Բաց Նամակ Ամուլսարի Հանքի Նախագծի Կապակցությամբ ՎԶԵԲ-ի Բնապահպանական և Սոցիալական Պատասխանատվությունների Վերաբերյալ 

Բաց Նամակ Ամուլսարի Հանքի Նախագծի Կապակցությամբ ՎԶԵԲ-ի Բնապահպանական և Սոցիալական Պատասխանատվությունների Վերաբերյալ 

Հայաստանյան հասարակական կազմակերպությունները դիմել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ պահանջելով պահպանել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ իր քաղաքականության պատասխանատվության սկզբունքները։ 

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) որդեգրել է բնապահպանական առումով պատասխանատու գործունեության ուղեգիծ՝ ընդունելով բնապահպանական և սոցիալական քաղաքականություններ ու չափանիշներ։ Գործող Բնապահպանական և սոցիալական քաղաքականությունը (հաստատվել է 2024 թ.) ներառում է բնապահպանական և սոցիալական պահանջների (ESR) համապարփակ փաթեթ իր ծրագրերի համար, որոնք են`

  • ESR 1․ բնապահպանական և սոցիալական ռիսկերի ու ազդեցությունների գնահատում և կառավարում,
  • ESR 2․ աշխատանքային իրավունքներ և պայմաններ,
  • ESR 3․ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և աղտոտման կանխարգելում ու վերահսկում,
  • ESR 4․ առողջություն, անվտանգություն և ապահովություն,
  • ESR 5․ հողի ձեռքբերում, հողի օգտագործման սահմանափակումներ և հարկադրական վերաբնակեցում,
  • ESR 6․ կենսաբազմազանության պահպանություն և կենդանի բնական ռեսուրսների կայուն կառավարում,
  • ESR 7․ բնիկ ժողովուրդներ,
  • ESR 8․ մշակութային ժառանգություն,
  • ESR 9․ ֆինանսական միջնորդներ,
  • ESR 10․ կողմերի ներգրավվածություն։

Այս պահանջները լիովին կիրառվում են ՎԶԵԲ-ի «ուղղակի ներդրումների» և մասնակիորեն՝ «ֆինանսական միջնորդների» նկատմամբ (հաճախորդները պարտավոր են պահպանել ESR 2-ը, ESR 4-ը և ESR 9-ը, իսկ Ա կատեգորիայի նախագծերի դեպքում՝ ESR 1-ից 8 և 10-ը)։

Ըստ 7.11 հոդվածի՝ «Այն դեպքերում, երբ Բանկի ներդրումը ուղղված չէ կոնկրետ ծրագրի կամ ֆիզիկական ակտիվների, օրինակ՝ շրջանառու կապիտալի ֆինանսավորում, որոշ տեսակի բաժնետոմսերի ներդրումներ և կապիտալի շուկայի գործարքներ, կամ հանգեցնելու է ապագա ներդրումների, նախատեսված միջոցների օգտագործման նպատակը և ծրագրի բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները կարող են մեծապես անորոշ լինել ՎԶԵԲ-ի ներդրումային որոշման պահին։ Նման դեպքերում Բանկը

  • կգնահատի ծրագիրը՝ ելնելով տվյալ ոլորտին բնորոշ ռիսկերից և ազդեցություններից, ինչպես նաև բիզնես գործունեության համատեքստից, և
  • կգնահատի հաճախորդի բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման մոտեցումը, այդ թվում՝ կիրառվող բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգերը (ESMS), ինչպես նաև հաճախորդի կարողություններն ու հանձնառությունը՝ ESR-ներին համապատասխան կառավարելու այդ ռիսկերն ու ազդեցությունները»։

Ըստ 7.12 հոդվածի՝ «ՎԶԵԲ-ի ներդրումները այլ ֆինանսական գործիքներում գնահատելիս կարող են դիտարկվել ռիսկերի գնահատման այլընտրանքային շրջանակներ, որոնք համատեղելի են Բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ՝ հաշվի առնելով նաև հաճախորդի կարողությունները նման շրջանակներ կիրառելու համար։ Միջոցների օգտագործումը կարող է ենթարկվել բնապահպանական և սոցիալական ռիսկերի մոնիթորինգի և գնահատման հաճախորդի ESMS-ի շրջանակում։ Այս համակարգը կարող է ընդունվել Բանկի կողմից, եթե այն պատշաճ կերպով համահունչ է ESR-ների նպատակներին և պահպանվում է»։

Ըստ 7.13 հոդվածի՝ «Երբ նախագիծը վերաբերում է ընդհանուր կորպորատիվ ֆինանսավորմանը, շրջանառու կապիտալին կամ բազմաբաժանմունքային ընկերության բաժնետոմսերի ֆինանսավորմանը, և միջոցների օգտագործումը ուղղված չէ կոնկրետ ֆիզիկական ակտիվների, հաճախորդը պարտավոր է համահունչ դարձնել իր կորպորատիվ ESMS-երը ESR-ներին և մշակել կորպորատիվ մակարդակում միջոցներ իր բիզնես գործունեության հետ կապված բնապահպանական և սոցիալական ռիսկերը կառավարելու համար»։

Ըստ 7.19 հոդվածի՝ «ուղղակի ներդրումների» և «ֆինանսական միջնորդների» ծրագրերի դեպքում «ՎԶԵԲ-ն կիրականացնի պատշաճ ուսումնասիրություն (due diligence) հաճախորդի և նրա պորտֆելի վերաբերյալ գնահատելու համար

  • հաճախորդի գործող բնապահպանական և սոցիալական քաղաքականությունները, ընթացակարգերը և դրանց իրականացման կարողությունները,
  • հաճախորդի առկա պորտֆելի և ապագա ծրագրերի հետ կապված բնապահպանական և սոցիալական ռիսկերն ու ազդեցությունները, և
  • ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է հաճախորդի գործող ESMS-ն ամրապնդելու համար»։

ՎԶԵԲ-ի Հայաստանի 2025-2030 թթ. երկրի ռազմավարությունը սահմանում է առաջնահերթություններ 2025-2030 թվականների համար՝ նպատակ ունենալով «աջակցելու առավել ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը» և «արագացնելու անցումը դեպի կանաչ տնտեսություն՝ աջակցելով կայուն ենթակառուցվածքներին»։ Այն պահանջում է ծրագրերի ուղղակի, անուղղակի և կուտակային ազդեցությունների գնահատում՝ ապահովելով, որ ֆինանսական միջնորդ գործընկերներն ունենան բավարար բնապահպանական և սոցիալական կարողություններ ու ռիսկերի կառավարման ընթացակարգեր։ Տեխնիկական համագործակցության միջոցով ՎԶԵԲ-ը նպատակ ունի որոնելու հնարավորություններ՝ ամրապնդելու կարողություններ պետական և մասնավոր հատվածներում, մշակելու նոր բնապահպանական և սոցիալական նախաձեռնություններ, ինչպես նաև խթանելու լավագույն փորձեր, որոնք ուղղված են ազգային և համակարգային բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը։

Չնայած վերը նշված բնապահպանական և սոցիալական քաղաքական դրույթներին ուղղված ավելի բարձր արդյունավետության ապահովմանը՝ ՎԶԵԲ-ի փաստացի գործունեությունը Հայաստանում հակասում է հայտարարված առաջնահերթություններին և հանձնառություններին։ Սա հատկապես վերաբերում է վիճահարույց հանքարդյունաբերական գործունեությանը, մասնավորապես՝ Ամուլսարի նախագծին, որը անուղղակիորեն ներգրավում է նաև Բանկին և վնասում նրա հեղինակությանը։

2025 թ. փետրվարի 27-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց 220-Ա որոշումը՝ Հայաստանի հինգ մասնավոր բանկերին («Արդշինբանկ» ՓԲԸ, «Ակբա բանկ» ՓԲԸ, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ և «Էվոկաբանկ» ՓԲԸ) ֆինանսական երաշխիքներ տրամադրելու մասին, Վայոց ձորում Ամուլսարի աղմկահարույց ոսկու հանքի նախագծի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։

Այս որոշումը վարչական դատարանում բողոքարկվեց երեք հայաստանյան հասարակական կազմակերպությունների և տասը քաղաքացիների կողմից։ Որոշման մեջ նշված բանկերից և ոչ մեկը պաշտոնապես չհամաձայնեց մասնակցել վիճահարույց նախագծին։ 2025թ. մայիսի սկզբին կառավարությունը փոփոխեց որոշման տեքստը՝ նշված բանկերի անունները փոխարինելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ով։ Վերջինս տրամադրեց 150 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Ամուլսարի նախագծի ֆինանսավորման համար, և ներկայում լեռան վրա ընթանում են ինտենսիվ շինարարական աշխատանքներ հանքի շահագործման համար տարածքը նախապատրաստելու նպատակով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա 10 % բաժնետոմսերը պատկանում են ՎԶԵԲ-ին։ Բացի այդ, 2025թ. մայիսին Լոնդոնում կայացած տարեկան ժողովում ՎԶԵԲ-ն հայտարարեց «Ամերիաբանկ»-ի հետ նոր համաձայնագրի կնքման մասին։ Սա նշանակում է, որ ՎԶԵԲ-ն ունի պատասխանատվություն «Ամերիաբանկ»-ի գործունեության բնապահպանական և սոցիալական ազդեցությունների համար իր հետներդրումային պարտավորությունների շրջանակում։

Այդուհանդերձ, 2025 թ. հուլիսի 15-ին երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես եկան կոչով՝ դիմելով ՎԶԵԲ-ին՝ մտնելու երկխոսության իր հայկական բանկային գործընկերների հետ և կիսվելու Ամուլսարի նախագծի փորձով, ներառյալ՝ նախագծից դուրս գալու պատճառներով և էական բնապահպանական ու սոցիալական ռիսկերով։ Մենք նաև հորդորեցինք ՎԶԵԲ-ին ապահովել, որ հայաստանյան բանկերին իր ֆինանսավորումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չաջակցի Ամուլսարի հանքին։ Այս քայլերը կարող էին կանխել բնապահպանական և սոցիալական աղետալի հետևանքներով ծրագրի աջակցումը, սակայն դա, ըստ երևույթին, չարվեց։

Մենք նպատակահարմար ենք գտնում հիշեցնել հանրությանը Հայաստանի կառավարության ձախողումների և Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության ապօրինի և անպատասխանատու որոշման մասին։ Այս ձախողումները հաստատվել են նաև Հայաստանի վարչական դատարանի կողմից՝ 2024 թ. դեկտեմբերի 4-ին հրապարակված որոշմամբ, ինը տարի տևած դատավարությունից հետո։ Դատարանը պարզեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացում ներգրավված պաշտոնյաները չունեին անհրաժեշտ մասնագիտական որակավորում, և, հետևաբար, չէին կարող գնահատել ՇՄԱԳ փաստաթղթերը։

Նույն հարցով առկա է նաև ընթացիկ բողոք Բեռնի կոնվենցիայում (Բողոք № 2020/04․ Հայաստան․ Ամուլսարի ոսկու հանքի նախագիծն ու դրա ազդեցությունները Էմերալդ ցանցի տարածքների վրա), և Կոնվենցիայի բյուրոն «կրկին դիմեց նոր ՇՄԱԳ իրականացնելու՝ հաշվի առնելով տարածքում առկա կենսաբազմազանության բոլոր տեսակներն ու կենսավայրերը։ Այն նաև կոչ արեց իշխանություններին կասեցնել ընդերքի շահագործման ցանկացած թույլտվություն, մինչև նոր ՇՄԱԳ-ի ավարտը»։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ խիստ ցավալի է տեսնել, որ ՎԶԵԲ-ն դեռևս անուղղակիորեն ներգրավված է այս նախագծում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով։ Նախագիծ, որը ակնհայտորեն չի անցել պատշաճ բնապահպանական և սոցիալական գնահատում, նախագիծ, որը քննադատվել է նաև Accountability Counsel-ի կողմից, և որի կապակցությամբ ՎԶԵԲ-ին կոչ է արվել ուժեղացնել իր քաղաքականությունը և դրա կիրարկումը, ինչպես նաև իր հանձնառությունը՝ ապահովելու փոխհատուցման արդարացի մեխանիզմներ, իր զարգացման մանդատի կատարում և համայնքների բարեկեցություն՝ որպես ներդրումների արդյունք։ Ներկայումս ՎԶԵԲ-ն իրականացնում է այդ առաջարկությունների ճիշտ հակառակը։

Մենք կցանկանայինք ընդգծել, որ Ամուլսարի հանքի շահագործման մեջ ՎԶԵԲ-ի շարունակական ներգրավվածությունը լրջորեն վնասում է նրա հեղինակությանը։ Մենք ակնկալում ենք, որ ՎԶԵԲ-ն` որպես «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետեր, նախաձեռնի ռիսկերի գնահատում, որը կներառի բնապահպանական, սոցիալական, ֆինանսական, իրավական և հեղինակային ռիսկեր՝ կապված Ամուլսարի հանքի ֆինանսավորման հետ, և հրապարակայնորեն ներկայացնի ու քննարկի, թե ինչպես է կարգավորում ստեղծված իրավիճակը։ Եթե «Ամերիաբանկ»-ը շարունակի ներգրավվածությունը նախագծում, մենք կոչ ենք անում, որ ՎԶԵԲ-ն դադարեցնի իր գործընկերությունը բանկի հետ և մնա հավատարիմ իր բնապահպանական և սոցիալական քաղաքականություններին ու չափանիշներին, միջազգային պարտավորություններին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։

Ստորագրություններ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ

Հայկական բնապահպանական ճակատ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

Սեպտեմբեր 12, 2025 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր