղու հարևանությամբ բռնկված հրդեհը տարածվել է Ամուլսարի հարավ-արևմտյան լանջով: 

 

Սեպտեմբեր 03, 2025 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր